Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսիսային պողոտայից մինչեւ Հյուսիսային Եվրոպա

Օգոստոս 01,2013 13:51

Երիտասարդ արվեստագետն իր հասակակիցների, մերօրյա գրականության, պետբյուջեի թալանի ու եկեղեցու անտարբերության մասին

Ժամանակը ցույց է տվել, որ արվեստում եւ գրականության մեջ արգելված շատ գործեր տարիներ անց դառնում են մի ողջ ժամանակաշրջանի գեղարվեստական նորարարության նմուշներ: Նման ճակատագրի են արժանացել ժամանակին Պարույր Սեւակի, Հովհաննես Շիրազի, Հովհաննես Գրիգորյանի, Հրաչյա Սարուխանյանի եւ մյուսների ստեղծագործությունները, որոնցով փաստորեն մերժվել է ավանգարդիստների մուտքը մեր գրականություն՝ դրանք հայտարարելով «վտանգավոր եւ գրականության համար ոչ պիտանի»: Մեր ժամանակներում էլ կան նման դեպքեր: Երիտասարդ բանաստեղծ Վահե Արսենի բանաստեղծությունների 2-րդ՝ 2007թ. լույս տեսած «Կանաչ աստվածների վերադարձը» ժողովածուն  մեկ տարի ժամկետով «ձերբակալվեց», արգելվեց վաճառքը եւ միայն 2008-ի վերջին հայտնվեց գրախանութներում: Ընդ որում, այսօր գրքի ամբողջ տպաքանակը վաճառված է:

«Առավոտը» հանդիպեց բանաստեղծի հետ, փորձեց պարզել ժամանակակից կամ մերօրյա «արգելված» գրականության ճակատագիրը, արդյոք ժամանակակից կոչվող գրականությունը իսկապե՞ս ժամանակակից է եւ ունի՞ ընթերցողական հետաքրքրություն եւ այլն:

Վահե Արսենը նշեց, որ մերօրյա ճշմարիտ (ոչ մասսայական) արվեստի հանդեպ  տիրում է անտարբերություն, եւ ասաց. «Հենց դա է գլոբալ խնդիրը, ընդ որում՝ ինձ հուզող հարցերից մեկը, երբ մարդիկ ներգրավված են քաղաքական, քաղաքացիական պայքարի մեջ, ուզում են ինչ-որ բան փոխել մեր իրականության մեջ… Նախ ես կհարցնեի՝ ի՞նչ գիրք են կարդում այսօր,- շարունակելով միտքը՝ հայտնեց,- խորհրդային ռեժիմը թելադրեց գրական որոշակի կաղապարներ, ինչի արդյունքում  գրողների մեծամասնությունը ստիպված էր սեփական տաղանդը վերածել քնարական կամ կեղծ հայրենասիրական լացուկոծի՝ շրջանցելով իր ժամանակների մարդու ու իրականության ճշմարիտ խնդիրները»: Մեր զրուցակիցը  փաստեց, որ շատ ստեղծագործողներ էլ գրեցին «չարենցյան նեղճակատ կինտոն»՝ դրանով իսկ ստորագրելով սեփական մահվան դատավճիռը: Դառնալով մեր օրերին՝ կարծիք հայտնեց, թե այսօր էլ հակառակ երեւույթը կա. «Պահանջված է դարձել սեռասեքսային գրականությունը, որը ընթերցողին գրավում է ոչ թե գեղարվեստական արժանիքներով, հոգեբանական նուրբ եւ բարդ սուզումներով, այլ գրգռում է մարդու առաջնային պարզունակ բնազդը», թեեւ համոզված է, որ այս փուլն էլ կհաղթահարեն, ու ժամանակը կկայացնի իր անփոփոխ դատավճիռը, ինչպես դա եղավ խորհրդային շրջանի դեպքում:

Ռեպլիկին, թե այստեղ դեր  չունե՞ն գրաքննադատները, բանաստեղծը պատասխանեց. «Գրաքննադատական դպրոցը նույնպես վերածննդի կարիք ունի: Գրաքննադատը ինքը նույնպես պետք է ստեղծագործի, այլ ոչ միայն դատի: Այդ դպրոցը խորհրդային դատաքննչական ատյանից արվեստը սիրող, դրանով ապրող եւ այդ անսահմանությունը վերլուծել փորձող ու գրական լավագույն հնարավոր չափանիշներով ապրող մարդու վերածվելու կարիք ունի»: Մեր զրուցակիցը գտնում է, որ մեր հասարակության մեջ իշամեղվի հոգեբանություն է տիրում, այն էլ, ցավոք, պետական մակարդակով. «Իշամեղուն մեղր չի արտադրում, բայց ձեւավորելով հզոր հարձակողական բանակ՝ կարողանում է միանգամից տիրանալ երկարատեւ աշխատանքի արդյունքի, ասել է թե՝ այսօրվա քաղաքականացված երկրի տարբեր գործառույթներում ներգրավված երիտասարդների մի մասի  գերնպատակն է  պետբյուջեի թալանը, «ատկատը» ու դրանով՝ իրենց կյանքի նպատակի իրագործումը՝ ունենալ տասնյակ ճոխ մեքենաներով ավտոպարկ, շքեղ տներ ու առանձնատներ՝ Հյուսիսային պողոտայից մինչեւ Հյուսիսային Եվրոպա եւ այլն»: Երիտասարդ արվեստագետը այս հարցում մեղադրում է նաեւ եկեղեցուն: Նրա խոսքերով՝ եկեղեցին երիտասարդ սերնդի հոգեւոր դաստիարակությունը մի կողմ թողած՝ կարծես նույնպես «ատկատների» մեջ է ներքաշված: Մինչդեռ երիտասարդի գիտակցության մեջ պետք է ամրացնել, թե նյութականը չարիք չէ, եթե դրան ձգտողը գիտակցում է հոգեւոր ու մարդկային կատարելագործումը: Հակառակ դեպքում նյութականը դառնում է գերագույն չարիք. մեքենան վերածվում է գիլյոտինի, ներարկիչը՝ մահվան բանբերի:

Վահե Արսենը, վկայակոչելով մեր երկրում  գենդերային հավասարության մասին օրենքը, ասաց. «Նրանք, ովքեր խոսում են նժդեհյան արժեքներից, ազգային գաղափարներից, եկեղեցու դերից, ազգասիրությունից, ինչպե՞ս են կողմ քվեարկել այդ օրենքին, որտեղ մարդու սեռը դիտարկվում է ոչ թե մոր արգանդում ձեւավորված այլեւս անդառնալի փաստ, այլ ընդամենը ցանկացած տարիքում սեռային ընտրության հնարավորություն»: Արվեստագետը դարձյալ դիմելով եկեղեցուն՝ տարակուսանք հայտնեց. «Հետաքրքիր է, այսօր մեր եկեղեցու դերը ընդամենը ծիսակարգերի անցկացումն է եւ պատմական Աստծո տաճարների վերանորոգո՞ւմը, թե՞ ազգի հոգեւոր անկմանը դիմակայելը, քրիստոնեական ֆունդամենտալ արժեքները սեփական օրինակով ու քարոզներով հայ եկեղեցու հետեւորդների մեջ ներարկելը: Մինչդեռ եկեղեցին անմիջապես պետք է արձագանքի եւ ժողովրդին ուղղորդի մերօրյա կործանարար երեւույթների դեմ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031