Այսօր Երեւանի քաղաքապետարանի դիմաց նստացույց անող ակտիվիստներին միացել են նաեւ «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության ակտիվիստները:
Քիչ առաջ ակտիվիստները վիճում էին Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ՝ պահանջելով վերադարձնել իրենց երեք պաստառներից մեկը, որը անհետացել էր:
«Խնդրում եմ հասարակական կարգը չխախտել, այն ինչ կատարում եք, արեք Հայաստանի մեր օրենքներով»,- դիմեց ակտիվիստներին պարոն Օսիպյանը:
«Դուք պաշտպանում եք պետական պաշտոնյաների շահերը»,- պատասխանեց ակտիվիստ Ռուզան Գրիգորյանը:
«ՀՀ ոստիկանությունը պաշտպանում է յուրաքանչյուր քաղաքացու շահերն ու ազատությունները»,- հակադարձեց պարոն Օսիպյանը:
«Գողեր, մի հատ պաստառ էլ պետք է լինի, ո՞ւր է, մեր պաստառներից մեկը պակասում է: Հարգելի՛, հանցագործ ոստիկաններ, վերադարձրեք մեր պաստառները»,- պահանջեցին ակտիվիստները:
Միջադեպ տեղի ունեցավ նաեւ գնդապետ Խաչատուր Ավետիսյանի եւ ակտիվիստ Սեւակ Մամյանի միջեւ: Գնդապետը նախ հրեց ակտիվիստին, երբ վերջինս պահանջում էր իրենց անհետացած պաստառը. «Հանգիստ, հանգիստ տղա ջան, ժպիտով, մի հրեք ինձ, տղա ջան»: «Դուք սադրի՞չ եք, թե՞ ոստիկան, ինչո՞ւ եք սադրում, պարոն ոստիկան»,- հակադարձեց ակտիվիստ Մամյանը: «Սադրիչը դու ես տղա ջան, քո պուճուր հասակով մեկ, եղա՞վ»,- վրա տվեց գնդապետը: Երբ ակտիվիստները նրան ասացին, թե դուք իրավունք չունեք քաղաքացիներին որակավորում տալ, ասաց. «Լավ եմ անում» ու հեռացավ:
Նշենք, որ այսօր կեսօրին, ակտիվիստները փորձել են վրան տեղադրել քաղաքապետարանի դիմացի մայթի կանաչ տարածքում, ոստիկանները խոչընդոտել են, վերցրել վրանը: Ոստիկան- ակտիվիստ քաշքշուկի ընթացքում վատացել է ակտիվիստ կանանցից մեկը, ում շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ