Լրահոս
Օրվա լրահոսը

Թանկացումներ եվ տեսարաններ

Օգոստոս 02,2013 11:18

Այս ամառը քաղաքական ու այլ իմաստներով միանգամայն բովանդակալից է` հիմնականում բացասական բովանդակությամբ, մանավանդ` եթե գազի ու ամեն ինչի թանկացումներն էլ բովանդակություն համարենք: Համարենք թե չհամարենք, դրանք մեր անկախության ժամանակաշրջանի հիմնական ու էական բովանդակությունն ու սյուժեն են, և չնայած երկու տասնամյակ առաջ մեզ հուսադրում էին թե` անկախության գործընթացը երբևէ կավարտվի, հիմա արդեն պարզվում է, որ այն նոր-նոր է սկսվում:

Հայաստանի անկախության գործընթացը շարունակվելով ու ամեն անգամ մի անհեթեթ կետում ընդհատվելով ու վերսկսվելով` առայժմ մեզ որևէ հուսալի տեղ չի ուղեկցում ու չի առաջնորդում, և եթե ուղեկցում ու առաջնորդում էլ է, ուղեկցում ու առաջնորդում է դեպի փակուղի, ընդ որում` ամեն անգամ միանգամայն նոր ու միանգամայն չարագուշակ փակուղի:
Խոսքը պատերազմին չի վերաբերում, չնայած պատերազմի վտանգը միշտ կա ու կա, և ինչից էլ խոսենք, պատերազմի հնարավորությունն ու վտանգը պիտի մշտապես մեր մտքում ունենանք:
Խոսքը վերստին վերաբերում է թանկացումներին, ավելի կոնկրետ` տրանսպորտի թանկացմանը:
Առանձնապես մեծ խելք հարկավոր չէ` հասկանալու համար, որ հենց էս պահին տրանսպորտի գները թանկացնելն ամենևին էլ անխուսափելի չէր: Վատագույն դեպքում կարող էին մի քիչ սպասել` մինչև ժողովուրդը գազի ու մյուս թանկացումները մարսեր:
Բայց չսպասեցին: Սովորաբար «ինչքան վատ` էնքան լավ» մոտեցումն ընդդիմությանն է բնորոշ, բայց էս անգամ կարծես թե հենց իշխանություններն էդ մոտեցմամբ առաջնորդվեցին: Ասում ենք` իշխանություններն էդ մոտեցմամբ առաջնորդվեցին, բայց մտքներիս մեջ ունենք համապատասխան օլիգարխներին ու իշխանության ներսում ծվարած տրանսպորտի գծատերերին:
Ահա էսպիսի արտասովոր ու տարօրինակ բաներ են տեղի ունենում, երբ բիզնեսն ու իշխանությունը սերտաճում ու գրեթե նույնանում են: Հավանաբար կարծում էին թե` խեղճ ու կեղեքված ժողովրդի հանդեպ էս հավելյալ ու միանգամայն անտեղի կեղեքումն էլ են մարսելու: Ավելի ճիշտ` ոչ թե կարծում էին, այլ համոզված էին, և, ըստ ամենայնի, համոզված լինելու միանգամայն հիմնավոր հիմքեր ունեին: Հիմքերի հիմքն էլ երևի այն էր, որ անկախության գործընթացի էս ավելի քան քսան տարիների ընթացքում ընդամենը մի հարստահարիչ է հայտնաբերվել ու խստորեն պատժվել, ավելի ճիշտ` երկուսը. Աշոտ Բլեյանն ու իր դպրոցի հաշվապահ տիկինը: Այս փաստն, իհարկե, իսկական զավեշտ է, բայց եթե սա ընդամենը զավեշտ համարենք, կնշանակի` ինքներս էլ ենք ի վիճակի մատների արանքներով նայել մարդկային ճակատագրերին ու մեր երկիրը շուրջկալած էս անհեթեթ վիճակներին, և քանի որ մտավորականները, քաղգործիչներն ու շարքային քաղաքացիները ժամանակին Բլեյանի ու իր հաշվապահուհու քաղբանտարկյալ լինելու հանգամանքը չպնդեցին ու չշեշտեցին, քավության նոխազների փնտրտուքը շարունակվեց, և ավելի հարմար քավության նոխազ չգտնելով` իշխանությունները վերջնականապես ընտրեցին բուն ժողովրդին:
Որ տրանսպորտի էս թանկացումների պատմության պատճառով ամենից վատ վիճակում հայտնվել էին հասարակական տրասպորտից մշտապես օգտվող անապահովները, դա պարզից էլ պարզ էր, և որ նրանցից բացի` նաև հասարակական տրանսպորտի վարորդներն էին չափազանց անհարմար ու չափազանց տհաճ վիճակում հայտնվել, դա ևս տեսանելի էր. ավելին. էս ամբողջ պատմության մեջ հենց վարորդներն էին իրադարձությունների կիզակետում հայտնվել և հենց վարորդներն էին ուրիշների փոխարեն պատասխանատվություն կրում, և վարորդներից շատերն իրենք էին դեմ տրանսպորտի էս հերթական թանկացմանը, և եթե տրանսպորտի թանկացման տեսաբաններին միանգամայն ձեռնտու էր, որ կոնֆլիկտները տեղի ունենան վարորդների և ժողովրդի ակտիվ հատվածի միջև, ակտիվիստներին ու մանավանդ վարորդներին հեչ ձեռնտու չէր դա, և չնայած վարորդներն ու ակտիվիստներն ակամա տարբեր բևեռներում էին հայտնվել, այդուհանդերձ, նրանց առավել գիտակից ներկայացուցիչները լավ էլ գիտակցում էին, որ իրականում իրենք ոչ թե հակառակորդներ են, այլ` միևնույն գործով տուժածներ, և հիմնականում նրանց էդ գիտակցության առկայության շնորհիվ էր, որ հասարակական տրանսպորտի թանկացման թեմայով էս ամառային հրաշապատում հեքիաթը միանգամայն դրական ավարտ ունեցավ:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031