Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը փորձարկում է հասարակության ընդվզման աստիճանը

Օգոստոս 02,2013 14:17

Վերջին շրջանի իրադարձությունները՝ տրանսպորտի թանկացման դեմ կամ, ինչպես ասում են՝  50 դրամի բողոքի ակցիան, կարելի է ասել, իշխանությունների փորձարկումն է: Համենայնդեպս, իշխող կուսակցության ներկայացուցիչները մի տեսակ հեգնանքով են վերաբերվում բողոքի այս ալիքին եւ բացահայտ հայտարարում՝ եթե ցանկանան, մեկ գիշերում այն կարող են մարել: Հնարավոր է եւ մարեին, եթե ընդվզումը լիներ ավելի լուրջ, ասենք՝ իշխանափոխության համար: Բայց իշխանությունը առայժմ համբերություն է դրսեւորում, գուցե այն պատճառով, որ հասարակության պահանջն էլ շատ մի մեծ բան չէ: Բողոքի ալիքի շնորհիվ քաղաքապետը որոշեց միառժամանակ տրանսպորտի ուղեվարձն անփոփոխ թողնել, իսկ ակցիան շարունակվում է մեկ այլ պահանջով՝ պաշտոնանկ անել տրանսպորտի վարչության պետին եւ «Երեւան-տրանս» ընկերության ղեկավարին՝ պաշտոնյային ոչ վայել վարք դրսեւորելու, հայհոյելու համար:   

«Առավոտի» հետ զրույցում մտավորական Գագիկ Գինոսյանն այս բողոքի ակցիաները համարում է պայքար ընդհանրապես հայ քաղաքացու իրավունքների համար, որոնք նախաձեռնեցին երիտասարդները. «Բայց չեմ կարծում՝ այդքան հեշտ կլիներ հաջողության հասնել, եթե լուրջ խնդրի պայքար լիներ: Ավելի հավանական է, որ իշխանությունները փորձում են զիջել փոքր հարցերում, որպեսզի ավելի մեծ հարցերի ու ավելի գլոբալ ընդհարումների տեղիք չտան: Գուցե նաեւ ժողովրդի տրամադրությունը փորձելու ցանկություն կա՝ որքանո՞վ է ժողովուրդը պատրաստ ընդվզելու, միգուցե ավելի լուրջ փոփոխություններ, ոչ լավ իմաստով, պատրաստվող լուրջ փոփոխություններ կան, որը ուղղակի փորձարկվեց տրանսպորտի գնի թանկացման հետ: Փորձարկեցին, դրանով փորձեցին կողմնորոշվել՝ տեսնել, թե ժողովուրդն ինչ արձագանք կտա այդ ամենին, ոտքի կկանգնի՞ ավելի ուրիշ, լուրջ փոփոխությունների, ճնշումների կամ տնտեսական, գաղափարական, քաղաքական խնդիրների համար: Այլապես չեմ կարծում եմ, թե այդքան հեշտ կզիջեին այդ հարցում: Բոլորովին չեմ ուզում նսեմացնել երիտասարդների դերն ու բոլոր նրանց, ովքեր ակցիային մասնակից են այս պայքարում, եւ, այնուամենայնիվ, իշխանությունները խորամանկ քայլի գնացին, այլապես հենց այնպես, այսպես թեթեւ չէին զիջի ու որոշումներ չէին փոխի: Սա ընդամենը ազդակ էր»:

Պարոն Գինոսյանը ժամանակին եւս եղել է այն ակտիվ պայքարող երիտասարդներից, որոնք ընդվզել են իշխանությունների դեմ, իհարկե՝ այդ, այս եւ այն պայքարները տարբեր են եղել: Վերջին տարիների՝ մեր նոր սերնդի վերաբերյալ թերահավատորեն արտահայտվող կարծիքների վերաբերյալ էլ պարոն Գինոսյանն ասաց, որ երիտասարդությունից բողոքողը նախեւառաջ ինքն իրենից պիտի բողոքի, որովհետեւ այդ երիտասարդությունը դաստիարակվել է այնպիսին, ինչպիսին դաստիարակել է մեծ սերունդը. «Ես կարծում եմ՝ բոլոր սերունդների մեջ կան մարդիկ, կա սերուցք, որը կարող է տեր կանգնել, ոտքի կանգնել, այստեղ մտավորականության ուղղորդող խթանը պետք է կարեւորել. որքանով մտավորականությունը կկարողանա ճիշտ կողմնորոշել երիտասարդներին, այնքանով երիտասարդությունը կլինի կայուն եւ մարտունակ»:

Արցախյան պատերազմի մասնակից, «Արծիվ» մահապարտների ջոկատի հրահանգիչների X դասակի անդամ Գագիկ Գինոսյանը, զուգահեռներ տանելով ներկայիս եւ նախորդ սերունդների պայքարների մեջ, մի դիտարկում արեց. «Ինձ այլ բան է հուզում. 20-30 տարի առաջ, երբ մենք ուսանող էինք եւ նույնպես ընդվզում էինք, ըմբոստացել էինք, 2 տարբերություն կար. առաջինը՝ հօգուտ մեր սերնդի, մյուսը՝ հօգուտ ներկայիս սերնդի: Ներկայիս սերնդի առավելությունն է այն է, որ ինքն ավելի անկաշկանդ է, դաստիարակվում, աճում եւ մեծանում է այն ժամանակահատվածում, երբ ազատություն է տիրում, գուցե նաեւ ամենաթողություն: Այսինքն՝ այն կապանքները, կաշկանդումները, ինչ ուներ մեր սերունդը, սովետական կաղապարված մտածելակերպով մեր սերունդն ավելի տկար էր, որովհետեւ բոլորին դաստիարակում էին նույն կաղապարով, մտածելակերպը բոլորի նույն չափի մեջ էր, եւ ավելի դժվար էր այդ մասսայից ըմբոստ տեսակ ստանալ, բայց կա նաեւ մեդալի մյուս կողմը: Մեր սերունդն ազգային-ազատագրական, ազգային գաղափարախոսության կողմնակիցն էր, պայքարողը անկախության համար, իսկ հիմա ավելի սոցիալական հարցերով են ընդվզում, եւ երիտասարդության մեջ շատ քիչ տոկոս են կազմում այն մարդիկ, որոնք ընդվզում են գաղափարական հարցերի ու ազգային խնդիրների շուրջ: Հիմնականում բնապահպանություն, սոցիալական հարցեր, որը բնոորշ չէր մեր սերնդին: Մեր ժամանակների պայքարի հիմքում Հայաստանի անկախացումն էր: Հիմա անկախություն ձեռք բերված երկրում անկախության հարցը լուծված է, բայց այդ խարխուլ անկախությունը իրական անկախություն դարձնելու համար երիտասարդության փոքր մասն է այդ մասին մտածում: Ես կուզենայի երիտասարդության մեջ այդ տեսակը գերակշռեր»:

Բացի տրանսպորտի ուղեվարձի գնի վերանայումից՝ երիտասարդների ինքնաբուխ ակցիան ի՞նչ տվեց՝ մեր այս հարցին պարոն Գինոսյանն ասաց, որ քաղաքացիական հասարակության ձեւավորման համար այդ պայքարը շատ կարեւոր է, կարեւոր է նաեւ, որ կա այդ տոկուն ուժը, բայց դրան գաղափարական հենք տվող մտավորականության պահանջարկ է առաջանում. «Եթե մենք կարող ենք ճիշտ կողմնորոշվել, ապա պետք է ճիշտ ճանապարհով տանենք, ոչ թե պարտադրենք: Ազգային հենք տալու խնդիր կա, բոլոր ընդվզումներին ազգային գաղափարական հենք եթե տանք, ավելի լուրջ ազգային, քաղաքացիական հասարակություն կունենանք»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031