Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ թուրք գրողի՝ իրեն հետապնդում են նաեւ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունների համար

Օգոստոս 01,2013 19:42

Azatutyun.am․ Ստամբուլի քրեական դատարանը չորեքշաբթի օրը որոշել է վերաբացել Գերմանիայում բնակվող թուրք գրող Դողան Աքհանլիի նկատմամբ քրեական գործը, ում դեմ մեղադրական դատավճիռն ավելի վաղ վերանայվել էր Թուրքիայի գերագույն Վերաքննիչ դատարանի կողմից: Գերմանական DPA գործակալությունը հաղորդում է, որ ըստ գրողի` Թուրքիայի իշխանություններն արդեն իրեն ձերբակալելու միջազգային օրդեր են տվել:

«Տպավորություն է, կարծես այս գործը  ֆուտբոլի գնդակ է դարձել Թուրքիայում իշխող տարբեր խմբավորումերի ձեռքում», – ասել է տարիներ շարունակ գերմանական Քյոլնում բնակվող թուրք գրողը՝ առանց մանրամասնելու, թե որ ուժերն են հատկապես իրեն հետապնդում:

Պաշտոնապես Աքհանլին մեղադրվում է 1989 թվականին տարադրամի փոխանակման կետի վրա ավազակային հարձակման և մարդասպանության համար, մեղադրանքն առաջադրվել էր ընդամենը երկու մարդու ցուցմունքի հիման վրա, ովքեր, սակայն, հետագայում հրաժարվել էին իրենց վկայություններից:

Գրողի համոզմամբ, մինչդեռ, իրականում Թուրքիայի իշխանությունները իրեն հետապնդում են ձախակողմյան հայացքների և Հայոց ցեղասպանության մասին արած հրապարակային հայտարարությունների համար:

«Հույս ունեի, որ այս ողջ տխմարությունն արդեն ավարտվել է», – գերմանական լրատվամիջոցներին երեկ ասել է թուրք գրողը, ում օգտին ավելի վաղ պաշտպանական հայտարարություններ էին տարածել գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիրներ Գյունթեր Գրասն ու Օրհան Փամուկը:

Երեկ Ստամբուլում տեղի ունեցած աղմկահարույց դատավարությանը ևս հետևել են մի շարք արևմտյան մտավորականներ ու իրավապաշտպաններ:

«Ես պայքարում եմ Թուրքիայի վարած մերժողական քաղաքականության դեմ և հայերի նկատմամբ իրագործած ցեղասպանության ճանաչման համար», – հարցազրույցներից մեկում ասել էր Աքհանլին ու ընդգծել․ – «Ես ցանկանում եմ կրկին զգալ, որ այն երկիրը, որտեղ ծնվել եմ, իմ երկիրն է: Այդ իրավունքը վերապահված է նաև այն հայերին, ովքեր ժամանակին ապրել են Թուրքիայում և կորցրել են իրենց հայրենիքը»:

Մանրամասները՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031