ԵՄ-ի նկատմամբ հայաստանցիների վստահությունը ավելի բարձր է, քան Արեւելյան գործընկերության այլ երկրներում
Հայաստան-ԵՄ համագործակցության առումով վերջին շաբաթը հարուստ էր նշանակալի իրադարձություններով, որոնք արժանի են ամփոփման: Արեւելյան գործընկերության ԵՄ արտաքին հարաբերությունների ծրագրի մեկնարկից 4 տարի անց նոյեմբերի 28-29-ին նախատեսվում է, որ Վիլնյուսում Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը կնախաստորագրեն, իսկ Ուկրաինան կստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտի (ԽՀԱԱԳ) ստեղծելու մասին համաձայնագրերը:
Օրերս Եվրոպական միության ԱԳ նախարարների խորհրդի նիստի ավարտին Բրյուսելում ընդունվեց ամփոփիչ փաստաթուղթ, որում անդրադարձ եղավ Արեւելյան գործընկերությանը: Նախարարական եզրակացության մեջ, մասնավորապես, նշվեց, որ Խորհրդի նիստում քննարկվել են վիլնյուսյան գագաթնաժողովին առնչվող հարցեր: Բրյուսելում տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը՝ արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի նախագահությամբ: Հանձնակատարի մամլո խոսնակը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ քննարկումների ընթացքում նախարարները հիմնականում կենտրոնացել են այս տարվա՝ Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների վրա: Էշթոնը շեշտել է, որ ԵՄ-ն ցանկանում է տեսնել գագաթնաժողովի հաջողությունը, սակայն դա մեծ մասամբ կախված է գործընկեր երկրներից: «Մինչ այս պահն արդեն իսկ կարեւոր առաջընթաց է գրանցվել: Էշթոնն ընդգծել է, որ պետք է շարունակել ջանքեր գործադրել առաջիկա գագաթնաժողովը ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերների հարաբերություններում կարեւորագույն հանգրվան դարձնելու համար: Նա նաեւ շեշտել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիլնյուսյան գագաթնաժողովին մնացել են հաշված շաբաթներ, այն պետք է դառնա հետադարձի գագաթնաժողով, ինչպես քաղաքական ասոցացման, այնպես էլ տնտեսական ինտեգրման իմաստով»,- ամփոփվում էր ԵՄ հանձնակատարի հայտարարությունում:
Հուլիսի 25-ին Էշթոնը եւ հարեւանության ու ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն համատեղ հայտարարությամբ ողջունեցին ԵՄ-Հայաստան բանակցային գործընթացի բարեհաջող ավարտը։ «Մենք ուրախ ենք հաստատել Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի բովանդակային մասի, ներառյալ ԽՀԱԱԳ-ի շուրջ բանակցությունների ավարտը: Սա շատ դրական զարգացում է, եւ մենք անհամբեր սպասում ենք այս Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը նոյեմբերի 29-ին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին եւ հետագայում վերջնական ստորագրմանը, երբ բոլոր տեխնիկական ընթացակարգային հարցերը լուծված կլինեն»,- ասվում էր հայտարարության մեջ: Նրանք շեշտել էին, որ Ասոցացման համաձայնագիրը թույլ կտա ԵՄ-ին եւ Հայաստանին միասին առաջ ընթանալ համապարփակ մոդեռնիզացման եւ բարեփոխումների ուղղությամբ՝ կիսելով ընդհանուր արժեքներ, քաղաքական ասոցացում եւ տնտեսական ինտեգրացիա. «Համաձայնագիրը ուղղակիորեն իր դրական ազդեցությունը կունենա ամենօրյա կյանքի վրա` ավելի մոտեցնելով Հայաստանն ու հայաստանցիներին ԵՄ-ին: Թույլ տվեք հայտնել մեր բարձր գնահատականը երկու կողմի բանակցողներին, ովքեր հասան այս գերազանց արդյունքին»։
Կարդացեք նաև
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Արեւելյան գործընկերության տարածքների զարգացման ծրագրով եվրոպական հանձնաժողովը անդամ երկրներին է հատկացրել 22 միլիոն եվրո՝ կայուն զարգացման, բնապահպանության եւ կառավարելի սպառման համար: ԵՀ տարածած հաղորդագրության համաձայն՝ կիրականացվի, մասնավորապես, անտառների պահպանություն, գյուղատնտեսության եւ բնապահպանության ճիշտ հավասարակշռություն: Իսկ հուլիսի 31-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի եւ տեղեկատվության բաժնի հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ ԵՄ-ն Հայաստանին լրացուցիչ 7 մլն եվրո է փոխանցել՝ մասնագիտական կրթության եւ ուսուցման, ինչպես նաեւ Հայաստանում երեխաների պաշտպանության օժանդակության նպատակով: ԵՄ-ն փոխանցել է 5 մլն եվրո՝ որպես Հայաստանում մասնագիտական կրթության եւ ուսուցման ծրագրի (ՄԿՈՒ) ֆինանսավորման վերջին բաժին, ինչպես նաեւ 2 մլն հաստատուն տրանշ՝ ԵՄ Պարենային ապահովման ծրագրի ներքո Երեխաների խնամքի բարեփոխումների ֆինանսավորման նպատակով: Երկու ֆինանսական տրանշները իրականացվում են 2009-2010թթ. համաձայնեցված համապատասխան բյուջետային օժանդակության գործառույթի շրջանակներում: ՄԿՈՒ ծրագրով Հայաստանին տրամադրվում է 15 մլն եվրո ֆինանսավորում: Ծրագիրը միտված է ՄԿՈՒ համակարգի բարեփոխմանը, զբաղվածության հայեցակարգերի մշակմանը, ՄԿՈՒ ծրագրի իրականացման համար բարեկարգ պայմանների ապահովմանն ու արդյունավետության բարձրացմանը՝ զբաղվածությանն ուղղված միջոցառումների կատարելագործման նպատակով:
Ուշագրավ է, որ ԵՄ-ն դեռ մինչ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը արդեն իսկ տարբեր ոլորտներում ֆինանսական աջակցություն է ցուցաբերում մարզերին: ԵՄ տարածաշրջանային համագործակցության ծրագրի շրջանակներում շփման նոր հնարավորություններ են ընձեռվելու Հայաստանի երեք` Լոռի, Տավուշ, Շիրակ, եւ Վրաստանի երկու` Ջավախք-Սամցխե եւ Քվեմո-Քարթլի մարզերի միջեւ: ԵՄ Արեւելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության ծրագրերի շրջանակներում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ իրականացվելիք միջսահմանային համագործակցության նոր ծրագրերը միտված են լինելու խթանելու շփումները երկու երկրների պետական եւ ոչ պետական մարմինների միջեւ, ինչը հնարավորություն կտա զարգացնելու գյուղատնտեսության, տուրիզմի, բնապահպանական ոլորտի խնդիրները:
Մեկ հատկանշական փաստ եւս. պարզվում է՝ մեր հասարակությունում ԵՄ-ի նկատմամբ վստահությունը ավելի բարձր է, քան Արեւելյան գործընկերության այլ երկրներում: ՀՀ բնակչության կարծիքով՝ ԵՄ-ն Հայաստանի համար կարեւոր գործընկեր է. մի քանի օր առաջ այս մասին նշվել էր ԵՄ Արեւելյան Գործընկերության Տեղեկատվական Կենտրոնի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում։ ՀՀ բնակչության 86 տոկոսը համաձայն է այն սահմանման հետ, որ ԵՄ-ն Հայաստանի համար կարեւոր գործընկեր է։ Այդ տոկոսով Հայաստանը ԵՄ Արեւելյան Գործընկերության պետությունների թվում առաջին տեղում է։ Երկրորդ տեղում Վրաստանն է՝ 71 տոկոսով, ապա Մոլդովան՝ 67, Ուկրաինան՝ 60, Բելառուսը՝ 39 եւ Ադրբեջանը՝ 37։
Հարցին, թե կուզե՞ք արդյոք ձեր երկիրը ընդլայնի ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցության ծավալները, առաջին տեղում Վրաստանն է՝ 92 տոկոսով, այնուհետեւ Հայաստանը՝ 85 տոկոսով, իսկ վերջին տեղում Ադրբեջանն է՝ 48 տոկոսով։ Իսկ հարցին՝ կցանկանա՞ք արդյոք ընդլայնել առեւտրի ծավալները ԵՄ պետությունների հետ, առաջին տեղը Հայաստանն ու Վրաստանը կիսում են՝ 87 տոկոսով։ Եվ հարցին՝ վստահո՞ւմ եք արդյոք ԵՄ-ին, առաջին տեղում է Վրաստանը՝ 71 տոկոսով, երկրորդում՝ Հայաստանը՝ 68 տոկոսով։
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ