Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիկին սիրում է հուշարձաններ» համաշխարհային լուսանկարչական մրցույթը` Հայաստանում

Օգոստոս 02,2013 15:34

Հայերեն վիքիպեդիան անցել է հիսուն հազար հոդվածի սահմանը

Այսօր՝ օգոստոսի 2-ին, «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Սուսաննա Մկրտչյանը հայտնեց, որ այս գիշեր հայերեն վիքիպեդիան անցել է հիսուն հազար հոդվածի սահմանը եւ վաթսուներորդ հորիզոնականում է: 
2013 թվականի մայիսի 14-ին հիմնադրված «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության նպատակն է նպաստել տեղեկատվական հասարակության ձեւավորմանը՝ ներգրավելով հասարակության լայն շերտերին Վիքիմեդիա նախագծերի հարստացման գործում: Կազմակերպության գործունեությունը ներառում է քարոզչություն, ուսուցողական եւ խրախուսական միջոցառումներ, ինչպես նաեւ կրթական եւ մշակութային հաստատությունների եւ այլ կազմակերպությունների հետ համագործակցություն:
Ինչպես բանախոսն է հայտնում, դեռեւս մարտ ամսին հիմնադրամը ճանաչվել է որպես տարածաշրջանում Վիքիպեդիան ներկայացնող կազմակերպություն. «Երեսունութ երկրում արդեն իսկ կար նման հիմնադրամ, այժմ նաեւ նրանց է միացել Հայաստանը: Մեր խումբը կազմակերպել է տարբեր միջոցառումներ, սեմինարներ, Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, տարել քարոզչական աշխատանքներ՝ ներգրավելով ավելի շատ խմբագիրների»:
Այժմ «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպությունն ունի աջակցության կարիք, եւ որպես աջակից տեսնում են ՀԿ-ների, չնայած ընդունում են ցանկացած մարդու աջակցությունը: Սուսաննա Մկրտչյանի խոսքով՝ դիմել են Վիքիմեդիա հիմնադրամին եւ անցած տարի առաջին անգամ Վիքոկոնֆերանս են անցկացրել, որից հետո. «Նրանք տեսան մեր աշխատանքները եւ հնարավորություն տվեցին ստեղծել «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպությունը»:
Միլանում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ փոփոխություն են մտցրել Հեղինակային իրավունքի հոդվածում: «ԽՍՀՄ-ի պետություններից մենք առաջինն էինք, որ կարողացանք օրենքը փոխել Միլանում: Թուրքերը ջնջել էին տվել հայկական նկարները բոլոր նախագծերից, մեր ջանքերով կրկին վերականգնվել է: Սա մեծ հաջողություն եմ համարում, քանի որ այդքան էլ հեշտ չէր աշխատել տարբեր կազմակերպությունների հետ»,- հայտնեց կազմակերպության նախագահը:
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Վաչագան Ղռաթյանն էլ տեղեկացրեց, որ նախատեսել են երկու խոշոր միջոցառում՝ երկրորդ Վիկիկոնֆերանս, եւ «Վիկին սիրում է հուշարձաններ» համաշխարհային լուսանկարչական մրցույթ:
«Վիկիկոնֆերանսի տեսլականն է նպաստել հասարակության տեղեկատվության զարգացմանը, իսկ «Վիկին սիրում է հուշարձաններ» մրցույթը հնարավորություն կտա Հայաստանին ներկայանալ սեփական մշակույթով»,- ասաց Վաչագան Ղռաթյանը:
Մրցույթը տեւելու է սեպտեմբերի 1-31-ն ընկած ժամանակահատվածում, որից հետո հոկտեմբերին տեղի կունենա մրցանակաբաշխություն, կհայտարարվի տասը հաղթող: Մրցույթի մասնակիցները կարող են լուսանկարել նաեւ ԼՂՀ հուշարձանները:
Նկարները մասնակիցները կարող են ուղարկել www.wikilovesmonuments.am կայքին:

Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031