Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մաքարթնին քննարկում է շրջագայությունը

Օգոստոս 02,2013 14:03

Մինչ Փոլ Մաքարթնիի ներկայիս Out There շրջագայությունը մտնում է եզրափակիչ փուլ, լեգենդար երաժիշտը, ով այժմ Լոս Անջելեսում վերջնական աշխատանքներն է տանում գալիք նոր ձայնասկավառակի վրա, Rolling Stone ամսագրին հուլիսի 25-ին տված հարցազրույցում պատմում է դրա ուժեղ կողմերի մասին, հիշում է Ջոն Լենոնի հետ համատեղ ստեղծագործելու մանրամասները, ինչպես նաեւ խոստովանում է, որ մտադիր չէ հանգստի անցնել: Նրանք, ովքեր ներկա են եղել Out There շրջագայության համերգներին, կարող են հաստատել, թե ինչ մեծ բավականություն է ստանում Փոլ Մաքքարթնին բեմում գտնվելիս: Բրազիլիայից մինչեւ Լեհաստան եւ ԱՄՆ՝ նա նվագել է 3-ժամանոց համերգներ՝ լի The Beatles-ի, Wings-ի եւ սոլո ձայնասկավառակներից դասական կատարումներով, լազերային շոուով, հրավառությամբ եւ երկրորդական բեմով, որն օդ է բարձրանում հանդիսատեսի գլխավերեւում:  «Մենք գոհ ենք շոուից, քանի որ այն հղկել ենք տարիների ընթացքում: Մի քանի գործ կա, որ հանդիստեսը նույնիսկ չգիտի՝ ոչ շատ, պետք է խոստովանեմ, բայց մի քանի փոքր բան: Այնպես որ, շոուն այժմ ինքն իրեն է տանում: Համերգի ընթացքում ես բավականին հաճախ փոխում եմ գործիքները, ինչը թույլ է տալիս, որ համերգն ինձ համար հաճելի ու թարմ մնա»,-ասել է Մաքարթնին:

Հարցազրույցի ընթացքում Փոլ Մաքարթնին անդրադառնում է նաեւ երգացանկում The Beatles-ի այնպիսի երգերի ընդգրկմանը, որոնք մինչ այդ երբեւէ չէին կատարվել համերգների ժամանակ (Lovely Rita, Being For The Benefit Of Mr. Kite!, All Together Now). «Դա քեզանից շատ բան է պահանջում: Ի նկատի ունեմ՝ Being for the Benefit of Mr. Kite!-ի նման երգ կատարելը նաեւ դժվար է: Հարցրեք ցանկացած բաս կիթառահարի, ով նաեւ երգում է: Այն կոնտրապունկտային է: Իսկապես: Ես պետք է երգեմ մեղեդին, որը մի տեղում է եւ, միեւնույն ժամանակ, պետք է նվագեմ բասը, որն այլ տեղեր է գնում»:

Հարցին, թե ինչ սկզբունքով է ընտրվում այս կամ այն երգը, Մաքարթնին պատասխանում է. «Դե, օրինակ, Mr. Kite-ն այնպիսի խելագար, տարօրինակ երգ է, որ ես կարծեցի, որ այն կթարմացնի երգացանկը: Գումարած այն փաստը, որ ես երբեւէ այն չէի կատարել: Beatles-ում մեզանից ոչ ոք այն չէր կատարել (համերգի ընթացքում): Եվ ես հիանալի հիշողություններ ունեմ, թե ինչպես էինք մենք այն Ջոնի հետ գրում: Ես ժամանակ առ ժամանակ կարդում եմ, թե ինչպես են մարդիկ ասում, «Օ՛, այդ մեկը Ջոնն է գրել»: Ու ես ասում եմ. «Սպասեք, մեկ րոպե, դա այն ցերեկը չէ՞ր, որ ես նրա հետ անցկացրեցի՝ նայելով այդ պաստառին»: Նա այդ պաստառն ուներ իր հյուրասենյակում, ես իր տանն էի եւ մեզ մոտ ծագեց այդ միտքը, որովհետեւ այդ պաստառի վրա գրված էր Being for the Benefit of Mr. Kite: Երգը գրեց ինքն իրեն: Այնպես որ, այո, ես երջանիկ եմ այն նորից հայտարարել որպես մասամբ իմը»: Այն հարցին, թե արդյոք նա երբեւէ հանգստի կանցնի՞ համերգներ նվագելուց, երաժիշտը պատասխանել է. «Չեմ կարող պատկերացնել, որ երբեւէ դրանով չեմ զբաղվի: Դա այն է, ինչ ես անում եմ, ինչ ես միշտ արել եմ ու այդքան սիրում եմ: Իհարկե, ֆիզիկական սահմանափակման նման մի բան պետք է, որ լինի: Բայց ես այն չեմ գտել: Նկատի ունեմ՝ անցած երեկո, շոուն նվագելուց հետո, ես մտածեցի. «Տեր աստված: Գիտե՞ս, դու արդեն 25 տարեկան չես»: Բայց դրանից հետո գլխիս մյուս կողմն ասաց. «Դու 25 տարեկան ես: Համակերպվիր դրա հետ»: Այնպես որ, ես դեռ չեմ գտել իմ ֆիզիկական սահմանափակումը: Երբ դա տեղի ունենա, այդ ժամանակ ստիպված կլինեմ մտածել այդ հարցի շուրջ»:

Հայկական ռոք ասոցիացիա

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031