Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում բանտային պայմանները ոչ բավարար են

Օգոստոս 02,2013 14:09

ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը կարծում է, որ քրեակատարողական հիմնարկների՝ ամենապրոբլեմատիկ դաշտ լինելու օբյեկտիվ պատճառներից մեկը բանտային ոչ բավարար պայմաններն են:

Չնայած նրան, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրների լուծմանն ուղղված՝  ամեն տարի   ՀՀ պետական բյուջեով միջոցներ են հատկացվում, այնուամենայնիվ, բավականին մեծ բյուջետային միջոցներ են անհրաժեշտ դրանց վերջնական լուծում տալու համար:

Այդ մասին օրերս «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հ/կ-ի եւ Լոռու հակակոռուպցիոն կենտրոնի «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Նոտարական, ՔԿԱԳ մարմինների, ԴԱՀԿ ծառայության, քրեակատարողական ծառայության եւ պետական ռեգիստրի գործունեության ոլորտներում առկա խնդիրներն ու իրականացվող բարեփոխումները» խորագրով  միջոցառման ժամանակ նշեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը:

«Քրեակատարողական հիմնարկները թերեւս ամենապրոբլեմատիկ դաշտն են, որտեղ մենք աշխատում ենք: Դա պայմանավորված է մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պայմաններով: Oբյեկտիվ պայմանները բանտային ոչ բավարար պայմաններն են, այս խնդիրների մի մասը շատ դժվար լուծելի է, որովհետեւ բավականին մեծ բյուջետային միջոցների մասին է խոսքը, չնայած համապատասխան բյուջեն տարեցտարի տրամադրվում է եւ իրացվում»,- ասաց փոխնախարարը՝ նկատելով, սակայն, որ այս ոլորտը եւս բարեփոխումների ճանապարհին է:

Նրա փոխանցմամբ, արդեն այս տարվա վերջից գործարկման կդրվի Արմավիրի քրեակատարողական հիմնարկի 400 հոգու համար նախատեսված առաջին մասնաճյուղը: Արդյունքում միայն շենքային պայմանների բարելավում չի սպասվում: Միտում կա զորանոցային տիպի մոդելներից անցում կատարել խցային տիպի:

«Միայն շենքի բարելավում չի նախատեսվում. մենախցերի կիրառությունը հնարավորություն կտա զորանոցային տիպի մոդելից անցում կատարել խցային տիպի, ինչը հնարավորություն  է տալիս աշխատանք տանել ՔԿՀ-ում գտնվող մարդկանց հետ, քանի որ եթե այնտեղ 20 հոգի են նստած, հոգեբանը մի հոգու հետ որքան էլ աշխատի, 19 հոգին շատ արագ այդ աշխատանքի արդյունքները վերացնում են, իսկ տվյալ դեպքում բավականին ինտենսիվ հնարավորություն կլինի սոցիալ-հոգեբանական աշխատանք իրականացնելու»,- նշեց փոխնախարարը:

Խոսելով քրեակատարողական ծառայության ոլորտում կատարվելիք փոփոխությունների մասին՝ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը հատկապես առանձնացրեց համակարգում պրովացիոն ծառայության ստեղծման անհրաժեշտությունը:

«Ամենամեծ փոփոխությունը այս համակարգում պրովացիոն ծառայության ստեղծումն է, ինչի վրա հիմա աշխատում ենք: Սրանով  հնարավորություն կտրվի զգալիորեն նվազեցնել ազատազրկմամբ տեւող պատիժները, կամ մենք այսօր ունենք որոշակի արարքներ, որոնք միգուցե այնքան ծանր չեն, որպեսզի ազատազրկվեն, բայց նաեւ այնքան թեթեւ չեն, որ տուգանքները նույնպես բավարար լինեն, պրովացիան հնարավորություն կտա այդ բացը լցնել ինչ-որ պատիժներով, եւ թույլ կտրվի այդ անձանց կրել իրենց պատիժը»,- եզրափակեց ՀՀ արդարադատության փոխնախարարը՝ ամփոփելով խոսքը քրեակատարողական ծառայության ոլորտում առկա խնդիրների ու իրականացվող բարեփոխումների մասին:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031