Թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թափուր տեղի համար ԲՀԿ-ն թեկնածու չի առաջադրի, իսկ մյուս կուսակցությունները շուտով կորոշեն
«Ժառանգություն» կուսակցության բոլոր անդամները Կապանի եւ Մեղրիի տարածաշրջանն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքի հավանական թեկնածուներ են. երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Թեեւ կուսակցությունը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել, բայց ինչպես պարոն Մարտիրոսյանն ասաց՝ ընտրությունների մասնակցության հավանականությունը 50/50 է: Մեր դիտարկմանը, որ մամուլում շրջանառվել է նաեւ կուսակցության անդամ եւ համամասնական ընտրակարգով ընտրված արդեն ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, պարոն Մարտիրոսյանն ասաց, որ չի բացառվում նաեւ այդ տարբերակը. հնարավոր է նաեւ հենց Արմեն Մարտիրոսյանի, Ստյոպա Սաֆարյանի թեկնածություններն առաջադրվեն. «Ինչպես նաեւ «Ժառանգության» նաեւ ոչ հայտնի անձանց թեկնածուներն են հնարավոր տարբերակներ»:
Կուսակցությունը դեռ պետք է «գցի-բռնի», քննարկի ու հասկանա սեպտեմբերի 30-ին կայանալիք ընտրությունում պայքարի ու հաղթանակի շանսերը, քանի որ, ինչպես պարոն Մարտիրոսյանն ասաց. «Մենք պետք է հաշվի առնենք մեր ռեսուրսները, հաշվի առնենք իշխանության՝ մինչեւ վերջ ատամներով ամեն կեղծարարությամբ ձայն ապահովելը: Վերջապես «Ժառանգությունն» այն կուսակցությունն է, որը 1,5 տարվա ընթացքում 4 ընտրական պրոցեսի է մասնակցել, այն էլ ֆինանսական աղբյուրներ չունեցող եւ բացառապես կամավորական աշխատանքով գործունեություն ծավալած կուսակցության համար դա քամի չէ: Էներգիան ահավոր ձեւով սպառվում է ընտրարշավների ժամանակ, ու այսքան ժամանակ անընդհատ նմանատիպ քարոզարշավների մասնակցելն առանց ֆինանսական միջոցների, իհարկե, բարդ է»:
Հիշեցնենք, որ թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավոր էր «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանի որդին, որին վերջերս Սյունիքի մարզպետ նշանակեցին: Այս նշանակումից հետո, բնականաբար, շատերի ախորժակը բացվեց՝ պատգամավորի թափուր տեղը զբաղեցնելու համար: Լուրեր էին շրջանառվում, որ այս ընտրատարածքում որպես պատգամավոր Մաքսիմ Հակոբյանը ցանկանում է նորից իրեն հարազատ մեկին տեսնել, եւ խոսք էր գնում նրա եղբոր որդու՝ Առնոլդ Հակոբյանի թեկնածության մասին:
«Առավոտը» ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց՝ արդյոք ՀՀԿ-ն որոշե՞լ է՝ ում թեկնածությունն է առաջադրելու, եւ որքանո՞վ է հավանական Առնոլդ Հակոբյանի թեկնածությունը ՀՀԿ-ի կողմից, կամ գուցե կուսակցությունը սպասում է ՀՀԿ եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արձակուրդից վերադառնալո՞ւն, որպեսզի որոշում կայացնի:
«ՀՀԿ-ն դեռ չի քննարկել այդ հարցը, հետեւաբար որեւէ մեկի թեկնածությանը չենք անդրադարձել. օրենքով սահմանված ժամկետներում կքննարկենք եւ կհրապարակենք»,- պատասխանեց Էդուարդ Շարմազանովը:
Եթե «Ժառանգությունը» ֆինանսական ռեսուրսների խնդիր ունի այս ընտրությանը մասնակցելու համար, ապա նման խնդիր չունեցող ԲՀԿ-ն թիվ 38 ընտրատարածքում թեկնածու չի առաջադրի: Այս մասին մեզ հետ զրույցում վստահեցրեց ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը: Իսկ թե ինչո՞ւ՝ տիկին Զոհրաբյանն ասաց, որ դա կուսակցության ներքին քննարկումների որոշումն է. «Հանձնաժողովի մեր անդամները կպաշտպանեն ազատ եւ արդար ընտրությունը»: Մեր այն հարցին էլ՝ հնարավո՞ր է, որ երբ ՀՀԿ-ն իր թեկնածուն առաջադրի, ԲՀԿ-ն որոշի սատարել ՀՀԿ-ի թեկնածուին, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Մենք ՀՀԿ-ի հետ որեւէ հարցի շուրջ որեւէ քննարկում չունենք»:
ՀՅԴ-ն եւս դեռ չի քննարկել՝ արդյոք թիվ 38-ում թեկնածու կառաջադրի՞, թե՞ ոչ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ կուսակցությունում քննարկելուց հետո կորոշեն: Մեր այն դիտարկմանն էլ, որ Կապանի նախկին քաղաքապետ Արթուր Աթայանի թեկնածության մասին լուրեր են եղել, պարոն Վարդանյանն ասաց. «Մենք այնտեղ ունենք հրաշալի, փայլուն տղաներ, դեռ կքննարկենք, իսկ քննարկումն ունի 2 կողմ՝ առաջադրե՞լ, թե՞ չառաջադրել, եթե առաջադրել, ապա՝ ո՞ւմ»:
Նշենք, որ թիվ 38 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի թափուր տեղը լրացնելու համար սեպտեմբերի 30-ին տեղի կունենան ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ, ինչի համար կառավարությունը վաղը որոշում կկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել մոտ 50 միլիոն դրամ՝ ընտրությունները կազմակերպելու համար:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ