Aravot.am-ի ընթերցողներից մեկը Հովհաննես Թումանյանի «Հայաստանի օգնության կոմիտեների առիթով» հոդվածի տակ որպես մեկնաբանություն գրել էր. «ՀՀ գրողների միությունը մի զինվորական գնդի չափ անդամներ ունի, սակայն այս օրերի իրադարձությունների հետ կապված, ոչ մեկի ձայնը չի լսվում:Իսկ ո՞վ է այսօրվա Հովհ.Թումանյանը կամ գոնե նրա կեսը…Հարգելի գրողներ, էլ չդժգոհեք, որ ձեզ չեն կարդում: Դուք սկի պահելու բան չեք, էլ ուր մնաց,որ ինչ-որ մեկը ձեր ուղեղների արտաթորանքը կարդա»:
Aravot.am-ը ՀԳՄ անդամ, գրականագետ, խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Արքմենիկ Նիկողոսյանին խնդրեց կարծիք հայտնել մերօրյա այն գրողների ու ՀԳՄ վերաբերյալ, որը անտարբեր ու իներտ է հասարակական հնչեղություն ունեցող խնդիրների հանդեպ:
«Ժամանակին նույն ինքը՝ Հովհաննես Թումանյանը, երազում էր գրողների միություն ստեղծելու մասին, որպեսզի կարողանա իր ձայնով, որ առանց այն էլ հնչեղ էր, իր հեղինակությամբ, որ առանց այն էլ շատ բարձր էր, ավելի հստակ ուղղորդել այդ շարժումը»,-ասաց մեր զրուցակիցը:
Ապա հավելեց, որ անցել են ժամանակները, երբ գրողների միության կարծիքը համարժեք է բոլոր գրողների կարծիքին. «Այսօր անհատականությունները շատ-շատ են, եւ գրողների միությունը, ցավոք կամ բարեբախտաբար, չի կարող միասնական կարծիք հայտնել: Վերցնենք թեկուզ Լեւոն Խեչոյանի կամ Սամվել Մկրտչյանի օրինակը. նրանք պարբերաբար հանդես են գալիս քաղաքացիական դիրքորոշմամբ, ինչը ճիշտ է: Կարծում եմ՝ գրողների միությունը իրավունք չունի միասնական կարծիք հայտնելու, որովհետեւ այնտեղ կան ամենատարբեր տաղանդի եւ ամենատարբեր հեղինակության տեր մարդիկ: Անկեղծ ասենք գրողների միությունում շատ կան անտաղանդ գրողներ ու գրական միջակություններ, եւ բերել մի գրական միջակությանը խառնել Գուրգեն Խանջյանի կամ Լեւոն Խեչոյանի եւ մյուսների հետ՝ սխալ է»:
ՀԳՄ համագումարի մասին Արքմենիկ Նիկողոսյանի հարցազրույցը՝ վաղվա տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ