Քաղաքապետարանի քարտուղարն ասում է, որ հարցը քննարկման փուլում է
Նախորդ ամսվա կեսերին Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի բաժնի պետերի և համապատասխան ծառայությունների ղեկավարների հետ խոհրդակցության ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քաղաքապետ Սամվել Դարբինյանն անդրադարձել էր նաեւ ամսվա սկզբից նվազագույն աշխատավարձի շեմի, գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման խնդրին` նկատելով, որ փոփոխությունները հնարավոր ազդեցություն կարող են ունենալ քաղաքի բյուջեի ծախսային մասի վրա:
Ըստ Վանաձորի քաղաքապետարանի կայքէջում տեղ գտած հաղորդագրության` նախնական հաշվարկներով, միայն աշխատավարձի նվազագույն շեմի բարձրացման պարագայում մինչև տարեվերջ քաղաքի բյուջեին անհրաժեշտ կլինի շուրջ 40 մլն դրամ:
«Եթե դրան հավելենք նաև քաղաքապետարանին ենթակա հիմնարկներում գազի (նաև նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների ջեռուցում), էլեկտրաէներգիայի սպառման դիմաց վճարումների ավելացումը, ապա իրապես Վանաձորի բյուջեին մեծ փորձություն է սպասում»,-նշված է հաղորդագրության մեջ:
Համաձայն հաղորդագրության` իրավիճակը մեղմելու համար Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հանձնարարությամբ բոլոր ենթակա կառույցները պարտավորված կլինեն անցնել խիստ խնայողությունների ռեժիմով աշխատաոճի, իսկ քաղաքապետարանի և նրան ենթակա հիմնարկներում անհրաժեշտ կլինի մեկ անգամ ևս վերանայել վարչարարությունը և բացահայտել աշխատանքային թերծանրաբեռնվածությամբ աշխատակիցներին: Հնարավոր է, որ անգամ անխուսափելի լինեն հաստիքային կրճատումները:
Մեզ հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ հաստիքային կրճատումներ չեն եղել, հարցը քննարկվում է, այն ուսումնասիրությունների փուլում է: «Հաստիքային կրճատումների եւ խնայողություններին անցնելու վերաբերյալ համապատասխան ուսումնասիրություններ կարվեն, կքննարկվեն, դեռ վաղ է այդ մասին խոսել»,-նշեց նա:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ