ԱՄՆ-ում «System of a Down» ռոք խմբի վերջին համերգը վերածվել է հայկական միջոցառման:
Ինչպես գրում է «Ռոուլինգ սթոուն» հանդեսը, կիթառահար Տարոն Մալաքյանը 17 հազար հանդիսատեսի առաջ հուլիսի 29-ին բղավում էր. «Մենք Հոլիվուդում ենք, չէ՞: Հոլիվուդում դուք հայերեն եք խոսում, չէ՞»:
Երգերից մեկի ժամանակ Մալաքյանը խնդրել է, որպեսզի ներկաները թափահարեն իրենց թեւերը, ինչից հետո երեւացել են հայկական դրոշները:
Երեկոն ավելի է լրջացել, երբ Սերժ Թանկյանը դիմել է հավաքվածներին, որպեսզի պատկերացնեն, թե Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն միացել է Գերմանիային ու հրեաների ցեղասպանության վրա աչք է փակում: Ապա նա բարկացած մեղադրել Հայոց ցեղասպանությունը ժխտողներին ու սկսել երգել «Սուրբ լեռներ» (Holy mountains) երգը` բղավելով «Սուտասա՜ն, մարդասպա՜ն, Հրե՜շ» բառերը:
Կարդացեք նաև
Երեկոյի վերջում խմբի թմբկահար Ջոն Դոլմանյանը խոստացավ, որ իրենք կվերադառնան նոր ալբոմով:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ