Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքական ուժերը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկի մասին

Օգոստոս 02,2013 14:44

Համահայկական հեղափոխության առաջարկը ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն լուրջ չեն ընդունում

Մոտ տասն օր առաջ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց համահայկական բոլոր ուժերին՝ «եւ ընդդիմադիր, եւ օրենքից դուրս գտնվող իշխանական, եւ այլընտրանքային, եւ հասարակական», միահամուռ հավաքվել եւ մինչեւ մեր երկրի 22-ամյա տարեդարձը համահայկական կլոր-սեղան կազմակերպել, քննարկել, թե ինչ եւ ինչպես է պետք անել համազգային հեղափոխություն իրականացնելու համար:

«Առավոտը» քաղաքական այդ ուժերից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանի այդ առաջարկին:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ասաց, որ նպատակահարմար չի գտնում մասնակցել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկած համահայկական կլոր-սեղանին:

«Որովհետեւ նման լուրջ հայտարարությունից առաջ նա պետք է կարողանար բանակցել քաղաքական ուժերի հետ, տեսներ՝ նրանք որքանո՞վ են այս քաղաքական իրավիճակում, այս մթնոլորտում, երբ միասնական չէ ամբողջ ընդդիմադիր դաշտը, պատրաստ համախմբման, եւ համատեղ կոնկրետ ծրագիր պետք է պատրաստվեր, որից հետո այդ հայտարարությունը կարող էի իրատեսական համարել: Իսկ հիմա ինձ համար դա հերթական հայտարարություն է, որին, կարծում եմ, շատ քիչ կամ ոչ մի քաղաքական ուժ չի արձագանքի: Երբ հայտարարում է՝ աշնանը հեղափոխություն եմ անում, դրա մեջ արդեն անլրջություն եմ տեսնում, որովհետեւ հեղափոխությունը չեն անում, հեղափոխության հասնելու համար գործընթացներ պետք է տանես, եթե այդ գործընթացները կարող են վերաճել հեղափոխական իրավիճակի՝ նաեւ ունենալով այդ նպատակը, այդ ժամանակ հեղափոխություն կարող ես անել: Բայց նախօրոք հայտարարելն անլրջություն եմ համարում»,- ասաց տիկին Սարգսյանը:

Նա, բացի անլրջությունից, նաեւ վտանգ է տեսնում Ր. Հովհաննիսյանի հայտարարության մեջ. «Չէ՞ որ երբ ամեն անգամ նման կարգի հայտարարությունից հետո չես կարողանում իրականացնել քո հայտարարությամբ հնչեցրած նպատակները, ժողովուրդը հերթական անգամ հիասթափություն է ապրում քաղաքական ուժերից եւ ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանից, այլեւ մյուսներից՝ մտածելով, որ հերթական էժան PR էր, եւ ոչ մի նման նպատակ դրված չէր: Հետեւաբար այդ հայտարարությունը ոչ միայն ինձ համար անընդունելի է, այլեւ վտանգավոր բոլոր քաղաքական ուժերի համար՝ ժողովրդի վստահությունը կորցնելու առումով: Կարծում եմ, որ նման լուրջ գործընթացների մասին խոսելուց առաջ լրջագույն նախապատրաստական աշխատանքներ են հարկավոր, համախմբում, ծրագիր, որի շուրջ քննարկումներ կլինեն, որից հետո կարելի էր նստել կլոր սեղանի շուրջ եւ դետալների շուրջ պայմանավորվել: Հատկապես նախագահական ընտրություններից հետո հետընտրական գործընթացները ձախողած քաղաքական գործիչը հերթական անգամ նման չհաշվարկած հայտարարություն անելով՝ իրեն դատապարտում է»:

Նրա կարծիքով՝ աշնանը Րաֆֆի Հովհաննիսյանի ասած՝ «համազգային հեղափոխության» ժամանակ ժողովուրդը հերթական հիասթափությունն է ապրելու. «Դեռ պետք է վաստակել այդ վստահությունը: Պայմանավորվել ժողովրդի եւ քաղաքական ուժերի հետ, հետո նոր հայտարարություն անել… հայտարարելուց հետո պետք է կարողանաս դա իրականացնել: Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից իրականացման մեխանիզմը չեմ տեսնում, ինչպես եւ ոչ մեկը ընտրական գործընթացում չտեսավ մի ծրագիր, որով առաջ էր շարժվում եւ պատրաստ էր իշխանություններին պարտադրել ժողովրդի կամքը»:

Մեր հարցին՝ իսկ քաղաքական ուժերը պատրա՞ստ են այսօր համախմբվելու, մի սեղանի շուրջ քննարկելու երկրի առջեւ ծառացած խնդիրները եւ լուծումներ գտնելու, տիկին Սարգսյանն ասաց. «Ես կարծում եմ, որ աշնանն է լինելու այդ նախապատրաստական գործընթացը, եւ այսօր քաղաքական դաշտը ինչ-որ տեղ պասիվացել է, որովհետեւ արձակուրդային շրջան է, իսկ աշնան սկզբում կսկսվեն բանակցություններ, կլինեն տարբեր հանդիպումներ, որի արդյունքում հնարավոր է ձեւավորվի միասնական օրակարգ, իսկ այդ օրակարգով կարելի է նստել կլոր սեղանի շուրջ եւ քննարկել դետալները: Որովհետեւ երկիրը, իրոք, կործանման եզրին է, ժողովուրդը՝ հուսահատ եւ հուսախաբ: Օր օրի արտագաղթը սահմռկեցուցիչ է դառնում: Հետեւաբար մենք պետք է կարողանանք դիմակայել այդ մարտահրավերին»:

Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունն անհասկանալի է նաեւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի համար:

«Հեղափոխության կլոր սեղան ասածը չեմ հասկանում: Եթե պարոն Հովհաննիսյանը հարկ համարի շատ ավելի հստակ բացատրել, թե դա ինչ է ենթադրում, այդ ժամանակ իմաստ ունի ինչ-որ հարց քննարկել: Անցել է ամպագոռգոռ ձեւակերպումներով մտքեր հայտնելու ժամանակը: Երկիրը կանգնած է ներքին եւ արտաքին լուրջ մարտահրավերների առջեւ: Օր առաջ անհրաժեշտ են կոնկրետ քայլեր, եւ ինչքան էլ փորձենք գեղեցիկ, վսեմաշուք ձեւակերպումներ տալ՝ համազգային հեղափոխությունների կլոր սեղաններ, ազգափրկության կոնֆերանսներ, սեմինարներ, դրանցից ոչ մեկը ոչինչ չի շահի: Եթե «Ժառանգությունը» ներկայացնի կոնկրետ, հստակ քաղաքական օրակարգ, թե երկրի առջեւ ծառացած այս կամ այն խնդիրների լուծման ինչ տարբերակներ է տեսնում, առաջարկում, պատրաստ ենք քննարկել ցանկացած քաղաքական ուժի հետ: Իսկ համազգային հեղափոխության կլոր սեղանն ինձ համար անձամբ հասկանալի չէ, եւ, բնականաբար, չեմ կարծում, որ ԲՀԿ-ն պատրաստվում է նման վերամբարձ ձեւակերպումներով, բայց ոչինչ չասող եւ իր մեջ ոչինչ չպարունակող հարց քննարկել: Այսպիսի դեկլարատիվ հայտարարություններն ու կոչերը մեզ համար չեն, մենք ոչ թե խոսքի, այլ գործի կուսակցություն ենք»,- ասաց տիկին Զոհրաբյանը:

Նա նաեւ ճշգրտեց՝ կհամախմբվեն երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու շուրջ, բայց՝ ոչ Րաֆֆի Հովհաննիսյանի. «Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ, իհարկե՝ ոչ: Ինչի՞ մասին է խոսքը»:

ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Սա Չեբուրաշկայի հերթական մուտիլովկան է…

  2. Ettentcchi says:

    Պետք է պայմանավորվել մեկ հարցի շուրջ, որ քաղաքական ուժերն են համաձայն, որ այս իշխանությունները պետք է հեռանան, այլ պայմանավորվածություններ, նկատի ունեմ թե ով ինչ պոստեր է զբաղեցնելու իշխանափոխությունից հետո չպետք է քննարկել, դա է միակ խնդիրը որ ընդիմադիրները չեն համախմբվում իշխանափոխությունը կատարելու համար: Իշխանությունների հեռանալուց հետո պետք է կարողանալ ապահովել ազատ և արդար ընտրությունների անցկացումը հետևյալ սկզբունքով, որ իմ համակրած թեկնացուից ավելի լավն է ժողովրդի քվեով ընտրված թեկնածուն ու ամեն ինչ անել որպեսզի ընտրությունները կայանան և ընտրվեն բացարձակապես ժողովրդի քվեով: Դա պետք է կազմակերպել այնպես, որ ոչ մեկի մոտ անգամ փոքր կասկացներ չմնա, որ ընտրությունները անցել են ժողովրդավարական սկզբունքներին համաձայն և ժողովուրդն է կայացրել այդ ընտրությունը: Իսկ այդպիսի ընտրություններ կարելի է անցկացնել մեր գործող սահմանադրությամբ և ընտրական օրենսգրքով: Կարելի է մի քանի փոփոխություններ կատարել և ընտրական օրենսգիրքը կստեղծի բավարար պայմաններ, որը կապահովի ընտրված թեկնածուի ընտրվելու արժանահավատությունը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031