Առողջապահության նախարարությանը դեռեւս անցած շաբաթ պետք է մատակարարվեր «Սելսեպտ» դեղամիջոցը, որի օգտագործումը ցուցված է երիկամների փոխպատվաստման ժամանակ։
Դեղամիջոցի մատակարարման մրցույթում հաղթել է «Վագա– ֆարմ» ընկերությունը։ Պարզվում է, որ ներկրող այս ընկերությունը ճիշտ ժամանակին կատարել է իր պարտավորությունները եւ սահմանված ժամկետում ներկրել դեղամիջոցը։ Իսկ թե ինչու՞ այն հասցեատիրոջը չի հասցվել, այնքան էլ չի տեղավորվում նորմալ տրամաբանության մեջ։ Խնդիրն այն է, որ այդ դեղատեսակի հետ ընկերությունը ներկրել է նաեւ այլ դեղամիջոցներ, որոնց թվում նաեւ «Ռոցեֆին», որի փաթեթին՝ բացի անգլերեն մակնշումից, լրացուցիչ առկա է նաեւ դեղի ազդող նյութի լատիներեն մակնշումը, որը լիովին համապատասխանում է օրենսդրության պահանջներին։ Սա պատրվակ է դարձել, որ Դեղերի փորձագիտական կենտրոնը դեղը համարի չգրանցված՝ այս դեղի հետ արգելելով նաեւ նույն խմբաքանակով ներկրված բոլոր մյուս դեղերի ներմուծումը (այդ թվում՝ «Սելսեպտի», թեեւ այս դեղի հետ կապված որեւէ խնդիր չկա): Ներկայումս «Վագա-ֆարմ» ընկերությունը մրցույթի պայմաններն իբր չկատարելու համար օրական պետք է տուգանքներ վճարի։ Մեր թղթակցի հետ զրույցում «Վագա Ֆարմ» ընկերության տնօրեն Վահե Վարսանյանը ստեղծված իրավիճակին տվեց բավական կոշտ մեկնաբանություն.«Հերթական այս դեպքը ցույց է տալիս, որ գործ ունենք բանականության բացակայության կանխավարկածի հետ։ Այդ հիմնարկի ղեկավարությունը՝ Թոփչյան Հակոբի գլխավորությամբ, լրիվ իրեն կորցրել է։ Նույնիսկ իմաստ չկա արդեն արձանագրել, որ տեղի է ունենում կամայականություն եւ անօրինականություն։ Մեր հիմնական գործերը թողած՝ ժամանակը վատնում ենք դրանց կատարած անօրինականությունների պատճառով հասցված վնասների դեմն առնելով»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում