Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել Ավան վարչական շրջանում

Օգոստոս 02,2013 16:34

Ավան վարչական շրջանում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հերթական աշխատանքային շրջայցը մեկնարկել է Մյասնիկյան պողոտայի հարևանությամբ նոր ձևավորվող անտառպուրակի շինհրապարակից: Երևանի զարգացման 2013թ. ծրագրերի շրջանակում բարեկարգվում է շուրջ 2.5 հա տարածք, որը համալրելու է մայրաքաղաքի անտառպուրակների շարքը: Ծրագրին իրենց մասնակցությունն ունեն նաև մասնավոր ընկերությունները: Նոր դիզայնով ու նոր մոտեցմամբ կառուցվող հանգստի գոտին ապահովված կլինի արհեստական ջրվեժով, նստարաններով, ոռոգման համակարգով ու գիշերային լուսավորությամբ: Քաղաքապետին ներկայացվել է անտառպուրակում նախատեսվող համալիր բարեկարգման նախագիծն ու աշխատանքների ընթացքի մանրամասները: Տարոն Մարգարյանի այցելության պահին, բարեկարգմանը զուգահեռ, ընթացքի մեջ էին նաև կանաչապատման ու ծաղկային ձևավորման աշխատանքները: Պատասխանատուները հավաստիացրել են, որ ևս մի քանի տարի, և նորաստեղծ անտառպուրակը յուրօրինակ բուֆերային գոտի կդառնա մայրաքաղաքի համար: 
«Խորհրդային տարիներին Երևանը բավականին կանաչապատ, անտառային գոտիներ ունեցող քաղաք էր: Ու հիմա բոլորիս երազանքն է հասնել նրան, որ յուրաքանչյուր վարչական շրջան ունենա իր անտառպուրակը, հանգստի գոտին ու բարեկարգված տարածքները: Համոզված եմ, որ երևանցիների հետ միասին, համատեղ ուժերով մենք կարող ենք իրականություն դարձնել այդ ամենը: Քաղաքի բարեկարգման ու կանաչապատման հարցում շատ կարևոր է նաև տնտեսվարողների մասնակցությունը: Երևանի ավագանու որոշմամբ մենք հաստատել ենք պարտադիր բարեկարգման կարգը, համաձայն որի՝ տնտեսվարողները ևս պարտավոր են լինել այդ ամենի մասնակիցը, և ես կոչ եմ անում բոլոր երևանցիներին՝ միասին բարեկարգել ու կանաչապատել մեր Երևանը: Այս ոլորտում իրական արդյունքներ ապահովելու նպատակով հանձնարարված է կանաչապատման, այդ թվում նաև ծառատնկման աշխատանքներն իրականացնել բացառապես ոռոգելի տարածքներում: Ու այդպիսով, համոզված եղեք, որ մի քանի տարվա ընթացքում Երևան քաղաքի առնվազն գոնե կենտրոնական ու երկրորդական փողոցներում մենք կունենանք ոռոգման համակարգեր, ինչպես նաև քայլեր կձեռնարկենք բակային տարածքները ևս ոռոգման համակարգերով ապահովելու ուղղությամբ»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է Նարեկացի թաղամասի նորակառույց հանգստի գոտին: Այն կառուցվել է նախկինում բնակիչների կողմից ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքների տեղում: Շնորհակալություն հայտնելով հանգստի գոտու կառուցման համար՝ բնակիչները նշել են, որ մեծ ոգևորությամբ ու պատրաստակամությամբ են միացել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին ու սեփական նախաձեռնությամբ են ազատել զբաղեցրած տարածքները:
«Վերջին տարիների ընթացքում բոլոր այն վայրերում որտեղ հնարավոր է ձևավորել անտառպուրակներ, բակային տարածքներ ու այգիներ, մենք իրականացրել ու իրականացնում ենք այս աշխատանքները: Շնորհակալ եմ նաև մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր կամավոր հրաժարվեցին իրենց զբաղեցրած տարածքներից և դրանք հանձնեցին քաղաքապետարանի և վարչական շրջանների տնօրինմանը, ինչի արդյունքում էլ մենք կարողանում ենք կառուցել նոր հանգստի գոտիներ: Ի դեպ, վերջին երկու տարվա ընթացքում վարչական շրջաններում անգամ ավտոտնակներ են ապամոնտաժվում և տեղափոխվում այլ տարածքներ՝ բակերը բարեկարգելու նպատակով: Մենք այսօր բանակցում ենք նաև շատ սեփականատերերի ու վարձակալների հետ, որպեսզի բոլոր այն տարածքները, որոնք այսօր անխնամ են, վերադարձնեն քաղաքապետարանին, որպեսզի կարողանանք բարեկարգել ու գեղեցկացնել նաև նման տարածքները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Բնակիչների տնօրինմանը հանձնվող հաջորդ բարեկարգ այգին Թումանյան թաղամասում էր: Քաղաքապետը շրջել է նորակառույց այգում և բնակիչների հետ միասին գնահատել կատարված աշխատանքները: Ծրագրի շրջանակում կառուցվել են ճեմուղիներ, տեղադրվել են նստարաններ, աղբամաններ, կառուցվել է փոքրիկ շատրվանային համալիր, այգին ապահովվել է նաև գիշերային լուսավորությամբ: Բնակիչներն ընդգծել են, որ այգիների բարեկարգման ու կառուցման ծրագրերն իրապես կարևոր են իրենց համար և վստահեցրել են, որ խնամքով կպահպանեն դրանք: Երևանի քաղաքապետն իր հերթին վստահեցրել է, որ առաջիկա տարիներին կբարեկարգվեն երևանյան բոլոր բակերը. «Այս տարի մենք 7 մեծ այգի և 400 բարեկարգ բակ կհանձնենք շահագործման: Մենք մեր առջև այդ խնդիրը դրել ենք և վստահ ենք, որ առաջիկա չորս տարիների ընթացքում կբարեկարգվեն երևանյան բոլոր բակերը, այգիներն ու պուրակները»,- նշել է Երևանի քաղաքապետը:
Աշխատանքային շրջայցի ընթացքում Տարոն Մարգարյանն Ավան վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է նաև քաղաքապետարանի կազմակերպած «Ուրախ ամառ» բակային միջոցառումների շրջանակում անցկացվող ամառային ճամբարներ: Ամառային արձակուրդներին երեխաների առօրյան, ազատ ժամանակն առավել բովանդակալից դարձնելուն ուղղված ընդգրկուն ծրագիրն, ինչպես բակի բնակիչներն են նշել, իսկապես սպասված էր փոքրիկների համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031