Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիրում եմ իմ այն ստեղծագործությունները, որտեղ մաքսիմալ անկեղծ եմ». երիտասարդ ստեղծագործող Անուշ Պետրոսյան

Օգոստոս 02,2013 17:12

 

Դու չիմացար ես ինչ էի զգում, երբ իմը չէիր

Ու ինչ զգացի, երբ իմը դարձար…

Թո՛ղ ուսիս մնա ձեռքդ

Թո՛ղ ձեռքերումդ մնամ ես:

Ներկայությունդ ինձ դարձնում է

Բացակա իրականությունից…

Տողերի հեղինակը 20-ամյա Անուշ Պետրոսյանն է: Անուշը սկսել է ստեղծագործել 9 տարեկանից, նրա խոսքով՝ ստեղծագործելու ձիրքն է հենց օգնել մասնագիտության ընտրության հարցում: Սովորում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, արդեն հասցրել է թղթակցել որոշ թերթերի, այդ թվում՝ «Կանչ», «Ցոլքեր»,«Աղբյուր»…

Անուշի ստեղծագործությունները հասանելի են նաև նրա անհատական բլոգում, որը ստեղծվել է 2010թ.-ին. «Բլոգս բացել եմ ընկերներիս առաջարկով, ովքեր ցանկություն ունեին ընթերցելու ստեղծագործություններս և հետևելու իմ ստեղծագործական կյանքին ու նորություններին», – ասում է Անուշը: Արձագանքներ բլոգի ու ստեղծագործությունների մասին միշտ են լինում՝ երբեմն դրական, երբեմն էլ բացասական: Քննադատություններին ու բացասական կարծիքներին  Անուշը ոչ միայն նորմալ է վերաբերվում, այլև կարծում է՝ դա էլ է պետք. «Առհասարակ քննադատությունը անհրաժեշտ է, – ասում է նա, –  ոմանց հետ համաձայնվում եմ, փորձում շտկել սխալներս, ոմանց հետ էլ չեմ համաձայնվում, սակայն ոչ էլ բողոքում եմ սխալ կարծիքի համար»: Առաջին քննադատը մայրն է կամ էլ սիրելին, և հենց նրանց է նվիրված բանաստեղծությունների գերակշռող մասը:

Ցանկություններից ազատվել ցանկացողը՝

Ես եմ…

Իմ միակ ամենամեծ ցանկությունը՝

Դու ես…

Երբ լուսինեը դատարկվում է աչքերիս մեջ,

Ես նորից հիշում եմ, որ դու եղել ես երբևէ

Ու կարող ես լինել երբեմն՝

Անկախ իմ կամքից,

Անկախ նրանից, որ ես կամք ունեմ…

Սա Անուշի ամենասիրելի բանաստեղծություններից մեկն է. «Ես սիրում եմ իմ այն ստեղծագործությունները, որտեղ մաքսիմալ անկեղծ եմ, – ասում է Անուշն ու հավելում, – դա ընթերցողն էլ է զգում»: Թեև դա չի նշանակում, թե մյուս ստեղծագործություններում անկեղծ չէ, պարզապես ինչպես նա է նշում՝ մաքսիմալ անկեղծ մարդիկ հաճախ իրենք իրենց հետ նույնիսկ չեն լինում:

Անուշն արդեն հասցրել է 2011 թ.-ին տպագրել իր առաջին ժողովածուն. «Այն վերնագրված է «Ես միայն քեզ ունեմ» և պարունակում էր 60-ից ավելի ստեղծագործություններ», – նշում է նա: Երկրորդ ժողովածուի մասին Անուշը դեռ չի մտածում, կարծում է՝ վաղ է:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031