Լրահոս
Օրվա լրահոսը

Մարալիկի ջրագծերը թալանո՞ւմ են

Օգոստոս 01,2013 14:31
jragic

Քիչ առաջ Aravot.am-ին էին ահազանգել մի քանի մարալիկցիներ` դժգոհելով, որ Երևանից եկած ինչ-որ մարդիկ թալանում են իրենց քաղաքի հին ջրագծի խողովակները, որոնք մոտ 10 կիլոմետր տարածքով են անցնում: Ըստ մարալիկցիների, դրանք ծառայում են որպես երկրորդ ջրագիծ քաղաքի բնակչության համար, մինչդեռ իրենց զրկում են վթարավտանգ իրավիճակներում ջուր ունենալու հնարավորությունից, բացի այդ խլում, տանում են քաղաքին պատկանող հարստությունը: « Ասում ենք՝ ցույց տվեք ձեր փաստաթղթերը, որի հիման վրա ձեզ իրավունք եք վերապահում մեր ջրագծերը քանդելու, թղթի կտոր ցույց տվող չկա, ասում են՝ ձեր ի՞նչ գործն է: Սա հերթական ապօրինությունն է , քանդում են` վնասելով բնակիչների հողատարածքներն ու տները, ջուրը լցվում է մարդկանց տները, ավերակ դարձնում»,- ներկայացրին բողոքավորները: 

Aravot.am-ը այս հարցով դիմեց Շիրակի մարզպետարան, որտեղից պարզաբանեցին, որ այդ նույն բողոքավորները, նրանց թվում է նաև ՀՀՇ-ի կառավարման օրոք Սպորտի նախարարի պաշտոնը զբաղեցրած Ալիկ Ավետիսյանը, որը երկու անգամ եղել է Ազգային ժողովի պատգամավոր, բողոքով եկել են մարզպետարան, մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն էլ դիմել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանին` պարզելու խնդիրը: Սակայն այդ ընթացքում Մարալիկի ՀՀԿ-ական քաղաքապետ Արտակ Գևորգյանը շտապել է մարզպետին ներկայացնել պաշտոնական փաստաթուղթ` համաձայն որի էլ ապամոնտաժում են Մարալիկի ջրագծերը:
Ըստ այդ փաստաթղթի՝ պետությանը պատկանող Արևիկի պոմպակայանը, որը 10 կիլոմետր տարածք է զբաղեցնում `ձգվելով Արևիկ գյուղից մինչև Մարալիկ քաղաք, ճանաչվել է սնանկ, նույնիսկ սնանկության գծով կառավարիչ է նշանակվել է «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ից Գևորգյան ազգանունով մեկը:
Սնանկ ճանաչված հիմնարկի գույքը հանվել է վաճառքի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանի կողմից , և հայտարարված աճուրդ-վաճառքում «Աղվան կոնկատ»-ը 46 միլիոն մեկնարկային գնով հաղթող է ճանաչվել: Նշենք նաև, որ այստեղ խոսքը գնում է 555 միլիմետրանոց խողովակների մասին, որի 1 գծամետրը`4600 դրամ է: Ի դեպ,մասնագետները մեզ հետ զրույցում փոխանցեցին, որ անչափ ցածր է գնահատված խողովակների արժեքը, այսինքն «Աղվան կոնտակտը» այն ձեռք է բերել գրեթե ջրի գնով: Նույն մասնագետների հաշվարկներով, վաճառքի մեկ մետրի արժեքը տատանվում է 10-12 հազար դրամի սահմաններում, և եթե 1000-1200 դրամ էլ վճարեն քանդող բանվորներին, ապա ընդհանուր առմամբ ջրագծերի վաճառքից կրկնակի եկամուտ կստանան: Այսինքն 46 միլիոն դրամով գնելու դեպքում, անձը վաճառքից առնվազն կստանա 110 միլիոն դրամ, որից 50-60 միլիոնը կլինի իր եկամուտը: Հիշեցնենք, որ մոտ 7 տարի է` ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների անունից, օրինակ` ժամանակին ՀՀ տարածքային վարչության նախկին նախարար Հովիկ Աբրահամյանի, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի անուններով հերթով ապամոնտաժում էին Շիրակի մարզի մի շարք գյուղերի`Մարմաշենի, Գետքի, Կապսի, Ջրաձորի, Վահրամաբերդի, Բանդիվանի ջրագծերը, որոնք ինքնին մեծ հարստություն էին գյուղերի համար: Կային նույնիսկ գյուղեր, օրինակ` Մարմաշենը, որի թուջե խողովակները թալանեցին պետական կարգով, դատարանի միջոցով այն խլեցին համայնքի ձեռքից ու օտարեցին: Ի դեպ, այս բոլոր պատմություններին «Առավոտ» օրաթերթը տարիներ շարունակ հատ-հատ անդրադարձել է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031