Օգոստոսի 1-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի Սփյուռքի լրագրողների և երիտասարդ առաջնորդների դասընթացների մասնակիցներն այցելեցին ՀՀ Նախագահի նստավայր: Ամառային դպրոցի մասնակիցներին ընդունեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Կարևորելով Հայրենիք-Սփյուռք կապի դինամիկ զարգացումը՝ Վ. Սարգսյանը նշեց, որ այն գտնվում է Հանրապետության Նախագահի մշտական ուշադրության կենտրոնում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության, ԼՂՀ անվտանգության և տնտեսական աճի խթանման, Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման, Սփյուռքի ներուժի հայտնաբերման և Հայրենիքում ինտեգրման հիմնախնդիրներ: Նախագահի աշխատակազմի ղեկավարը պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Այցի շրջանակներում սփյուռքահայ երիտասարդները ճանաչողական շրջայց կատարեցին նախագահական նստավայրում, ծանոթացան ՀՀ Նախագահի կողմից պետական և պաշտոնական հանդիպումների և ընդունելությունների անցկացման արարողակարգին, երկրի պետական կառավարման բարձրագույն կառույցի՝ նախագահական ինստիտուտի կառուցվածքին, գործունեությանը և նշանակությանը:
«Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցների համար ցուցադրվեց ճանաչողական տեսաֆիլմ ՀՀ պետական կառավարման համակարգի, Նախագահի նստավայրի, ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կարգով Հանրապետության Նախագահին վերապահված լիազորությունների և գործառույթների, պետական իշխանության համակարգում նրա տեղի ու դերի և պետական մյուս մարմինների հետ փոխհարաբերությունների վերաբերյալ:
Հանդիպման ավարտին մասնակիցները լուսանկարվեցին և Նախագահի նստավայրից հեռացան հարուստ տպավորություններով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ