Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

էնդոկրինոլոգ. «Չի կարելի գնել ուտելիքը եւ 3-4 ժամ արեւի տակ ման տալուց հետո` ուտել»

Օգոստոս 01,2013 16:32

Ճիշտ է հանգստանալ տարվա մեջ մի քանի անգամ

«Միանշանակ, մարդ պետք է ընտրի հանգստի տեսակը` ըստ իր նախասիրությունների եւ ըստ իր օրգանիզմի: Մասնագետները գտնում են, որ ավելի ճիշտ է հանգստանալ տարվա մեջ մի քանի անգամ՝ կարճաժամկետ՝ այսինքն 1-2 շաբաթ՝ տարեկան 2-4 անգամ, քան տարին մեկ անգամ՝ մեկ ամիս տեւողությամբ»,- այսօր «Արմատ» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը:
«Եթե մենք դիտարկենք մեր օրգանիզմը, ապա կնկատենք, որ այն անընդհատ հանգստանալու ընթացքում է: Օրինակ, երբ քայլում ենք մեր մեկ ոտքը աշխատում է մյուսը հանգստանում է, հետո էլ հակառակը: Այսինքն` մեր օրգանիզմն այնպես է ստեղծված, որ մեր ամենօրյա աշխատանքի ընթացքում այն հանգստանում է: Դա մեզ պետք է օրինակ ծառայի: Այսինքն` մեր առօրյայում մենք պետք է ժամանակ գտնենք հանգստանալու համար, լինի դա աշխատանքի վայրում, աշխատանքից հետո, որպեսզի լարվածությունն այնքան չկուտակվի, որ ասենք հետեւյալ արտահայտությունը՝ «այնքան հոգնած եմ, որ անգամ հանգստանալ չեմ ուզում»: Այսինքն, մարդ իրեն այն աստիճանի գերհոգնածության է հասցնում, որ ցանկություն չի ունենում ոչինչ անելու՝ նույնիսկ տնից լողավազան հասնելու»,-բացատրում է տիկին Բաղրամյանը:

Նա խորհուրդ է տալիս հանգստանալու համար փոխել գործունեության ընթացքը. «Այսինքն, եթե իմ աշխատանքը նստակյաց է, ցանկալի է ժամը մեկ անգամ կանգնել, կամ թեկուզ նստած տեղում ինչ-որ մարզանքներ անել, երաժշտություն միացնել: Եթե իմ աշխատանքը ֆիզիկական է, խորհուրդ է տրվում, որ ես նստեմ, հանգստանամ: Եթե մտավոր աշխատանք ենք անում՝ հանգիստը կարող է լինել ֆիզիկապես ակտիվ, իսկ ֆիզիկական աշխատանքի դեպքում՝ հակառակը: Մկանը, օրգանը, որը լարված աշխատում է պետք է հանգստանա»:

Տիկին Բաղրամյանը խոսեց նաեւ հանգստի ժամանակ օգտագործվող սննդի մասին. «Ընդհանրապես ծանր ուտելիքը շոգ ժամերին խորհուրդ չի տրվում ուտել: Այսինքն, ամռանը մենք մի փոքր տեղաշարժ ենք անում ուտելիքը, եւ ծանր, դժվարամարս ուտելիքները տեղափոխում ենք առավոտվա ժամերին, ինչպես նաեւ երեկոյան հով ժամերին: Չի կարելի գնել ուտելիքը եւ 3-4 ժամ ման տալ արեւի տակ հետո սառեցնել ու ուտել: Այս պահին մթերքը սառեցնելը դեռ չի նշանակում, որ մինչեւ ուտելու պահը այն լավ է պահպանվել: Կարեւոր է շատ չխառնել ուտելիքները իրար հետ, որ գոնե վատանալու դեպքում, մենք հստակ իմանանք որ հենց այդ ուտելիքից ենք վատացել»:

Տիկին Բամինեն ասաց, որ ուտելիքների կամ խմիչքների վնասակարության աստիճանը որոշվում է դրանց օգտագործման չափով. «Այսինքն` մեկ շիշ գարեջուրը չի համարվում չարաշահում, սակայն եթե տղամարդը խմում է մեկ շիշ գարեջուր, մի երկու բաժակ օղի, մի երկու բաժակ էլ գինի խորովածի հետ պարզ է, որ արդյունքում կունենանք խառնուրդ ե´ւ ուտելիքի ե´ւ խմիչքի՝ այսինքն` թունավորում: Եթե մարդու առողջությունը լավ է, նա կարող է որեւիցե գանգատ չունենա, բայց եթե նա ունի սրտի, ստամոքսի հետ որոշակի խնդիրներ դրանք արդեն, միանշանակ, գլուխ կբարձրանան: Ես չեմ ասում՝ չուտել, այլ ամեն ինչ ուտել, բայց չափի մեջ»:
Նա նշեց, որ ծարավը հագեցնելու համար խորհուրդ է տրվում միայն մաքուր ջուր խմել: Նա ասաց, որ ծովում խորհուրդ է տրվում մեծ քանակով հեղուկներ, միրգ, բանջարեղեն օգտագործել. «Ծով մեկնելիս, բնականաբար, շատ ճիշտ է օգտագործել ծովային մթերքներ: Մարդիկ տարիներով ապրում են ծովի մոտ եւ նրանց սննդակարգն արդեն ինչ-որ ձեւով ձեւավորվել է, եւ նրանք գիտեն ինչ եւ երբ է պետք ուտել»:
Ըստ Բ. Բաղրամյանի՝ եթե մարդ ունի որեւէ մաշկային խնդիր, մինչեւ հանգստի գնալը պետք է հետազոտվի եւ պաշտպանվի այն ալերգիայից, որը նա ունի. «Գնալուց առաջ պետք է, անպայման, ունենալ հակաալերգիկ պրեպարատներ եւ բժիշկ ունենալու դեպքում` կապը պահպանել նրա հետ»:

Անի ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031