Կենտրոն եւ Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր հետաձգվեց ոստիկանության Կենտրոնական բաժնի օպեր-լիազորներ Խաչատուր Բարխուդարյանի եւ Արտակ Բարսեղյանի դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը:Պատճառը՝ մեղադրող Ջոն Ֆարխոյանի մերձավոր ազգականի մահն էր:
Դատավորը տեղեկացրեց, որ ստացվել է փորձագիտական եզրակացությունը, այն տրամադրեց կողմերին՝հաջորդ նիստում իրենց դիրքորոշումն արտահայտելու համար: Դատական հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 7-ին:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս գործով տուժող է ճանաչվել, նախկինում գողությունների համար դատապարտված Ռոբերտ Հովսեփյանը: Ըստ մեղադրանքի կողմի, օպերատիվ աշխատակիցները ոստիկանության բաժնում խոշտանգումների են ենթարկել տուժողին:
Օպեր-լիազոր, ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Խաչատուր Բարխուդարյանը դատարանում իր տված ցուցմունքում հերքել է Ռ.Հովսեփյանի ասածները, հայտնել, որ ստանալով օպերատիվ տեղեկություններ կենտրոնի բնակարաններում գողությունների մասին, կազմվել է օպերատիվ գործ, գաղտնալսումներ են իրականացվել, արտաքին դիտարկումներ, պարզել են կասկածյալի՝ Ռովերտ Հովսեփյանի գտնվելու վայրը:
Անցյալ տարվա հոկտեմբերի 4-ին Ռոստովյան փողոցում նրանք հայտնաբերում են Ռոբերտին, որը փորձել է փախչել: Ձեռքերը ոլորելով բերել են բաժին, իսկ երբ նա պատմել է իր կատարած թվով 7 բնակարանային գողությունների մասին, քննիչն է դրանից հետո հարցաքննել տուժողին:
Ի դեպ, մինչ ՁՊՎ տանելը, այնտեղ են այցելել ՄԻՊ աշխատակիցներ, որոնց Ռոբերտն ասել էր, թե իրեն խոշտանգել են:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ