Տնտեսագիտության դերի բարձրության գնահատման արդի ժամանակներում ճիշտ չի լինի չխոսելը մի լեզվական անճշտության մասին, որը կա ոչ տնտեսագետ մարդկանց մեծ մասի մոտ: Խոսքը «տնտեսական» և «ընկերային» (օտար լեզվով` սոցիալական) հասկացություններն իրար հետ շփոթելու մասին է:
Երբ որևէ մարդ աղքատ է, չքավոր է, կարիքավոր է, նշանակում է նրա տնտեսական վիճակը լավը չէ: Իսկ երբ որևէ աղքատ մարդ հասարակությունից օգնություն չի ստանում, նշանակում է նրա ընկերային վիճակը լավը չէ: Ահա այս երկու երևույթները ճիշտ հասկացություններով չեն արտահայտվում մարդկանց լեզվում: Դրա հետևանքն այն է լինում, որ երևույթները ճիշտ չեն արտացոլվում մարդկանց գիտակցություններում: Այնինչ մարդու գիտակցությունը զարգանում է հասկացությունների օգնությամբ բնությունը, իրականությունը արտացոլելու միջոցով:
Երբ մարդն աղքատ է, նրա մասին սխալմամբ ասում են, թե նա ընկերային անապահով վիճակում է: Բայց աղքատությունը տնտեսական հասկացություն է, ուրեմն նա տնտեսական անապահով վիճակում է: Երբ աղքատին հասարակությունը` պետությունը, հասարակական կազմակերպությունները, ընկերությունները օգնություն են ցուցաբերում, նշանակում է նա ընկերային ապահով վիճակում է: Հասարակության կողմից օգնություն ստանալը ընկերային` ընկերաբանությանը (օտար լեզվով` սոցիոլոգիային) վերաբերող, հասկացություն է: Երբ մարդը հարուստ է ապրում, նա տնտեսապես ապահովված վիճակում է ապրում, սակայն քանի որ հասարակությունից օգնություն, նպաստ, կենսաթոշակ և նման կարգի այլ օգնություն չի ստանում, նշանակում է նա ընկերային անապահով վիճակում է: Բայց այս երկուսի տեղերը խառնում են: Աղքատն է տնտեսապես անապահով, իսկ ընկերապես ապահովված, բայց ասում են հակառակը` ընկերապես անապահով է: Հարուստն է տնտեսապես ապահովված, բայց ընկերապես անապահով, բայց ասում են հակառակը` «սոցիալապես» ապահովված է: Այնինչ հարուստը օգնություն չի ստանում հասարակությունից, նա ընկերապես անապահով վիճակում է, որովհետև նրա տնտեսական բարեկեցությունը հասարակությունը չի տվել նրան որպես օգնություն, այլ ինքն է վաստակել իր աշխատանքով: Աշխատանքով կամ խորամանկությամբ, հարստանալու ուղին հիմա կարևոր չէ խնդրո առարկայի մասին խոսելիս:
Սխալն այնքան է արմատացել, որ նույնիսկ նախարարների ու ավելի բարձր մակարդակներում էլ են օգտագործում այն: Տնտեսական ծանր վիճակում գտնվողների մասին ասում են, թե ընկերային (սոցիալական) ծանր վիճակում են: Բայց չէ որ «սոցիումը», հայերեն` հասարակությունը, ընկերությունը օգնություն է ցույց տալիս նրանց: Եթե նույնիսկ այդ օգնությունն այնքան փոքր է, որ նրանց տնտեսական վիճակը չի լավանում, էլի աղքատ են մնում, միևնույն է, ընկերապես նրանք ծանր, անապահով վիճակում չեն: Ընկերային օգնության չափը նշանակություն չունի, ցանկացած օգնություն բնութագրվում է «ընկերային» հասկացությամբ, այսինքն` կոչվում է ընկերային: Ընկերապես ապահովվածության սահմանման տակ ընկնելու համար օգնություն ստանալն է որոշիչը: Ընկերապես ապահովված լինելու թվային ցուցանիշ չկա, թե, ենթադրենք, ամսական 50000 դրամ օգնություն ստացողը ընկերապես ապահովված է, իսկ ամսական 5000 դրամ ստացողը` ոչ: Ոչ, այդպես չէ, ամսական 1000 դրամ ստացողն էլ է ընկերապես ապահովված: Բայց տնտեսապես ապահովված չէ: Իսկ տնտեսապես ապահովված է, դիցուք, մեկ շնչին ամսական 100000 դրամ եկամուտ ունեցող ընտանիքը: Այս վերջին ցուցանիշին, իհարկե, ոչ մի կարիքավոր ընտանիք չի հասնի ընկերային ապահովագրության համակարգի օգնությամբ, որպեսզի տնտեսական և ընկերային ապահովվածության մակարդակները համընկնեն իրար հետ, որպեսզի այդ համակարգի գոյությունը արդարացված համարվի: Հասարակությունը օգնում է տնտեսապես անապահով մարդկանց իր հնարավորությունների սահմաններում: Ուստի ցանկացած օգնություն արդարացնում է այդ մարդասիրական համակարգի գոյությունը և կոչվում է ընկերային, այսինքն` մարդկային ընկերության կողմից տրվող, կամ ընկերական, կարեկցող ընկերների, բարեկամների, մարդկային ընտանիքի կողմից տրվող:
Կարդացեք նաև
Այսպիսով, աղքատը տնտեսապես անապահով է, իսկ ընկերապես` ապահովված: Իսկ հարուստը տնտեսապես ապահովված է, ընկերապես` անապահով վիճակում:
Վերոհիշյալ անճշտության պատճառը օտար բառ օգտագործելն է: Մարդկանց մեծ մասն օգտագործում է «սոցիալական» բառը առանց հասկանալու դրա իմաստը: Իսկ եթե օգտագործեին հայերեն համարժեքը` ընկերային կամ հասարակական բառը, ապա կհասկանային իրենց ասածի իմաստը, կիմանային, որ խոսքը տնտեսականի մասին չէ: Տեղի է ունենում հասկացության կորուստ, լեզուն աղքատանում է, լեզվի իմաստությունը` կորչում:
Իսկ պատճառի հիմքը դրվել է վաղուց, քսաներորդ դարի վերջերին: Սկզբում ժողովրդի վիճակը բնութագրելու համար օգտագործում էին միայն տնտեսական ցուցանիշները և, վիճակի մասին խոսելիս այն անվանում էին «տնտեսական»: Իսկ այնուհետև օգտագործում էին նաև հասարակական, ընկերային ցուցանիշները: Խոսում էին ընկերային և տնտեսական վիճակի մասին: Հետո նորաձև դարձավ «և» կամ ստորակետ օգտագործելու փոխարեն երկու բառերը գծիկով իրար կպցնելը, օրինակ` ընկերային-տնտեսական (իհարկե օգտագործում էին օտար ձևը` սոցիալ-տնտեսական): Ասելով ընկերային-տնտեսական վիճակ` հասկանում էին տնտեսական վիճակը, հասարակության տնտեսապես աղքատ խավի ներկայացուցիչների վիճակը: Հետո աստիճանաբար տնտեսական բառը սղվեց, դուրս եկավ, մնաց միայն ընկերայինը, որը փոխարինեց տնտեսական իմաստին: Հիմա արդեն ընկերային ասելով են հասկանում տնտեսական, իսկ դա սխալ է, ուստի և անբնական:
Իսկ նման սխալներից խուսափելու համար պետք չէ օտար բառերի առաջ երկու ձեռքերը վեր բարձրացնելով անձնատուր լինել: Այսինքն` գլխավոր պատճառը օտարամոլությունն է: Ով ուզում է օտար բառեր օգտագործելու օգնությամբ ավելի կրթված ու գրագետ երևալ, նա ճիշտ հակառակ արդյունքն է ստանում` անգրագիտանում, տգիտանում է, կորցնելով բնական ճանապարհով, բնության տված հաղորդակցման գործիքներով բնությունը, կյանքը յուրացնելու հնարավորությունը: Չէ՜ որ հայի համար բնական հաղորդակցման միջոցը հայոց լեզուն է: Եվ սա միայն մեկ օրինակն է օտար բառեր օգտագործելու հետևանքով անհեթեթ վիճակների ստեղծման, լեզվի աղավաղման հետևանքով իրականության ոչ ճիշտ արտացոլման:
Առաջարկում եմ տնտեսական երևույթներն անվանել տնտեսական հասկացություններով, իսկ ընկերայինները` ընկերային: Ավելորդ պետք է լիներ ասելը, բայց ցավոք, այդպես չէ, որ հայը հայի հետ պետք է հաղորդակցվի հայերեն, քանի որ բնությունը դա է նախատեսել, դա է բնականը, իրերի և իրադարձությունների բնական ընթացքը: Պետք չէ հակառակվել բնությանը, որը մեզանից ավելի հզոր է, որովհետև ինքն է ստեղծել մեզ: Նաև ստեղծել է մեր գեղեցիկ, չնաշխարհիկ, չքնաղ և իմաստուն մայրենի հայոց լեզուն և պարգևել այն մեզ: Ուրեմն կեցցե՛ն իմաստությունն ու մաքրությունը ամեն ինչում, այդ թվում և լեզվում:
Գեղամ Խաչատրյան
Տնտեսագիտության դերի բարձրության գնահատման արդի ժամանակներում ճիշտ չի լինի չխոսելը մի լեզվական անճշտության մասին, որը կա ոչ տնտեսագետ մարդկանց մեծ մասի մոտ: Ոչ թե մոտ, այլ՝ մեջ, շրջանում: Իսկ հայերեն ավելի ճիշտը կլիներ՝ որն ունի ոչ տնտեսագետ մարդկանց մեծ մասը: Ունենալ: Բառ, որից շատ ենք հեռացել, որը չենք զգում: Նրա մոտ կա այսինչը, նրա մոտ կա այնինչը… չկա նա ունի այսինչը, նա ունի այնինչը…Ցավոք, մենք արդեն շատ մեծ դժվարությամբ ենք ընկալում մեր լեզուն: Ասողին էլ լսող է պետք: Բայց, իհարկե շնորհակալություն: Երանի շատերս հայերեն մտածեինք: Ազգ կլինեինք, ոչ թե խառնամբոխ:
Համաձայն եմ, ավելի ճիշտ կլիներ:
Շնորհակալ եմ ազգի մասին մտահոգվելու համար:
Արժե նաև անդրադառնալ բուն /ընկերային/ եզրին, որը եկել է արևմտահայերենեից, և իբր նշանակում է /սոցիալական/: Իրականում խոսքը ոչ թե ընկերների, այս հասարակության մասին է. Social, society և այլ այդ արմատը ունեցող բառերը հենց դա են նշանակում: Հետևաբար socialism, socialist, social services և այլ նման եզրերը հայերեն պետք է լինեն հասարակավարություն, հասարակավար, հասարակական ծառայություն և այլն:
Այո, «սոցիալական» օտար բառի ամենաճիշտ թարգմանությունը «հասարակական» բառն է: Սակայն «ընկերային» բառն օգտագործողներն, ըստ երևույթին, ոչ թե բառացիորեն թարգմանում են վերոհիշյալ օտար բառը, այլ նոր հասկացություն են ուզում մտցնել շրջանառության մեջ, անկախ օտար բառից: Եվ արդեն օտարները թող մտածեն, թե իրենց լեզվով ինչպես թարգմանեն հայերեն «ընկերային» բառը: