Ըստ ՀԳՄ անդամ Արքմենիկ Նիկողոսյանի, գրողների միությունը այլեւս դոմինանտ կառույց չէ
Հայաստանի գրողների միության վերջերս կայացած 16-րդ արտահերթ համագումարում «բաց» քվեարկությամբ շուրջ 400 գրող միության նախագահ վերընտրեց Լեւոն Անանյանին: Այս առիթով «Առավոտի» հետ զրույցում գրականագետ Աբգար Ափինյանը սարկազմով ասել էր, թե՝ համագումարով վերջ դրվեց Հայաստանի գրողների միություն ՀԿ-ին ու նոր կառույց ստեղծվեց՝ «Լեւոն Անանյան» ՍՊԸ:
ՀԳՄ անդամ, գրականագետ, «Անտարես» մեդիա հոլդինգի գլխավոր խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Արքմենիկ Նիկողոսյանին խնդրեցինք գնահատել՝ նորմա՞լ է, երբ հիացական բացականչությունների ներքո նախագահ է վերընտրվում, այն էլ միաձայն, ու որեւէ գրող կառուցողական առողջ քննադատությամբ կամ կարծիքով հանդես չի գալիս:
«Նորմալ է, թե ոչ, նայած որ կողմից ես նայում: Այն տեսանկյունից, թե ինչ մեծ աշխատանք է տարել Լեւոն Անանյանը, ինչքան կարողացավ հատկապես մարզերի մասնաճյուղերում գրողներ ընդունել միության շարքերը, դա նորմալ է: Մյուս կողմից՝ աննորմալ է, որովհետեւ սովորաբար գրողները լինում են շատ հավակնոտ, եւ կարծես թե այնպես պետք է լիներ, որ չպետք է հանդուրժեին նման միանձնյա վիճակը: Ի դեպ, համգումարին գրողների մի ահագին մաս չի մասնակցել»,- «Առավոտին» ասաց Արքմենիկ Նիկողոսյանը:
Կարդացեք նաև
Հարցին՝ արդյոք դա բոյկո՞տ էր, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Չէի ասի, թե բոյկոտ էր, պարզապես այսօր այնպես է ստացվել, որ գրողների միությունը այլեւս դոմինանտ կառույց չէ մեր գրական դաշտում, չնայած ծավալում է լավ գործունեություն՝ գրախանութ են բացել, գրքեր են տպագրվում, շարժում կա, «Գրական թերթի» կայքն է բացվել, ինչի շնորհիվ գրողների գործերն ավելի շատ են շրջանառվում ինտերնետում: Լավ է, որ այսօր գրողների միությանը զուգահեռ կան նաեւ մինի կառույցներ, որոնք շնորհանդեսներ են կազմակերպում, գրքեր տպագրում, քննարկումներ կատարում, գրական կյանքը աշխուժացնում: Այսինքն ամեն մեկը մի գործով զբաղվում է: Ոմանց համար գրողների միությունը համարվում է մի տեսակ ավելի չինովնիկական, եւ շատերը գերադասում են չմտնել այդ տեսակ հարաբերությունների ու գործունեության մեջ ու, ըստ ամենայնի, լուռ չեն մասնակցում: Եվ փաստորեն դաշտը մնում է այն մարդկանց, ովքեր ավելի շատ են կապված գրողների միության հետ: Մեծ հաշվով, ինձ էլ դուր չեկավ, որ նման բրավոների, ծափողջույնների մեջ անցավ համագումարը: Ինչքան էլ զարմանալի թվա, եթե վեճեր կամ ինտրիգ կա համագումարում, դրա մեջ ճշմարտությունն ու աշխատանքը ավելի լավ է երեւում, թեեւ մեր լրատվամիջոցները երբեմն դրան ավելի շատ են անդրադառնում, քան բուն համագումարին»:
Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ մերօրյա այն գրողների ու ՀԳՄ-ի՝ հասարակական հնչողություն ունեցող խնդիրների հանդեպ անտարբերությանն ու իներտությանը, հիշեցրինք մեր ընթրցողներից մեկի այն դիտարկումը, թե Թումանյանը ժամանակին որքան ակտիվ էր ու «ձեռքը՝ հասարկության պուլսին»:
«Ժամանակին նույն ինքը՝ Հովհաննես Թումանյանը երազում էր գրողների միություն ստեղծելու մասին, որպեսզի կարողանա իր ձայնով, որ առանց այն էլ հնչեղ էր, իր հեղինակությամբ, որ առանց այն էլ շատ բարձր էր, ավելի հստակ ուղղորդել այդ շարժումը»,- ասաց Արքմենիկ Նիկողոսյանը: Ապա հավելեց, որ անցել են ժամանակները, երբ գրողների միության կարծիքը համարժեք է բոլոր գրողների կարծիքին. «Այսօր անհատականությունները շատ-շատ են, եւ գրողների միությունը, ցավոք կամ բարեբախտաբար, չի կարող միասնական կարծիք հայտնել: Վերցնենք թեկուզ Լեւոն Խեչոյանի կամ Սամվել Մկրտչյանի օրինակը. նրանք պարբերաբար հանդես են գալիս քաղաքացիական դիրքորոշմամբ, ինչը ճիշտ է: Կարծում եմ՝ գրողների միությունը իրավունք չունի միասնական կարծիք հայտնելու, որովհետեւ այնտեղ կան ամենատարբեր տաղանդի եւ ամենատարբեր հեղինակության տեր մարդիկ: Անկեղծ ասենք՝ գրողների միությունում շատ կան անտաղանդ գրողներ ու գրական միջակություններ, եւ բերել մի գրական միջակությանը խառնել Գուրգեն Խանջյանի կամ Լեւոն Խեչոյանի եւ մյուսների հետ՝ սխալ է»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ