Բարսելոնում անցկացված ջրացատկի աշխարհի մեծահասակների առաջնությանը Հայաստանից մասնակցել է միայն Լեւ Սարգսյանը: Նա հանդես է եկել 10 մետր աշտարակացատկում եւ 30 մասնակիցների մեջ զբաղեցրել 24-րդ հորիզոնականը:
Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայից Aravot.am-ին տեղեկացրին, որ պատանի ջրացատկորդը հանդես է եկել մեջքի վնասվածքով եւ մեծահասակների հետ այդ վիճակում պայքարելն ու 24-րդ տեղն զբաղեցնելը վատ արդյունք չէ:
Ջրացատկը, հատկապես աշտարակացատկը, որ ժամանակին Հայաստանում առաջատար մարզաձեեւերից մեկն է եղել, տարիների «անշարժ» վիճակից սկսել է արթնանալ՝ անցյալում ճանաչված ջրացատկորդ Հրաչ Չանդիրյանի՝ հավաքականի մարզիչ նշանակվելուց հետո: Մասնավորապես, հունիսին մեր երեք աշտարակացատկորդներ՝ Լեւ Սարգսյանը եւ երկվորյակ եղբայրներ Վլադիմիր եւ Ազատ Հարությունյանները, Պոզնանում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությունում մտել էին եզրափակիչ՝ պայքարը շարունակող 12 լավագույնների մեջ, որտեղ ավագ տարիքի պատանիների մրցապայքարում Լեւը ցույց էր տվել 9-րդ ցուցանիշը, իսկ Ազատը կրտսեր պատանիների մեջ՝ 4-րդը, այն էլ՝ ձեռքի վնասվածքով:
Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Ղազարյանի փոխանցմամբ, տղաները Պոզնանից Ռուսաստանի հետ համատեղ ուսումնամարզական հավաքի եւ վնասվածքները բուժելու նպատակով մեկնել էին Պենզա: Խոսելով հետագա անելիքների մասին՝ պարոն Ղազարյանն ասաց, որ գլխավոր մարզիչն աշխատելու է տղաների տեխնիկան, հատկապես՝ ջուր մտնելու, հղկելու վրա: Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես ջրացատկոում ապագա անելիքներին, «Այսօր մենք ունենք պատանի ջրացատկորդներ, որոնք հեռանկարային են եւ նրանց հետ ավելի ակտիվ աշխատելու դեպքում հնարավոր է առաջընթաց արձանագրել: Այդ նպատակով մտադրություն կա այդ երեխաներին արդեն միջազգային մրցումներ դուրս բերել: Հրավերներ կան: Պետք է նաեւ զբաղվենք մեր երեք առաջատար ջրացատկորդների վնասվածքները բուժելով, որից հետո նրանք կշարունակեն մասնակցել միջազգային մրցումներին: Նրանք պայքարելու են 2-րդ պատանիների օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելու համար, ավելի պատրաստված ու լավ մարզավիճակում հանդես գալ եկող տարի աշխարհի պատանիների, Եվրոպայի պատանիների եւ մեծահասակների առաջնություններում եւ, ինչու չէ, պայքարել նաեւ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերելու համար», – ասաց Գաբրիել Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ