Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի համայնքներում աշխատավարձի պարտքն աճել է 9 տոկոսով

Օգոստոս 02,2013 14:21
snank

Արմավիրի մարզպետը պաշտոնավարում է, որ ի՞նչ անի

Եթե 2012 թվականին Հայաստանի համայնքներում աշխատավարձի պարտքը 92,929 միլիոն դրամ էր, ապա այս տարվա հուլիսի 15-ի դրությամբ՝ արդեն 102,402 միլիոն դրամ: Աճը՝ 9,2 տոկոս:

Տարեսկզբին աշխատավարձի պարտք չունեին Արարատի, Կոտայքի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի, Սյունիքի համայնքները: Վեց ամիս անց էլ չունեն: Մնացած չորս մարզում պարտքեր կային եւ կան, անգամ ավելացել են:

Արագածոտնում տարեսկզբին կար 7,248 միլիոն դրամ աշխատավարձի պարտք: Հիմա՝ 4,189 միլիոն դրամ: Գեղարքունիքում 2013 թվականի հունվարի մեկին կար 60,154 միլիոն դրամ, հուլիսի 15-ին՝ 85,502 միլիոն դրամ աշխատավարձի պարտք: Շիրակը 2012 թվականը փակել է 21,314 միլիոն դրամ պարտքով, հիմա ունի 693 հազար դրամ պարտք: Արմավիրը, ինչպես կարկտահարության ժամանակ, ամենից տուժածն է: Տարեսկզբին մարզի համայնքներն ունեին 4,213 միլիոն դրամ աշխատավարձի պարտք, հիմա ունեն երեք անգամ ավելի՝ 12,019 միլիոն դրամ պարտք: Պարտքի նման մեծ աճ չի արձանագրվել ոչ մի մարզում:

Երբ մայիսին տեղացած ուժեղ կարկուտը 50-100 տոկոսով վերացրեց Արմավիրի մարզի բազմաթիվ համայնքների բնակիչների այգիների բերքը, ու գյուղացիները տեսան, որ մարզպետարանից օգնություն չկա, ճարահատ փակեցին Երեւան-Արմավիր մայրուղին: Վիճակն այնքան թեժացավ ու շիկացավ, որ դեպքի վայր եկան ոստիկանական ուժեր: Տուժած գյուղացիներին հանդիպելու համար նույն վայր ժամանեցին գյուղնախարարը, տարածքային կառավարման նախարար-փոխվարչապետը, օրեր անց՝ վարչապետը: Արմավիրի մարզպետը նրանց ուղեկցում էր եւ միայն: Այս այցերից հետո տարատեսակ ընկերություններ եւ պետական հաստատություններ սկսեցին օգնել գյուղացիներին: Արմավիրի մարզպետարանը չի օգնել: Ավելին՝ լուրեր եղան, թե կարկուտից տուժած գյուղացիներին մարզպետն ասել է՝ «նախագահի ընտրությունում դուք ինձ ի՞նչ տվեցիք, որ հիմա ես ձեզ տամ»: ՀՀ նախագահի ընտրությունում Արմավիրի հանրապետական մարզպետի կուսակից Սերժ Սարգսյանը պարտվել է երեք քաղաքից երկուսում:

2009 թվականին ՀՀ կառավարությունը հաստատել է մարզպետների աշխատանքի գնահատման չափորոշիչները. 13 հիմնական, 9 լրացուցիչ: Չափորոշիչներից մեկն էլ պարտքերի բացակայությունն է: Հիմա եթե Արմավիրը պարտքեր է կուտակում, եթե կարկուտի դեպքում գյուղացուն լսում են Երեւանից եկած պաշտոնյաներ, ապա Սերժ Սարգսյանի բառապաշարով կարելի է, չէ՞, հարցնել՝ Արմավիրի մարզպետը պաշտոնավարում է, որ ի՞նչ անի:

ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. Վիճակագրական բոլոր տվյալները տրամադրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031