«Ուզում եմ Հայաստանի իշխանությունների վերջին ռեկորդի մասին ասել: Վերջապես հրապարակվեց արտագաղթի թիվը, եւ 6 ամսվա մեջ Հայաստանից գնացած եւ չվերադարձածների թիվը կազմեց 123 հազար: Սա ողբերգություն է: Սա ռեկորդ է Հայաստանի ընդհանրապես պատմության մեջ՝ բոլոր հետսովետական երկրների մեջ էլ՝ տոկոսային առումով: Սա արդեն արտագաղթ չէ, սա տարհանում է, սա ահաբեկում է մարդկանց՝ սեփական երկրից դուրս գալու համար: Սա փախեփախ է»,- այսօր գլխավոր դատախազության մոտ ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների հրավիրած բողոքի ակցիային հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրա մեկնաբանությամբ՝ հայ ժողովուրդն արդեն անկախ սոցիալական շերտերից, անկախ ունեցվածքից, պաշտոնից, դրվածքից, մեկնում է. «Եզդիներն էլ հրապարակեցին իրենց թվերը, որ եզդիները նույն քանակով արտագաղթում են Հայաստանից: Բոլոր ճնշումները աշխատում են Հայաստանում՝ իրավական, սոցիալական, քաղաքական: Վրաստանի սահմանով 60 հազար հայ մարդ՝ հիմնականում աղքատներ, ճամպրուկներով, դոշակներով, կահ-կարասիով քոչում են, քոչում են վերջնական: Եթե մի հույս կա, որ վերադառնում են, ապա խոպան գնացածներն են, որոնք հիմնականում գնում են ինքնաթիռով: Ինքնաթիռով 40-50 հազար մարդ է գնացել Հայաստանից: Մի մոռացեք, այդ թիվը պաշտոնական թիվն է: Թվերն իրականում ավելի շատ են: Պատկերացրեք, մի Գյումրի վերանա: 6 ամսում մի Գյումրիի չափ բնակչություն հեռացել է: Աբովյան, Չարենցավան, Հրազդան, այդ բոլորը միասին կազմում են այնքան մարդ, ինչքան Հայաստանից այս օրերին գնացել են: Եվ սա քաղաքականություն է, ամենեւին պատահական չէ: Սա այս իշխանությունների կազմակերպած, համակարգված, մտածված պրոցեսն է, որն իրականանում է Հայաստանում: Իշխանությունը շատ լավ գիտի, որ այն մարտահրավերները, որ Հայաստանի առջեւ կանգնած են, իր դեբիլությունների, իր դմբոյությունների պատճառով չի կարողանալու լուծել: Չի կարողանում լուծել ոչ սոցիալական խնդիրը, ոչ մարդկանց զբաղվածության խնդիրը, ոչ մարդկանց ապահովվածության խնդիրը, ոչ արտաքին մարտահրավերները»:
Արամ Մանուկյանը նաեւ վստահեցրեց, որ ՀՀ իշխանություններն այս պահին չգիտեն՝ Եվրոպական Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու են, թե ոչ: Ըստ նրա, ՀՀ իշխանությունները չգիտեն նաեւ, թե ինչպես են ՌԴ-ի հետ հարաբերությունները կազմավորելու. «Օրը 750 պիտանի քաղաքացի Հայաստանը լքում է: Որեւէ մեկին իշխանությունից տեսե՞լ եք, որ քայլ անի, խոսա, միջոցառում անի այս ահավոր ընթացքը կանգնեցնելու համար: Չեք տեսնի, որովհետեւ վարչապետի բերանով, նախարարների բերանով, մարզպետների բերանով ասել են, որ արտագաղթը լավ է: Ի՞նչ է եղել, որ… մարդիկ գնում են, աշխատում են: Այդ մարդկանց գնացված աշխատանքի հաշվին տարեկան 1,7 մլրդ դոլար Հայաստան է մտնում: ՀՀ իշխանություները ապրում են հենց դրա հաշվին, քանի որ չկա տնտեսություն, չկա արտադրություն, չկա վերարտադրություն: Կարեւորը, որ քաղաքացին գնում է դուրս, միտինգ չի անում, դուրս է գալիս աշխատում է, դեռ մի բան էլ փող է ուղարկում, որի 30 տոկոսը էլի լափում է էս իշխանությունը: Ի՞նչ է իրենց պետք, որ: Ստացվում է, որ մեր քաղաքացին մի դժբախտություն, որ տնից տեղից զրկվում է, երկրորդ դժբախտությունը, որ այնտեղից պահում է եւ իր այստեղի բարեկամներին եւ սրանց՝ այս ալաֆ անողներին, անհավատներին, անաստվածներին, անարժեք մարդկանց, կիսատ մարդկանց, կիսագրագետ, կիսահասկացող, քաղաքացիություն ու արժեքներ չունեցող, արժանապատվություն չունեցող»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ