Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վրաստանի նախագահական ընտրությունների նախաշեմին Ջավախքում հիասթափություններ են (Տեսանյութ)

Օգոստոս 02,2013 13:58

«Ազգային դեմոկրատական ինստիտուտը տվյալներ էր հաղորդել, որով ցույց էր տրվում, որ Բիձինա Իվանիշվիլիի վարկանիշը 6 տոկոսով անկում է ապրել, դարձել 69 տոկոս, իսկ Սաակաշվիլիինը՝ 23 տոկոս»,-«Ելակետ» մամուլի ակումբում այսօր տեղեկացրեց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը: Նրա կանխատեսմամբ՝ Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններով պայմանավորված, սեպտեմբերին Վրաստանում ավելի թեժ է լինելու: Ըստ Ջ. Մելիքյանի՝ Վրաստանում կա երկիշխանություն, և այդ ամենը կշարունակվի մինչև նախագահական ընտրություններ: 
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Վրաստանում հայ համայնքի համար ո՞ր թեկնածուն է ֆավորիտ և ինչպիսի՞ն պիտի լինի հայ համայնքի դիրքորոշումը, որպեսզի այս ընտրություններից հետո հայ համայնքի խնդիրների լուծումն իրատեսական դառնա: Ջ. Մելիքյանը պատասխանեց. «Մեր հայ համայնքը դեռ միասնական չէ, կան վրացական կոալիցիայի կողմնակիցներ, և դեռ մնում են ընդդիմությունում գտնվող Միացյալ Ազգային շարժման կողմնակիցներ: Նոր իշխանությունները փորձում են հայ համայնքի խնդիրներին անդրադառնալ, բայց պիտի հասկանանք, որ այս իրավիճակում, որում գտնվում է Վրաստանը, թույլ չեն տալիս նոր իշխանություններին զբաղվել իրենց նախընտրական ծրագրով և իրականացնել այն ամենը, ինչ խոստացել էին անցյալ տարի խորհրդարանական ընտրություններից առաջ»:
Փորձագետը նաև նշեց, որ հայերը դեռ կողմնորոշված չեն ու հավելեց. «Հայ համայնքը այնքան էլ քաղաքականացված չէ, ինչը բացասական է մեզ համար, մանավանդ, որ առաջադրված թեկնածուների շարքում կա ադրբեջանցի թեկնածու, այն պարագայում, երբ հայ թեկնածու չի առաջադրվել Ջավախքում»: Փորձագետը հայտնեց, որ «Ջավախքում արդեն կան հիասթափություններ, ազատ արձակված քաղբանտարկյալները, որոնք չտեսնելով ռեալ փոփոխություններ Վրաստանում, այդ շրջանում ակցիաներ են կազմակերպում, ցույց տալիս իրենց դժգոհությունը»:
Հարցին՝ ո՞ր թեկնածուներն են իրենց նախընտրական ծրագրում անդրադարձել հայ համայնքի խնդիրներին, Ջ. Մելիքյանը պատասխանեց. «Քաղաքական ուժերը շարունակում են նույն ձևով իրենց նախընտրական ծրագիրը տանել առաջ, ինչը տեղի ունեցավ խորհրդարանական ընտրություններից առաջ: Կոնկրետ ազգային փոքրամասնությունների խնդիրների վերաբերյալ հիմա էլ առաջարկություն չկա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031