Այսօր կեսօրին Երևանի քաղաքապետարանի մոտ քաշքշուկ է տեղի ունեցել: Ակտիվիստները պատրաստվում էին վրան տեղադրել քաղաքապետարանի մոտ նստացույց անողների համար, սակայն ոստիկաններն արգելել են: Արդյունքում տեղի է ունեցել քաշքշուկ, armtoday.am կայքի համակարգող, մեկնաբան Արգիշտի Կիվիրյանին տարել են ոստիկանություն:
Aravot.am-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցից հետաքրքրվեց` արդյոք մարդու իրավունքների, հավաքների ու ազատությունների օրենքի խախտում չէ՞ այն, որ թույլ չեն տվել ակտիվիստներին վրան տեղադրել: Իրավապաշտպանը պատասխանեց. «Կատարվածը ապօրինություն է ոստիկանության աշխատակիցների կողմից: Արդեն նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանն է ճանաչել, որ նմանատիպ դեպքերում վրանի տեղադրումը հրապարակային ակցիայի դրսևորման ձևերից մեկն է, և դրա արգելումը խոչընդոտում է հավաքների ազատության մասին օրենքի կիրառմանը»: Անդրադառնալով Ա. Կիվիրյանին ոստիկանություն տանելու փաստին` Ա. Սաքունցը նշեց. «Կիվիրյանին բերման ենթարկելը հերթական ապօրինությունն է ոստիկանության աշխատակիցների կողմից: Սա նշանակում է, որ իշխանությունը շարունակում է գործածել անօրինական ջանքեր ու գործողությունների է դիմում քաղաքացիական ակտիվությունը կասեցնելու ուղղությամբ»:
Կանխատեսումներ անելով` պարոն Սաքունցն ասաց. «Քանի դեռ նման այլ դեպքերում ոստիկանության աշխատակիցները պատասխանատվության չեն ենթարկվել` բացառությամբ մի քանի դատական պրոցեսների, մասնավորապես Լևոն Բարսեղյանի բերման ենթարկելը, մնացած բոլոր դեպքերում ապօրինություն ցուցաբերած ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվել, նրանց ուղղակի հովանավորումը իշխանության կողմից էլի կշարունակվի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ