Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այսպիսին էր տասներորդ «Ոսկե ծիրանը»

Օգոստոս 01,2013 16:17

«Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնը, որ կայացավ հուլիսի 7-14, իր մրցութային չորս անվանակարգերում և արտամրցութային տասը ծրագրերում Երևանում ներկայացրեց մոտ 230 ֆիլմ աշխարհի 61 երկրից: Կինոյի յոթնօրյա տոնին քաղաքի յոթ սրահներում` «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում (այդ թվում նաև` «Մոսկվա» կինոթատրոնի ամառային բացօթյա դահլիճում), Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում, Հ.Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում, Պողոսյան այգիներում, ԹՈՒՄՈ կենտրոնում, ինչպես նաև «Հեմինգուեյ» փաբում և ԱԿՈՒՄԲ-ում փառատոնը ներկայացրեց հեղինակային կինոյի համաշխարհային լավագույն նմուշները` կինոսրահ հրավիրելով մոտ 51.000 հանդիսականի: Երևանի միջազգային կինոփառատոնն այս տարի ընդլայնվեց իր կարևորագույն ծրագրերից մեկը` ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ իրականցվող «ԱՊՀ երկրների կինո» հատուկ ծրագիրը: Այն այս անգամ ներկայացվեց 2013թ-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Գյումրիում: Ծրագիրը Գյումրիի հանդիսատեսին նեկայացրեց նախորդ տարիներին ԱՊՀ արտադրության լավագույն ֆիլմերից 18 գործ:

Մինչ փառատոնի մեկնարկը, երեք շաբաթ շարունակ հատուկ փակ ցուցադրություններ կազմակերպվեցին մամուլի ներկայացուցիչների համար, որտեղ լրագրողներին ներկայացվեցին մրցութային ծրագրերին մասնակից ֆիլմերի գերակշիռ մեծամասնությունը: Այս տարի փառատոնը լուսաբանելու համար մամուլի ծառայությունը հավատարմագրել էր մոտ 300 լրագրողի` ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային մամուլի ներկայացուցչի: Ի դեպ, փառատոնը միջազգային լրատվամիջոցներից լուսաբանեցին Euranews հեռուստաընկերությունը, «Санкт-Петербургские Ведемости», «Вечерняя Москва», «Труд», Art1 Visual Daily, “КИНОТЕ”, Le Courrier d’Erevan, Nouvelle d’Armenie, Armenian Weekly, Garoon Monthly, Kino-teatr.ru, «Topic Life», Agence France Presse (Tbilisi), Norwegian broadcasting corp. (NRK P2) միջազգային լրատվամիջոցները: Կազմակերպված 28 մամլո ասուլիսների շրջանակներում «Ոսկե ծիրան»-ը հանրությանը մամուլի միջոցով ներկայացրեց իր ծրագրերը, ինչպես նաև Երևանում հյուրընկալած կինոգործիչներին: Փառատոնի բոլոր օրերին լույս տեսավ «Ոսկե ծիրան»-ի հատուկ օրաթերթը, որի համար աշխատեցին ինչպես արդեն տարիների վաստակ ունեցող կինոգետներ, այնպես էլ երիտասարդ կինոլրագրողներ, որոնց մասնագիտական հմտությունները հարստացան փառատոնին անիջապես նախորդած “Կինոլրագրողներ առանց ահմանների” հատուկ դասընթացի շնորհիվ:

Ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ ևս “Ոսկե ծիրան”-ի պատվավոր հյուրերից մի քանիսը համաձայնեցին Երևանում վարպետության բաց դասեր անցկացնել: Մասնավորապես, “Նաիրի” կինոթատրոնում հանդիպումներ կայացան ռեժիսորներ Գոդֆրի Ռեջջոյի, Մարգարեթե ֆոն Թրոթայի, Յոս Ստելինգի սցնարիստ Պավել Ֆիննի և կինոսոցիոլոգ Թյուե Սթին Մյուլլերի հետ:

ԹՈՒՄՈ կենտրոնում կայացած ամենօրյա հանդիպում–դասախոսություններին կենտրոնի պատանի ուսանողները հնարավորություն ունեցան հանդիպելու Ատոմ Էգոյանի, Գոդֆրի Ռեջջոյի, Պիետրո Մարչելլոյի, Մարիա Սահակյանի հետ:

Ֆիլմերի ծրագրերին զուգընթաց հուլիսի 9-11-ը փառատոի շրջանակներում կայացավ “Ռեժիսորներ առանց սահմանների” տարածաշրջանային 7–րդ համատեղ արտադրության ֆորումը, որտեղ մրցութային կարգով ներկայացվեց 13 կինոնախագիծ: Գլխավոր 5000 եվրո մրցանակը` լավագույն նախագծի համար, շնորհվեց Մարիամ Խաչվանիի և Վլադիմիր Կաչարավայի “Dede” (Վրաստան) նախագծին: Հաջորդ`3500 եվրո մրցանակը, նախատեսված Արևելյան գործընկերության տարածաշրջանում առկա հանդուրժողականությունը և ընդհանուր սոցիալական խնդրիները ներկայացնող նախագծերի համար, շնորհվեց Քիվանչ Սեզերի և Սոներ Ալփերի «Blood Money» (Թուրքիա) նախագծին: Երրորդ համատեղ արտադրության մրցանակը`3500 եվրոյի չափով, տրվեց Էմիլ Մկրտչյանի, Հասմիկ Հովհաննիսյանի և Արևիկ Ավանեսյանի «A Song For Nola» հայկական կինոնախագծին:

Կայացավ նաև “Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ նախագծերի զարգացման աշխատաժողովը, որ տևեց հուլիսի 8-10-ը` ներգրավելով 5 կինոնախագիծ Հայաստանից, 5-ը` Թուրքիայից: Աշխատաժողովը, որին նախագծերը մասնակցում էին մրցութային կարգով, ամփոփվեց դրամական պարգևների շնորհումով: Մասնավորապես, գլխավոր մրցանակը` 10000 դոլարի չափով դրամաշնորհը հանձնվեց Արթուր Սուքիասյանին “Our Atlantis” նախագծի համար: Դոգան Բարանը Քութոլուն արժանացավ երկորդ մրցանակին (5000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ) “The Woman in the Window” նախածի համար: Հաջի Օրմանի “Homo Politicus” նախագիծը հատուկ հիշատակման արժանացավ:

Փառատոնը կարևորում է նաև “Ռուսաստանյան ֆիլմերի օրեր” հատուկ ծրագիրը, որ կայացավ ՌԴ մշակույթի նախարարության առաջարկով և աջակցությամբ և “Կինոֆեստ” պրոդյուսերական ընկերության հետ համատեղ: Փառատոնի արտամրցութային ծրագրերի շրջանակներում ներկայացվեցին նաև “Լեհական կինոյի օրեր” և “Վրացական ֆիլմերի շաբաթ” հատուկ բաժինները:

Հիշեցնենք նաև, որ “Ոսկե ծիրան” Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Արտավազդ Փելեշյանին հանձնվեց Հայ առաքելական եկեղեցու հատուկ “Եղիցի Լույս” մրցանակը` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի կողմից:

Հատուկ երեկոների շրջանակներում Փառատոնի հատուկ “Փարաջանովյան թալեր” մրցանակներ շնորհվեցին լեգենդար շանսոնիե` Փառատոնի այս տարվա պատվավոր հյուր Շառլ Ազնավուրին, ինչպես նաև գերմանացի ռեժիսոր Մարգարեթե ֆոն Թրոթային, հայազգի Ներսես Հովհաննիսյանին, հունգարացի Իշտվան Սաբոյին և հոլանդացի Յոս Ստելինգին: Փառատոնի “Վարպետ” մրցանակին արժանացավ Կաննի մրցանակակիր, ռեժիսոր Ուլրիխ Զայդլը:
Հատուկ ծրագրերով նշվեցին Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանը, ինչպես նաև Արտավազդ Փելեշյանի և Ներես Հովհաննիսյանի 75-ամյա հոբելյանները:

«Ոսկե ծիրան»  Երևանի միջազգային կինոփառատոնը ուրախ է տեղեկացնել նաև, որ այսուհետ համագործակից է “Նվիրիր կյանք” բարեգործական նախագծին:

«Ոսկե ծիրան» փառատոնի մամլո ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031