Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Ես չեմ լսել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դատապարտած լինի Սէֆիլյանի ծրագիրը»

Օգոստոս 01,2013 20:01

«Պարոն Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկությունից կարելի է ենթադրել, որ նա փորձում է ետ բերել ժամանակը եւ ստեղծել նոր ու ցանկալի իրականություն: Պարոն Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ միայն չի վերանայել իր նախկին գործելակերպը եւ որեւէ քայլ չի ձեռնարկում նոր իրականություն ձեւավորելու համար, ինչպես նախկինում, նա մտածում եւ գործում է իր դարն ապրած առկա պետական կառավարման համակարգի եւ փոշիացած ու իսպառ հեղինակազրկված քաղաքական դաշտի տրամաբանության եւ կանոնների շրջանակում»,- 1in.am-ի հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկի հետ կապված այսպիսի կարծիք էր հայտնել «Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել էր բոլորին մինչեւ սեպտեմբերի 21-ը համազգային կլոր սեղան հրավիրել եւ երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրել։ Ժիրայր Սէֆիլյանը քննադատել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ծրագիր չի առաջարկում, «ուստի նրա հրավերն ընդունելու իմաստն ինձ համար անհասկանալի է»:

Այս առնչությամբ այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չհամաձայնեց Ժիրայր Սէֆիլյանի դիտարկումների հետ: Նրա խոսքերով՝ «Րաֆֆի Հովհաննիսյանը մի շարք առաջարկներով է հանդես եկել՝ Սահմանադրական փոփոխությունների հետ կապված, ընտրությունների համակարգի հետ կապված, արդարադատության համակարգի: Այսինքն՝ համակարգային փոփոխությունների առաջարկով հանդես եկավ: Հիմա պարոն Սէֆիլյանը եւս, կարծես թե, կողմնակից է համակարգային փոփոխությունների: Իհարկե, Սէֆիլյանը, չգիտես ինչու մոռանում է, որ մենք եւս համակարգային փոփոխությունների մասին ենք միշտ խոսել եւ ոչ թե իշխանափոխության մասին»:

Ժիրայր Սէֆիլյանն ասել էր՝  «Անձամբ պարոն Հովհաննիսյանը, չնայած մեր բազմաթիվ հորդորներին, այդպես էլ փորձ անգամ չարեց իրեն առաջարկվող միանգամայն իրատեսական ծրագիրը կյանքի կոչելու կամ նույնիսկ դրա շուրջ երկխոսելու ուղղությամբ: Ընդհակառակը` ամեն առիթով մերժեց ու հանիրավի դատապարտեց այն` փոխարենը ոչինչ չառաջարկելով»:
Արմեն Մարտիրոսյանի մեկնաբանությամբ՝ «Ես չեմ լսել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դատապարտած լինի նրա ծրագիրը: Քննարկում եղել է: Ես մի փոքր ծանոթ եմ այդ ծրագրին: Այդ ծրագիրը համընդհանուր միասնության խնդիրը չէր լուծում: Պարոն Հովհաննիսյանի ցանկությունն այն էր, որ մենք կարողանանք համընդհանուր միասնության խնդիրը լուծել, որովհետեւ մեր առջեւ ծառացած խնդիրները միայն հնարավոր էր լուծել համընդհանուր ջանքերով: Մասնատված, մասնակի ուժերով դա հնարավոր չէր: Պարոն Հովհանիսյանը ասել է՝ ես մենակ չեմ կարող»:

Ինչ վերաբերում է քննադատությանը, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած կլոր սեղանին գնալն անհասկանալի է, քանի որ նա ծրագիր չի առաջարկում՝ Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ «Չի առաջարկում, որովհետեւ օրակարգը բաց է: Եթե ինքը ծրագիր առաջարկելու խնդիր ունենար՝ ինքը կառաջարկեր: Բայց մենք կարծում ենք՝ համահավասար գործընկերներ լինենք բոլորով միասին, որ չլինի այնպես՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրի շուրջ եկան բոլորը համախմբվեցին: Որոշակի ուժեր կաշկանդված կլինեն, ինչպես նախագահական ընտրություններին կաշկանդված եղան: Բոլորով պետք է  այդ ծրագիրը գտնեն, որովհետեւ այն ծրագիրը, որն առաջարկի Րաֆֆի Հովհաննիսյանը, շատերին հեռու կարող է մղել: Եթե նույնիսկ այնտեղ ավետարանական ճշմարտություն էլ գրված լինի, եթե դա Րաֆֆի Հովհաննիսյանն է առաջարկում, բնականաբար, որոշների համար ընդունելի չի լինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031