Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի գլխավոր հարկատուները գրեթե չեն փոխվում

Օգոստոս 01,2013 13:49

Խոշոր հարկ վճարողների ցանկում «ՀայՌուսգազարդ» ընկերությունն առաջին տեղում է՝ ինչպես եւ նախորդ տարի այս ժամանակահատվածում: Այս մասին տեղեկանում ենք օրերս պետական եկամուտների կոմիտեի հրապարակած՝ 2013 թվականի հունվար-հունիս ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների ցանկից:

Գազի մատակարարմամբ զբաղվող ընկերությունը 2013 թվականի հունվար-հունիս ամիսներին ընդհանուր առմամբ ՊԵԿ-ին վճարել է 19 մլրդ 403 մլն 936 հազար դրամ: «ՀայՌուսգազարդ»-ն անցյալ տարի նույն ժամանակահատվածի համար վճարել էր ավելի պակաս՝ 18 մլրդ 218 մլն 068 հազար դրամ:

Հարկատուների ցանկի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Քաջարանի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ վճարելով 12 մլրդ  841 մլն 573 հազար դրամ: Այս ընկերության վճարած հարկերը նույնպես ավելացել են նախորդ տարվա համեմատ. 2012 թվականի առաջին վեց ամիսներին կոմբինատը վճարել էր 11 մլրդ 340 մլն 035 հազար դրամ:

Երրորդ  տեղում հայտնված «Ղ Տելեկոմի»  վճարած հարկերը 2013թ. առաջին կիսամյակի համար կազմել են 11 մլրդ 190 մլն 134 հազար դրամ: «Արմենիա Տելեֆոն կոմպանի»-ն՝ նույն ինքը  «ԱրմենՏել»-ը, հարկատուների ցանկում այս տարի 4-րդ տեղում է՝ առաջ անցնելով  ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունից: Բջջային կապի ռուսական ընկերության վճարած հարկերը 6 ամիսների ընթացքում կազմել են 7 մլրդ 504 մլն 536 հազար դրամ:

«Ալեքս Գրիգ» ընկերությունն իր վճարած հարկերի չափով ցուցակի 5-րդ հարկատուն է: «Ալեքս Գրիգ»-ը հունվար-հունիս ամիսներին վճարել է 6 մլրդ 746 մլն 116 հազար դրամ: Գործարար Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը, որը զբաղվում է բենզինի ներկրմամբ, հարկատուների ցանկում 6-րդ տեղում է. Բարսեղ Բեգլարյանը հարկայինին վճարել է  5 մլրդ 564 մլն 705 հազար դրամ: Անցյալ տարի «Ֆլեշը» նույն ժամանակահատվածի վճարած հարկերով նույնպես հարկատուների ցանկի 6-րդ տեղում է եղել՝ վճարելով 5 մլրդ դրամ՝ կես միլիարդով պակաս, քան այս տարվա նույն ժամանակահատվածում:

«Գեո պրո մայնինգ գոլդ» ընկերությունը 6 ամիսների ընթացքում վճարել է 5 մլրդ 364 մլն 352 հազար դրամ: «Հայաստանի էլեկտրական ցանցերը» վճարել է 4 մլրդ 666 մլն 952 հազար դրամ, «Սամ սեր գրուպը»՝ 4 մլրդ 010 մլն 120 հազար դրամ: Խոշոր հարկատուների առաջին տասնյակի մեջ է ընդգրկվել «ՍԻՓԻ ԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ընկերությունը, որը հարկայինին հունվար-հունիս ամիսներին վճարել է 3 մլրդ 218 մլն 222 հազար դրամ:

1000 հարկատուների ցանկում «Հայկական ատոմային էլեկտրակայանը» 16-րդ տեղում է, «Արմենիա միջազգային օդանավակայանները» 18-րդ տեղում է, որի վճարած հարկերը կազմել են 2 մլրդ 525 մլն 841 հազար դրամ:

«Գրանդ Քենդի հայ-կանադական» Հ/Ձ-ն, որը հարկատուների ցուցակում զբաղեցնում է 24-րդ տեղը, վճարել է 1 մլրդ 844 մլն 587 հազար դրամ:

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը» վճարել է 1 մլրդ 713 մլն 067 հազար դրամ. ցանկում այս ընկերությունը 30-րդ տեղում է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վճարած հարկերով 27-րդ տեղի փոխարեն: «Իմեքս գրուպը», որը հանրությանն առավել հայտնի է «Իդեալ» անունով, հարկատուների ցանկում 31-րդ տեղում է: Նա պետությանը վճարել է 1 մլրդ 662 մլն 390 հազար դրամ: 1000 հարկատուներից 35-րդը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունն է:

Հարկատուների ցանկի 1000-րդ տեղում «Ինտրանսքոմ Հայաստան» ընկերությունն է՝ իր վճարած 45 775 դրամ հարկով:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Bobo says:

    միլիոն չէ միլիարդ

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031