Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայցով եղել է Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկային հատվածի հարակից տարածքում կառուցված հանգստի գոտում: Քաղաքապետը պարբերաբար անձամբ շրջում և հետևում է կանաչ գոտիների ընդլայնման ու խնամքի աշխատանքներին:
Մայրաքաղաքում կանաչ գոտիների ընդլայնմանն ուղղված ծրագրերի շրջանակում 2012 թվականին մեկնարկած աշխատանքների արդյունքում վարչական շրջաններում ստեղծվեցին նոր այգիներ և պուրակներ, վերակառուցվեցին երկար տարիներ անուշադրության մատնված հանգստի մի շարք տարածքներ, ինչպես նաև քայլեր ձեռնարկվեցին անտառպուրակների վերականգնման ուղղությամբ: Այս տարվա ծրագրերով ևս աշխատանքները ընդգրկում են բոլոր վարչական շրջանները: Այդ աշխատանքներին զուգահեռ հատուկ ուշադրություն է դարձվում արդեն իսկ ձևավորված կանաչ տարածքների պահպանմանն ու մշտական խնամքին:
Շրջայցի ընթացքում քաղաքապետը համոզվել է, որ այգու տարածքի ոռոգման, կանաչապատման և ծաղկապատման ուղղությամբ ամենօրյա հետևողական աշխատանքն է տարվում: Այստեղ իրենց հանգիստը վայելող բնակիչները, զրուցելով քաղաքապետի հետ շնորհակալություն են հայտնել տասնամյակներ սպասված ծրագիրը կյանքի կոչելու և տարածքը մշտապես բարեկարգ պահելու համար: Նրանք նաև հավաստիացրել են, որ իրենց հերթին խնամքով են վերաբերվում և անում են ամեն ինչ, որ տարածքը երկար ծառայի աջափնյակցիներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն