Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Եթե շատ են վթարային շենքերը, բերեք ոչ ոքի խնդիրը չլուծենք». բնակիչները կառավարության որոշման մասին (Տեսանյութ)

Օգոստոս 01,2013 15:13

Այսօր կառավարության շենքի մոտ Սեւան քաղաքի Նալբանդյան 36 շենքի 2-րդ մուտքի բնակիչները բողոքի ակցիա էին անում: Բնակիչների պատմելով. «Ամեն վայրկյան հնարավոր է շենքի պատերը փլվեն: Չենք կարողանում դուռ բացել, ներս մտնել, որ իրերը հանենք բնակարաններից: 2 բնակարանների մեջտեղի միջնապատի քարերը լրիվ մեջտեղից բացվել են»: 

Շենքը 4-րդ աստիճանի վթարային է, 3 տարի առաջ որոշվել էր ամրացնել, հետո, ինչպես բնակիչները վստահեցրին, կառավարությունը գտավ, որ ամրացման աշխատանքները վտանգավոր են, ուստի մեկ այլ որոշում կայացրեցին` քանդել շենքը` նորը կառուցել: Եվ քանի որ շենքը պետք է քանդվեր, բնակիչները պետք է դուրս գային իրենց բնակարաններից, եւ յուրաքանչյուրն իր հաշվին բնակարան վարձեր մինչեւ նոր շենքը կառուցվեր: Սա, իհարկե, բնակիչների մոտ դժգոհություն չի առաջացրել, որովհետեւ նրանք լավ էլ ուրախացել էին` վերջապես նոր անվտանգ բնակարաններ կունենան:
Ուրախությունն այդ, սակայն, կարճ տեւեց:
Մոտ մեկ տարի առաջ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը բնակիչներին այցելության ժամանակ վատ լուր է փոխանցել` նոր շենք չենք կարող կառուցել, բյուջեում գումար չկա, իսկ նման շենքերը բազմաթիվ են. ավելի ձեռնտու է գումար հատկացնել, բնակիչներն էլ իրենք իրենցով բնակարաններ գնեն. «Այսպես հասկանա՞նք` եթե շատ են նման շենքերը, բերենք ոչ ոքի խնդիրը չլուծենք: Նախորդ տարի արդեն որոշում էին կայացրել 57 միլիոն դրամ հատկացնել`16 բնակարանների համար, բայց այդ գումարով մենք չենք կարող նույն մեր ունեցած մակերեսով բնակարան գնել, պետք է ասենք`1 սենյակ գնելու համար 3000 դոլար ավելացնենք: Ընդ որում, շքեղ բնակարաններ չենք ընտրելու: Այդ գումարը ոչ էլ փոխանցել են»:
Տեսանյութ`
Մինչ սեւանցիները կառավարության շենքի դիմաց իրենց դժգոհություններն էին ներկայացնում, ներսում` կառավարության հերթական նիստում որոշում կայացվեց Սեւան քաղաքի Նալբանդյան 36 վթարային շենքի 2-րդ մուտքի բնակիչների բնակարանային խնդիրների լուծման համար 57 միլիոն 500 հազար դրամի աջակցության պայմանագրեր կնքել, յուրաքանչյուր բնակարանի համար հատկացվող գումարը չպետք է գերազանցի 5 միլիոն դրամը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031