Armenia Today կայքի վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը կրկին պնդում է՝ իրեն ոստիկանները երեկ առեւանգել են, իր նկատմամբ բռնություններ կիրառել, վնասել գույքը եւ ապօրինաբար զրկել ազատությունից:
Թե ինչու է հրաժարվել երեկ ոստիկանությունում այդ մասին հաղորդում տալուց, այսօր «Արմատ» ակումբում բացատրեց. «Գույք ասելով՝ նկատի ունեմ բարձրախոսը, որը լրիվ վնասվել է: Ես երեկ հայտարարություն եմ տարածել հենց ոստիկանությունում: Այս հայտարարությունը արձանագրվել է հենց իմ փաստաբանների ներկայությամբ, փաստաբաններս վերցրել են դատաբժշկի ուղեգիր: Այսինքն, ոստիկանության այդ հայտարարությունը, թե իրենք առաջարկել են հաղորդում տալ, ես հրաժարվել եմ, ինչպես նաեւ նրանց գործողությունները չեն համապատասխանում իրականությանը: Չեմ պատրաստվում ընկրկել ոստիկանության ապօրինությունների առաջ, իմ փաստաբանները զբաղվում են իմ իրավունքների վերականգնման հարցով»:
Անդրադառնալով երեկ քաղաքապետարանի դիմաց նստացույց անող ակտիվիստներին միանալուն՝ պարոն Կիվիրյանն ասաց, որ ինքն անձամբ դեմ է նստացույցին, կարծում է դա անարդյունավետ պայքարի ձեւ է. «Ես կդնեի առնվազն Տարոն Մարգարյանի հրաժարականի հարցը»:
Նա նաեւ ասաց, որ տրանսպորտի սակագնի թանկացման դեմ պայքարի շրջանակներում քաղաքպետարանի դիմաց նստացույցն անցնում է բավականին ծանր պայմաններում.« Գտնում ենք, որ Հայաստանի պայքարող քաղաքացին պետք է կարողանա իր պայքարը արժանապատիվ իրականացնել»:
ՀՀ քաղաքացի Անի Կաղինյանն էլ դժգոհեց, որ ոստիկանները գողացել են իր երկու վրանները. «Օսիպյանը հրապարակային ձեւով խոստացել է վերադարձնել, բայց դեռ մինչեւ հիմա արձագանք չկա: Մաշտոցի պուրակի պայքարի ժամանակ չորս- հինգ վրան տարան եւ այդպես էլ չվերադարձրին»:
Նա նաեւ նկատեց, որ տրանսպորտի թանկացման պայքարին միացան շատերը, որովհետեւ քաղաքացիները ամեն օր զգացին իրենց գրպանից պակասող 100-200 դրամները: Նա այն կարծիքին է, որ աշնանը ու հատկապես ձմռանը սոցիալական «պայթյուն» տեղի կունենա, երբ քաղաքացիները թանկացած գնով կվճարեն գազի համար.«Միանգամից ուշքի կգան, կսթափվեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ