«Մենք որևէ հրավեր չենք ստացել Նախախորհրդարանից»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք Նախախորհրդարանից երկխոսության հրավեր ստացե՞լ են, այսպես պատասխանեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ժիրայր Սէֆիլյանը 1in.am-ի հետ զրույցում հայտարարել էր, թե ինքը «Նախախորհրդարանի» անունից երկխոսության պաշտոնական հրավեր է ուղարկել բոլոր առողջ ուժերին եւ անձանց: Ն. Զոհրաբյանից հետաքրքրվեցինք` Նախախորհրդարանը կարո՞ղ է դառնալ քաղաքական ուժերի համախմբման հարթակ: Տիկին Զոհրաբյանը պատասխանեց. « Տպավորություն է ստեղծվում, որ տարբեր կառույցներ ու անհատներ այս օրերին իրենց շուրջ համախմբման փորձ են անում: Մենք որևէ նորմալ առաջարկի դեմ չենք, երբ տեսնենք հստակ օրակարգ ու խնդիրներ ցանկացած ուժի հետ, լինի քաղաքական, հասարակական, խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս, ԲՀԿ-ն միշտ էլ պատրաստ է բոլորի հետ համագործակցել` լրջագույն մարտահրավերները լուծելու համար»:
Ն. Զոհրաբյանը հարթակներում հավաքվելու, համազգային հեղափոխության կլոր սեղանների, ընդհանուր դեկլարատիվ հայտարարություններով սեփական անձի շուրջ համախմբվելու կոչեր անելու միտում է նկատում: Նա, ընդհանուր առմամբ, տեղյակ չէ Նախախորհրդարանի առաջարկներից ու գործունեությունից: Մեզ հետ զրույցում նշեց, որ հռչակագրերի մակարդակով համագործակցությունն իրենց համար ընդունելի չէ և փաստեց. «Անցել է միտինգներով, համազգային հեղափոխության կոչերով խնդիրներ լուծելու ժամանակը: Պետք են օպերատիվ քայլեր, քանի որ սոցիալական վիճակը ՀՀ-ում ծայրահեղ վատ է և վատանում է ամեն օր ու ժամ»:
ՀԱԿ-ում ևս Նախախորհրդարանից հրավեր չեն ստացել: Այս տեղեկությունը Aravot.am-ին փոխանցեց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Մեր այն հարցին` հավաստի՞ են այն լուրերը, որ պտտվում են մամուլում, թե ՀԱԿ-ում ուզում են քաղաքական նոր պլատֆորմ ստեղծել, ակտիվ հանդիպումներ են ընթանում տարբեր կուսակցությունների ղեկավարների հետ, առաջարկվում համաձայնագրեր կնքել միասնական ճակատով նոր պայքար սկսելու համար, Ա. Մուսինյանն այսպես պատասխանեց. «Եկեք այսօր այս հարցով սահմանափակվենք, աշնանը ծավալուն կանդրադառնանք բոլոր հարցերին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ