Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՈԲԵԼ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ

Օգոստոս 02,2013 12:45

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ տասներեքերորդ

ՆՈԲԵԼ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ

Եվ Հայկունին մի քիչ մտածեց ու ասաց՝ «Նարեկացին լրիվ առանձին բնագավառ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ընդ որում՝ բացարձակապես չուսումնասիրված», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «գրականագետները վայ թե ուսումնասիրել են» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Արշալույսն ու Պողոսն ահագին ուսումնասիրել են», եւ Հայկունին զարմացած հարցրեց՝ «ի՞նչ Արշալույս ու Պողոս», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Հայկունուն ասաց՝ «դժվար թե իրանց իմանաս», եւ Աբոն փռթկացնելով ասաց՝ «Նարեկացու հետ կապված ըտենց բան չկա, որ Հայկունը չիմանա», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու Աբոյին ասաց՝ «դու հանաքով ես ասում, բայց համարյա ճիշտ ես ասում», եւ Աբոն ժպտալով Հայկունուն ասաց՝ «հեչ էլ հանաքով չեմ ասում. լրիվ լուրջ եմ ասում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Հայկունը Պողոսին ու Արշալույսին դժվար թե իմանա», եւ Հայկունին Ջավախյանին հարցրեց՝ «դրանք ովքե՞ր են», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «գրականագետ են» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «քսան տարուց ավել Նարեկացու տեքստերն էին ուսումնասիրում ու համեմատում», եւ Հայկունին Ջավախյանին հարցրեց՝ «Նարեկացու տեքստերն ինչի՞ հետ էին համեմատում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ինձ հարցրեց՝ «ինչի՞ հետ էին համեմատում, ադա», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «Նարեկացու տեքստերի» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «Նարեկացու մի տեքստը Նարեկացու մի ուրիշ տեքստի հետ էին համեմատում», եւ Աբոն ժպտալով ասաց՝ «պարզ ա, որ Նարեկացուն Նարեկացու հետ պիտի համեմատեին» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «Նարեկացուն հնարավոր չի ուրիշ մեկի հետ համեմատել», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Աբոն ծիծաղում ա, բայց, անկախ իրանից, շատ ճիշտ բան ա ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ինքնաբավ ժպտալով ավելացրեց՝ «Նարեկացին անհամեմատելի մեծություն ա», եւ Օրթախ Աբոն փռթկացնելով ասաց՝ «մենակ ինքն ա քսան», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ թե սովորական քսան ա, այլ բացարձակ քսան ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինչքան կարդում եմ, էնքան ավելի եմ համոզվում», եւ Օրթախը մի քիչ մտածեց ու ժպտալով Հայկունուն ասաց՝ «քսանը քսան ա, բայց էդ չի նշանակում թե՝ դու Նարեկացի կարդացել ես», եւ Հայկունին ապշահար նայեց Աբոյին ու հարցրեց՝ «ես չե՞մ Նարեկացի կարդացել», եւ Արիկը զարմացած ասաց՝ «ո՞նց կարող ա Հայկունը Նարեկացի կարդացած չըլնի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «առավոտից իրիկուն Նարեկացուց ա խոսում», եւ Օրթախն արհամարհական նայեց Արիկին ու քամահրանքով ասաց՝ «սաղդ էլ առավոտից իրիկուն Նարեկացուց եք խոսում, բայց ոչ մեկդ էլ Նարեկացի չեք կարդացել», եւ Ջոնն Օրթախին հարցրեց՝ «ինչի՞ ես կարծում, որ չենք կարդացել», եւ Օրթախը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ», եւ Ջոնը քմծիծաղով հարցրեց՝ «ինչի՞ ես համոզված», եւ Օրթախը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ Նարեկացի հնարավոր չի կարդալ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ հնարավոր չի Նարեկացին ծերից ծեր՝ լրիվ կարդալ», եւ Ջոնն Օրթախին հարցրեց՝ «բա մարդիկ ո՞նց են կարդացել», եւ Օրթախը զարմացած հարցրեց՝ «ո՞ր մարդիկ են կարդացել», եւ Ջոնը պատասխանեց ու ասաց՝ «ժողովուրդը» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մարդիկ «Նարեկը» բարձի տակ են դրել», եւ Օրթախը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բարձի տակ դնելն ու կարդալը տարբեր բաներ են» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «շատ հնարավոր ա, որ Հայկունն էլ «Նարեկը» բարձի տակ դնի, բայց չկարդա», եւ Հայկունը ժպտալով Օրթախին ասաց՝ «չարաչար սխալվում եք, պարոն Սարգսյան», եւ Արիկն ասաց՝ «ով ով, բայց Հյկունը հաստատ «Նարեկը» կարդացած կըլնի», եւ Օրթախն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «մեր էս կամպանիայում ընդամենը մի հոգի ա «Նարեկը» ծերից ծեր կարդացել», եւ Արիկը հարցրեց՝ «էդ մի հոգին ո՞վ ա», եւ Օրթախն ինքնագոհ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ես», եւ Արիկն Օրթախին հարցրեց՝ «որ հնարավոր չի, բա ո՞նց ես կարդացել», եւ Օրթախը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինձ ստիպելով», եւ Ջոնն Օրթախին ասաց՝ «ես քեզ ասեցի, որ մարդիկ «Նարեկը» բարձի տակ են դրել», եւ Օրթախը Ջոնին ասաց՝ «ես էլ քեզ ասեցի, որ կարող ա բարձի տակ դնեն, բայց չկարդան», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «Արշակի պես», եւ Արիկը զարմացած հարցրեց՝ «Արշա՞կն ինչ կապ ունի», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «էս Արշակին սաղ գրքերս նվիրել եմ, բայց փոխանակ կարդա, բարձի տակ ա դնում», եւ Արիկը ժպտալով Ջավախյանին ասաց՝ «հիմի արդեն կկարդա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հիմի որ դեպուտատ չի, արդեն լիքը ժամանակ ունի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հիմի էլ ամբողջ ժամանակ մտածում ա՝ ոնց անի, որ նորից դեպուտատ դառնա», եւ Արիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Արշակի պոյեզն արդեն ծյուծյո՜ւ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որոշել են նորից միավորվեն», եւ Արիկը հարցրեց՝ «ո՞վ ում հետ միավորվի», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «ԱԺՄ-ի բեկորներով», եւ Արիկը փռթկացնելով ասաց՝ «ԱԺՄ-ն տեղով բեկոր ա», եւ Ջավախյանը փռթկացնելով հարցրեց՝ «ՀՀՇ-ի՞», եւ Արիկն ասաց՝ «Արշակն առաջին ՀՀՇ-ականն ա էղել», եւ Ջավախյանն ասաց՝ «բայց հիմի ՀՀՇ-ի անումը չի ուզում լսի», եւ Արիկն ասաց՝ «ինքը չէր ասո՞ւմ՝ պոլի փետ ըլնի, մենակ թե՝ ՀՀՇ-ից ըլնի», եւ Ջավախյանը փռթկացնելով Արշակին հարցրեց՝ «էդ ի՞նչ առիթով ես ասել, ադա», եւ Արիկն Արշակի փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «Ազգային ժողովի ընտրությունների առիթով», եւ Ջավախյանը փռթկացնելով Արշակին հարցրեց՝ «իսկականից ըտենց բան ե՞ս ասել, ադա», եւ Արշակը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հնարել են», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ո՞վ ա հնարել», եւ Արշակը մի քիչ մտածեց ու ասաց՝ «լիքը չուզողներ ունեմ», եւ Ջավախյանը խորամանկ ժպտալով Արշակին հարցրեց՝ «էս Արիկը ճիշտ ա՞ ասում», եւ Արշակը հարցրեց՝ «ի՞նչ ա ասում», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «էս որ ասում ա՝ Արշակի պոյեզը ծյուծյո՜ւ», եւ Արշակը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չգիտեմ՝ Արիկն ինչ իմաստով ա էդ բանն ասում», եւ Ջավախյանն Արիկին հարցրեց՝ «ի՞նչ իմաստով ես ասում, ադա», եւ Արիկը պատասխանեց ու ասաց՝ «դեպուտատության իմաստով», եւ Արշակը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էս կյանքում դեպուտատությունից բացի ուրիշ իմաստներ էլ կան» եւ մի քիչ էլ մտածեց ու Արիկին հարցրեց՝ «դու որ ոչ մի անգամ դեպուտատ չես դառել, էդ չի նշանակում թե՝ կյանքդ անիմաստ ա անցել», եւ Արիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «քաղաքական գործիչների համար ա դեպուտատ դառնալը կյանքի իմաստ», եւ Արշակը մի քիչ մտածեց ու Արիկին հարցրեց՝ «բա քո՞ համար կյանքի իմաստը որն ա», եւ Ջավախյանն Արիկի փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «իրանց համար էլ կյանքի իմաստը դոկտոր ու ակադեմիկ դառնալն ա», եւ Արշակն Արիկին հարցրեց՝ «ճիշտ ա՞ ասում», եւ Արիկը պատասխանեց ու ասաց՝ «համարյա», եւ Ջավախյանը փռթկացնելով Արիկին ասաց՝ «փաստորեն, քու պոյեզն էլ ա արդեն ծյուծյու արել, ադա», եւ Արիկը հարցրեց՝ «ի՞նչ իմաստով», եւ Ջավախյանը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «ակադեմիկության իմաստով», եւ Արիկը մի քիչ մտածեց ու ժպտալով Ջավախյանին ասաց՝ «ճիշտ ես ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Արշակի դեպուտատ դառնալու ու իմ ակադեմիկ դառնալու շանսերը համարյա հավասար են», եւ Արշակն արհամարհական նայեց Արիկին ու ասաց՝ «աչքիդ ա էրեւում», եւ Հայկունին ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «բա գրողների՞ կյանքի իմաստը որն ա», եւ Ջոնը թարս նայեց Ջավախյանին, հետո Հայկունուն վրդովված ասաց՝ «շուն ե՞ս հաչացնում», եւ Հայկունին զարմացած հարցրեց՝ «այսինքն», եւ Ջոնն արհամարհական նայեց Ջավախյանին, հետո նայեց Հայկունուն ու ասաց՝ «որ իրան հարցնում ես՝ գրողների կյանքի իմաստը որն ա, էլի խոսակցությունը շուռ ա տալու իրա Նոբելյան մրցանակի կողմը», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու Ջոնին ասաց՝ «է թող շուռ տա. ո՞ւմ ա խանգարում», եւ Ջոնը մի քիչ մտածեց ու Հայկունուն հարցրեց՝ «զահլա ունե՞ս», եւ Ջավախյանը փռթկացնելով Ջոնին ասաց՝ «որ ինձ Նոբելյան տան, ամենից շատ դու ես շահելու, ադա», եւ Ջոնն արհամարհական նայեց Ջավախյանին ու ոչինչ չասաց, եւ Հայկունին ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «ի՞նչ իմաստով ա շահելու», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «Ջոնն էդքան հայտնի ծանոթներ ունի, բայց մեջները գոնե մի հատ Նոբելյան ունեցող չկա» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «ինձ որ Նոբելյան տան, Ջոնն արդեն ըստեղ-ընդեղ կարա գլուխ գովա, որ Նոբելյան մրցանակի դափնեկիր ընկեր ունի», եւ Ջոնն արհամարհական նայեց Ջավախյանին ու քամահրանքով ասաց՝ «դու ինձ ի՞նչ ընկեր, արա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով Ջոնին ասաց՝ «էդ հիմի ես ըտենց ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «Նոբելը հենց ստանամ, առաջինը դու ես ինձ ընկեր համարելու», եւ Ջոնն արհամարհական նայեց Ջավախյանին ու ասաց՝ «իշտահիդ քացախ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Ջոնին հարցրեց՝ «ի՞նչ իմաստով իշտահիս քացախ. Նոբելի իմաստո՞վ, թե՞ ընկերության», եւ Ջոնը պատասխանեց ու ասաց՝ «էրկու իմաստով էլ»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել