Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյուղնախարարին պատկանող գործարանը դեղձն ընդունելու է ինքնարժեքից ցածր գնով Նախարարը դա համարում է աջակցություն

Օգոստոս 01,2013 15:09

Հուլիսի 29-ին գյուղնախարար Սերգո Կարապետյանը «Սպայկա» ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանի հետ այցելել է Տավուշի մարզ, քննարկել դեղձի մթերման, իրացման հետ կապված հարցեր, եղել Դեբեդավան համայնքում, ուր «Սպայկա» ընկերությունը պտղաբույծներից դեղձ է ընդունում: Ըստ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքի՝ «Նախարարը նշեց, որ պետության գերխնդիրը մթերումն է, պետությունը հանդես է գալիս միջնորդի դերում, եւ ամեն ինչ արվում է գյուղացուն աջակցելու համար»: Դեբեդավանի գյուղապետ Վանյա Դամիրչյանից տեղեկացանք, որ օգոստոսի 1-ի դրությամբ «Սպայկան» Դեբեդավանում Սամսոն Գիշյանի («ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանի եղբայրն է) 10 հա բերքատու այգիներից ընդունել է շուրջ 80 տոննա դեղձ՝ կիլոգրամը 125 դրամով: Վ. Դամիրչյանն ասաց,որ դեբեդավանցի այգեգործները իրենց դեղձը «Սպայկային» չեն հանձնում, քանի որ ընկերությունն ընդունում է միայն թերհասունացած դեղձ, երբ պտղի քաշը փոքր է: Գյուղապետի վկայությամբ ՝ Դեբեդավանում այս տարի «Սպայկան» կընդունի մոտ 180-200 տոննա դեղձ:

Արճիսի գյուղապետ Սեյրան Միկիչյանն ասաց, որ իրենց գյուղում մթերում չի կազմակերպվում: Նրա խոսքերով՝ «Սպայկան» ընդունում է թերահասունացած դեղձ, երբ պտղի կշիռը, հասունացածի համեմատ 30 տոկոսով պակաս է: Օգոստոսի 5-ից Այրումի պահածոների գործարանը Դեբեդի հովտի այգեգործներից դեղձ կընդունի կիլոգրամը մինչեւ 70 դրամով: Ս. Միկիչյանի վկայությամբ՝ դեղձի այգիները սեզոնի ընթացքում 7-8 անգամ թունաքիմիկատներով սրսկվում են, դրան գումարվում են ոռոգման ծախսերը, դեղձի մեկ կիլոգրամի ինքնարժեքը դառնում է 100 դրամ: Սերգո Կարապետյանին պատկանող Այրումի պահածոների գործարանը բերքը ընդունելու է ինքնարժեքից ցածր գնով, դա կարելի՞ է համարել աջակցություն:
Գյուղնախարարի խոսքերով՝ այս տարի Նոյեմբերյանի տարածաշրջանում սպասվում է 7 հազար տոննա դեղձ: Ի՞նչպես է այն իրացվելու: Արճիսցի, պտղավանցի, հաղթանակցի կանայք դեղձը ծախելու համար, վտանգելով իրենց կյանքը, դեղձով բեռնված դույլերը կողքին՝ նստում են միջպետական ճանապարհի եզրին: Անցյալ տարի դեղձ վաճառող արճիսցի մի կին միջպետական ճանապարհի եզրին դարձավ վթարի զոհ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031