Լրահոս
Օրվա լրահոսը

Գնդացրորդը գլխով հարվածել էր շարքայինի դեմքին

Օգոստոս 01,2013 13:41

ՀՀ քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարանում դատավորներ Հենրիկ Տեր-Ադամյան, Գրիշա Մելիք-Սարգսյան եւ Կարինե Ղազարյան կազմով շարունակվում է Մարգար Մարգարյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Բողոքաբերը պահանջում է բեկանել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի մայիսի 21-ին կայացրած դատավճիռը, իր նկատմամբ կիրառված պատժաչափը փոխել կամ այն չկիրառել, պայմանական՝ նշանակելով փորձաշրջան:

Ըստ մեղադրանքը պաշտպանող Երեւանի կայազորի զինվորական դատախազ Արարատ Գասպարյանի, Մարգար Մարգարյանը եղել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկի գնդացրորդը, կոչումով շարքային: Նա զորակոչվել է Վայոց Ձորի մարզից:

Շարքային Մարգար Մարգարյանը ըստ գործի նյութերի, ծառայության ընթացքում բնութագրվել է բացասական։

Նա այս տարվա հունվարի 24-ին ժամը 12.15-ի սահմաններում զորամասի 1-ին գումարտակի մուտքի մոտ, վաշտի հրամանատարի կողմից տրված հանձնարարության` տագնապային պայուսակները կարգի բերելու ընթացքում, շարքից բացակայելու, զորանոց գնալու կապակցությամբ վիճաբանել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գրիգոր Ավագյանի հետ, քաշքշել եւ գլխով հարվածել է շարքային Գ. Ավագյանի դեմքին: Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության Գ.Ավագյանի առողջությանը պատճառվել է թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով։

Մ.Մարգարյանն այդպիսով խախտել էր «ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ հոդվածով սահմանված` զինվորական ընկերասիրությունը բարձր պահելու, ընկերոջ պատիվն ու արժանապատվությունը հարգելու, այլ զինծառայողների նկատմամբ կոպտություն թույլ չտալու զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները»:

Երեւանի կայազորի զինվորական դատախազության կողմից փաստի առթիվ մեկ ամիս անց հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այն փետրվարի 4-ին ընդունվել էր ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնի վարույթ:

Ի դեպ, մարտի 11-ին որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով Մարգար Մարգարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է հրամանատարության հսկողությանը հանձնելը։

Մեղադրական եզրակացությունը հաստատվել է 21.03.2013թ.։

Ուշադրության արժանի է այն, որ արագացված դատական քննության ժամանակ ամբաստանյալը լիովին ընդունել է իր մեղքը:

Նա մինչեւ դատաքննությունն սկսելը միջնորդել է դատարանին` կիրառել դատական քննության արագացված կարգ, հայտարարելով, որ միջնորդությունը ներկայացնում է կամավոր, խորհրդակցել է պաշտպան Կարինե Խաչատրյանի հետ, գիտակցել է արագացված կարգով դատաքննություն իրականացնելու հետեւանքները: Դա նաեւ ենթադրում էր, որ ամբաստանյալը բողոք չպիտի բերեր:

Նկատենք, որ առաջին ատյանի դատարանն, ուսումնասիրելով ամբաստանյալին բնութագրող տվյալները, պատիժը մեղմացնող հանգամանք դիտեց շարքայինի անկեղծորեն զղջալը, նրա առողջական վիճակը, նախկինում դատվածություն չունենալը, առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցանք կատարելը։

Դատարանը հանգել էր այն եզրակացության, որ ամբաստանյալի նկատմամբ որպես պատիժ պետք է նշանակվի կալանքը, որը ամբաստանյալ Մարգար Մարգարյանը պետք է կրի ՀՀ ՊՆ ՌՈ Երեւանի կայազորային կարգապահական մեկուսարանում։

Հետեւաբար, նրան դատապարտել էր մեկ ամսվա կալանքի:

Մարգարյանի նկատմամբ այս պահին ընտրված խափանման միջոցը հրամանատարության հսկողությանը հանձնելն է:

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031