Սահմանված ժամանակացույցի համաձայն մայրաքաղաքի վարչական շրջաններում բնակիչների ընդունելության օրն անցկացնելու նպատակով այս անգամ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անակնկալ այցերով եղել է Դավթաշեն և Շենգավիթ վարչական շրջաններում:
Զրուցելով բնակիչների հետ, ծանոթանալով նրանց խնդիրներին ու լսելով առաջարկները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքային ծրագրերի հիմքում այսօր ևս դրված են բնակիչների կողմից բարձրացված խնդիրներին ականջալուր լինելն ու դրանց լուծումներ տալը. «Այս ընդունելություններին իմ անակնկալ այցերի նպատակն այն է, որ բնակիչների հետ անմիջական շփումների միջոցով առավել մոտիկից ծանոթանամ բարձրացվող խնդիրներին: Համոզված եղեք, որ քաղաքային իշխանություն-բնակիչ կապն ավելի ու ավելի է ամրապնդվելու, և մենք միասին, հետզհետե լուծելու ենք բոլոր այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ ծառացած են եղել մեր առջև»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և նախաձեռնության համար՝ բնակիչներն իրենց հերթին նշել են, որ մայրաքաղաքում այսօր ընթացող լայնածավալ աշխատանքներն արդեն իսկ փաստում են, որ իրենց կողմից բարձրացվող հարցերն ու առաջարկները հետզհետե ծրագրային ընթացք են ստանում և կյանքի կոչվում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին տեղում հանձնարարել է լինել հետևողական բնակիչների կողմից բարձրացված խնդիրների լուծման հարցում ու էլ ավելի ամրապնդել վարչական շրջանի աշխատակազմ-բնակիչ կապը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն