Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ավարտել է Նարեկ Զարգարյանի մահվան վերաբերյալ քննվող քրեական գործի դատաքննությունը:
Ամբաստանյալ Ալվինա Հարությունյանի համար մեղադրող Դիանա Զոհրաբյանը պահանջել էր մեկուկես տարվա ազատազրկում, իսկ դատավոր Մ.Մակյանը նրան դատապարտել է երեք տարվա ազատազրկման, զրկելով նույնքան տարի մեքենա վարելու իրավունքից:
Ալվինա Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չբացակայելու մասին, մնացել է անփոփոխ: Տուժողի իրավահաջորդին կտրվի մեկուկես միլիոն դրամի քաղհայց ներկայացնելու իրավունք:
Aravot.am-ն անդրադարձել է այս գործի քննությանը, պաշտպանական կողմի միջնորդություններին: Ըստ գործի նյութերի, Ալվինան վիճելով Նարեկի հետ, նստել էր նրա «Համմեր» մակնիշի մեքենան, ներսից փակել էր դռները, առանց Նարեկի թույլտվության, փախցրել էր այն, իսկ Նարեկը կառչել էր մեքենայի ձախ կողնակից:
Կարդացեք նաև
Մեքենան կանգ չէր առել, Նարեկը ընկնելով` մահացել էր:
Տուժողի իրավահաջորդ Նարեկի մայրը` Կամելա Սաֆարյանը դատաքննության փուլում Aravot.am-ին հայտնել էր, որ որդու՝ Նարեկ Զարգարյանի կողմից ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայից կառչելը և գոռոցներով կանգնել պահանջելը միանշանակորեն վկայել են այն մասին, որ Ալվինա Հարությունյանն ավտոմեքենան վարել է Նարեկի կամքին հակառակ, սակայն չնայած դրան, դատախազն այդ արարքը հանցագործություն չէր համարել և ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածով` ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար փախցնելը առանց հափշտակելու նպատակի, Ա.Հարությունյանին մեղադրանք չէր առաջադրել:
Հիշեցնենք, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ` փաստաբան Երեմ Սարգսյանը բացարկ էր հայտնել դատախազին, պատճառաբանելով, որ գործի քննությունն այդ մեղադրողի մասնակցությամբ, որը հաստատված է համարում վերոնշյալ փաստերը, սակայն ամբաստանյալի արարքն ինչ-ինչ նկատառումներով սխալ` ակնհայտ մեղմ է որակում, չի կարող արդար լինել:
Փաստաբան Երեմ Սարգսյանը նշում է, որ Ալվինա Հարությունյանի արարքում առկա է եղել մեղքի անզգույշ ձևը, այսինքն, որ նա դիտավորություն չի ունեցել փախցնել Նարեկ Զարգարյանի ավտոմեքենան և վնաս պատճառել նրա կյանքին կամ առողջությանը: Փաստաբանին առավել զարմացրել էր մեղադրողի այդ հայտարարությունը, թե իր այդ դիրքորոշումը պաշտպանում է ողջ դատախազությունը, քանի որ այն ըստ նրա ձևավորվել է ՀՀ գլխավոր դատախազությունում ունեցած քննարկումների արդյունքում:
Փաստաբանը վկայակոչել էր «Յանկովիչն ընդդեմ Խորվաթիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռը, նշելով, որ Խորվաթիայի քրեադատավարական օրենսդրությունը նախատեսում էր տուժողի իրավունքների պաշտպանության մի շարք կառուցակարգեր, այդ թվում՝ սուբսիդիար մեղադրողի գործառույթ իրականացնելու իրավունքը: Յանկովիչի գործով Եվրոպական դատարանը գտել է, որ պետությունը չի կատարել իր այդ պոզիտիվ պարտականությունը, քանի որ «inter alia»` տուժողին իրական հնարավորություն չի տրվել իրականացնելու իր դեմ ոտնձգություն թույլ տված անձի քրեական հետապնդում: Դրա հիման վրա արձանագրվել է Եվրոպական կոնվենցիայի 8–րդ հոդվածի խախտում, ինչը սահմանում է յուրաքանչյուրի անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ