Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում ոչ մի պաշտոնի չեմ հավակնում»

Օգոստոս 01,2013 14:07

Արբակ Խաչատրյանը՝ իր «քրեական անցյալի» մասին

Ի՞նչն էր պատճառը, որ Լեֆորտովոյի կալանավայրից հետո, երբ Ձեզ վերականգնեցին ՌԴ ՄԻՊ-ի խորհրդականի պաշտոնում, Դուք չվերադարձաք այնտեղ աշխատելու՝ «Առավոտի» հարցին Մոսկվայում բնակվող անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը, ով ներկայում ՌԴ հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահի խորհրդականն է, ասաց. «Անկախ իրավապաշտպանը կամ կոռուպցիայի դեմ պայքարողը երբեք եւ որեւէ կերպ չպետք է կախված լինի այն կազմակերպությունից, որի սխալների դեմ պայքարում է ինքը: Կոնկրետ դեպքում ես պայքարում էի պետության սխալների դեմ, եւ ես չէի կարող աշխատավարձ ստանալ ՌԴ նախագահի ադմինիստրացիայից»: Նկատենք, որ ՄԻՊ-ի գրասենյակը ՌԴ նախագահին կից է:

«Ես չէի կարող օգտագործել նախագահականի շենքն ու գույքը, իմ հանգիստը անցկացնեի իրենց հանգստյան տներում ու անաչառ գործունեություն ծավալեի: Ամբողջ աշխարհը տեսավ, թե Վլադիմիր Վլադիմիրովիչից կախված՝ Մեդվեդեւի հետ ինչ կատարվեց: Ես, իհարկե, ինձ չեմ դնում այդ մարդկանց հետ նույն հարթության մեջ, բայց խնդիրն այս դեպքում այն է, թե ի՞նչ է լինում կախվածության մեջ գտնվող մարդկանց հետ: Իսկ այն ուղղությունը, որը ես եմ վերցրել, չէի կարող որեւէ մեկից կախված լինել»,- ասաց մեր զրուցակիցը:

Վերջին շրջանում Արբակ Խաչատրյանի հետաքրքրությունները Հայաստանում եւ Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ տեղիք տվեցին նրա, այսպես ասած, «մութ անցյալի» վերաբերյալ բացահայտումների: «Հայոց աշխարհ» թերթն անդրադարձավ Խաչատրյանի՝ 1990-ականների սկզբին ծավալած կոմերցիոն գործունեությանը եւ Հայաստանից «յուրացրած» գումարներին՝ նկատելով, որ դեռ այն տարիներից ունեցած իր քաղաքական հավակնությունները Խաչատրյանն այժմ է փորձում կյանքի կոչել: Սույն հրապարակումների առիթով «Առավոտի» հարցերին պատասխանելով՝ Խաչատրյանն ասաց. «Ես երբեւէ կոմերցիոն գործունեություն չեմ ծավալել, ոչ մի ընկերություն չեմ ղեկավարել: Նման բան չկա: Հայաստանում ես այդ տարիներին մեծ կարողություն եմ ունեցել, իմ հնարավորությունների շրջանակում փորձել եմ օգտակար լինել ծանր իրադրության մեջ հայտնված իմ երկրին, բայց հենց, այսպես ասեմ, Հայաստանն իմ դեմ դուրս եկավ, ես ամեն ինչ կորցրի: Ինձ տանից հարվածեցին: Բայց ոչնչի մասին ես հիմա չեմ խոսի, այդ ամենը կբացվի այն ժամանակ, երբ տանը նորմալ ղեկավար լինի ու կհասկանա»:

«Հայոց աշխարհի» հրապարակման մեջ նշված է, որ Խաչատրյանը եւ Հայաստանում, հետո նաեւ ՌԴ-ում քանիցս քրեական պատասխանատվության է ենթարկվել բանսարկությունների եւ ֆինանսական մեքենայությունների համար: «Առավոտի» հետ զրույցում Խաչատրյանի փաստաբանը՝ Վլադիմիր Լեւինը, ասաց, որ ինքը պատրաստ է հրապարակել ՌԴ-ում Արբակ Խաչատրյանի ձերբակալությանը վերաբերող վեց հատորանոց գործը: Ասաց նաեւ, որ երկու հատորը «հայաստանյան ձայնագրություններն» են, որտեղ բավականին ուշագրավ իրադարձություններ ու մանրամասներ կան ներկայումս Հայաստանում բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց վերաբերյալ: Խաչատրյանի՝ Լեֆորտովոյում անցկացրած տարիների մասին ռուսական «Իզվեստիան» գրել է. «2,5 տարի գտնվելով Լեֆորտովայի կալանավայրում՝ ցուցմունք չի տվել, քանի որ իր ցանկացած ասածը կարող էր օգտագործվել Հայաստանի դեմ»:

«Առավոտի» խնդրանքով «Հակակոռուպցիա» կազմակերպությունը մեզ տրամադրեց ՌԴ-ում Խաչատրյանի ձերբակալությանը վերաբերող փաստաթղթեր: Հիշեցնենք, որ Խաչատրյանին ձերբակալել են 2003-ին՝ մաքսանենգ ճանապարհով ՌԴ-ից Հայաստան գումար ուղարկելու համար: Զավեշտականն այն է, որ «Շերեմետեւո» օդանավակայանում  ձերբակալված անձի հանդեպ, ով փորձում էր 120.000 ԱՄՆ դոլար չհայտարարագրված գումար տեղափոխել Հայաստան, քրեական գործ չի հարուցվում, քանի որ վերջինս հայտնում է, թե իբր այդ գումարը հենց Արբակ Խաչատրյանի ցուցումով է Հայաստան տեղափոխում: ՌԴ անվտանգության դաշնային բյուրոյի (Ղհը) գեներալ-մայոր Վ. Ի. Սերգեեւի ստորագրությամբ փաստաթղթում գրված է, որ ՀՀ ԱԱԾ-ից ստացած տեղեկությունների համաձայն՝ Արբակ Խաչատրյանը կապ ունի Տիգրան Նաղդալյանի սպանության գործի հետ, ինչպես նաեւ չեչեն գրոհայիններին զենիթահրթիռային համալիրների վաճառքի գործին է մասնակից:

Հետագայում, իհարկե, ՀՀ դատախազության պաշտոնական պատասխանում ասվում է, որ Խաչատրյանը Նաղդալյանի սպանության մեջ մեղադրվողների մեջ անգամ չկա: Այդ ընթացքում «փորձաշրջանը չանցնելու կապակցությամբ» լուծարվում է ՌԴ ՄԻՊ-ի աշխատակազմի՝ Արբակ Խաչատրյանի հետ կնքած պայմանագիրը: Մինչդեռ Արբակ Խաչատրյանի ձերբակալումից որոշ ժամանակ առաջ ՌԴ ՄԻՊ Օլեգ Միրոնովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղած նամակում առաջարկում է Արբակ Խաչատրյանին շնորհել Առաջին կարգի պետական խորհրդականի աստիճան: Ավելի ուշ Արբակ Խաչատրյանն արդարացվում է, վերականգնվում աշխատանքի, որից երկու ամիս անց սեփական դիմումի համաձայն հեռանում է զբաղեցրած պաշտոնից: Ժամանակին ռուսական մամուլն ամենայն մանրամասներով անդրադարձել է սույն գործին:

Ի դեպ, «Հակակոռուպցիայից» «Առավոտի» խնդրանքին ի պատասխան՝ ասացին, որ Հայաստանում Խաչատրյանի քրեական գործից որեւէ մանրամասն տրամադրել չեն կարող, քանի որ իրենք պաշտոնապես դիմել են, բայց գործն այդպես էլ չեն ստացել, այն չկա: Թե ի՞նչ պատճառով է գործն անհետացել՝ չգիտեն: Ինքը՝ Խաչատրյանը, մեզ հետ զրույցում իր «քրեական անցյալին» անդրադառնալ չցանկացավ: Ասաց. «Փաստերն ու փաստաթղթերն ունեք, հետեւություններն ինքներդ արեք, ես ոչինչ ասել չեմ ցանկանում»: Իսկ իր քաղաքական հավակնություններին վերաբերող հարցին էլ այսպես պատասխանեց. «20 տարի առաջ, երբ երկիրը ղեկավարում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ 1993-ի սկզբին, ես էլ բավականին երիտասարդ էի, ինձ հետ քննարկեցին հարցը՝ ո՞ւմ նշանակել կառավարության ղեկավար: Այն ժամանակ ես հրաժարվեցի Հայաստանում որեւէ պաշտոն զբաղեցնելուց՝ ասելով, որ ես Մոսկվայում եմ բնակվում: Ես այսօր էլ հստակ ասում եմ, որ Հայաստանում ոչ մի պաշտոնի չեմ հավակնում»: Խաչատրյանի խոսքով՝ իր առավելագույն հավակնությունը կարող է լինել բարձրաստիճան պաշտոնական անձի խորհրդական լինելը, որտեղ «կարող եմ իմ երկրին օգուտ տալ. եթե դա պաշտոնի հավակնություն է…»:

Նրա համոզմամբ՝ այն մարդիկ, ովքեր կարծում են, որ պաշտոնը հզորություն է, չարաչար սխալվում են. «Պաշտոնը թուլություն է, քանի որ դա պատասխանատվություն է քո երկրի ու քո ժողովրդի համար: Ցավոք, Հայաստանում մենթալիտետը փոխվեց, բայց առանց պաշտոն մարդն է հզոր, նա կարող է եւ հարգանք վայելել, եւ գումարներ աշխատել, եթե խելք ունի: Հայաստանի այս վիճակում՝ քանդված տնտեսությամբ, երբ ամբողջ տնտեսական հզորությունները առեւտրի կենտրոններն են, նախագահի ինստիտուտը ցանկանալ վերցնելը հավասար է մահվան»:

Նրա համոզմամբ՝ նախագահի ինստիտուտը Հայաստանում չի աշխատի. «Ամենամեծ հարվածն այսօր ուտելու է Սերժ Սարգսյանը, որի գործած մեղքերն անհամեմատ ավելի քիչ են: Նա ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ղարաբաղում ղեկավարել է այդ ժամանակի համար պատասխանատու նախարարությունները, իր աշխատանքը կատարել է լավ, բայց նա քաղաքական դեմք չէր: Բայց այսօր իր նախորդների կեղտերը՝ մեկի քանդելը, մյուսի թալանը, ընկան իր վրա: Նախագահը մենակ, մի անձով չի կարող իր վրա վերցնել պատասխանատվությունը ու հարցերը կարգավորել, բայց նախագահից պահանջելու են: Հետեւաբար կառավարման համակարգը պետք է փոխվի, որ հզոր երկրները մի անձից չկարողանան պահանջել: Իսկ Հայաստանի առջեւ այսօր այնպիսի հարցեր են կանգնած, որ լուծումներ են պահանջում: Հայաստանում մենթալիտետը պետք է փոխվի, եւ մասնագետը պետք է գնահատվի: Խանութի տերերը, չարչիները, ինչքան էլ փող ունենան, չեն կարող թելադրող լինել: Միայն այդ դեպքում Հայաստանը ոտքի կկանգնի»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարում` Թե ի՞նչ է լինում մարդկանց հետ,

ովքեր կախված են Վլադիմիր Վլադիմիրովիչից:

Նկարը՝ ԱՐԲԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031