Լրահոս
Օրվա լրահոսը

Աստվածաբան. «Նման միջազգային նորմերը հիմքեր են ստեղծում մեզանում կամավոր սեռափոխության» (Տեսանյութ)

Օգոստոս 01,2013 13:34

«Մեր հասարակության մի մասը, հատկապես իշխանական, մի մահաբեր թմբիրի մեջ է: Կան երևույթներ, որոնք խնդիրներ են առաջացնում, ինչպես նաև կան դրանց սրությունն անտեսող գործիչներ: Բայց ունենք նաև արթուն, հայրենասեր գործիչներ»,-այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում հայտարարեց Համահայկական հիմնախնդիրների «Արեգ» գիտավերլուծական կենտրոնի փոխտնօրեն, աստվածաբանության պատվավոր դոկտոր, վերապատվելի Սամվել Նավոյանը: Նա մտահոգություն հայտնեց, թե մեր հասարակությունը դեռևս անիրազեկ ու անհոգ է «այլասերվածությունների մահաբեր արշավանքին»: Նա հղում կատարեց ՀՀ օրենսդրության տարբեր դրույթներին, որոնք այս արշավանքի համար բարենպաստ պայմաններ են ստեղծում: Այս շարքում նա առանձնացրեց ՀՀ Սահմանադրության որոշ դրույթներ, ՄԻՊ-ի «Խտրականության դեմ» օրինագիծը, ԵԽԽՎ-ի 1728 բանաձևը և այլն: Ըստ Ս. Նավոյանի՝ այս գործընթացը միասեռական ամուսնությունների օրինականացման հիմքերն է դնում: Այս առիթով պարոն Նավոյանը նշեց. «Նման միջազգային նորմերը կոչված են՝ հիմքեր ստեղծելու մեզանում կամավոր սեռափոխության, մարդու տեսակի ոչնչացման, ընտանիքի ինստիտուտի կործանման, բարոյականության իսպառ վերացման և հայ հասարակության ապականման համար: Նման քարոզչության ֆինանսավորման համար օրենքը դուռ է բացում ոչ միայն արտերկրի զանազան կազմակերպությունների, այլև անհատների»:

Ս. Նավոյանը անդրադարձավ նաև Հանքավանի Շողիկ ճամբարում Հայ ավետարանական եկեղեցու կողմից կազմակերպված սեռական դաստիարակության դասընթացին, որը մեծ աղմուկ բարձրացրեց: https://www.aravot.am/2013/07/30/271563/ Հենց եկեղեցու հետևորդներից էլ մինչև ԱԱԽ բարձրաձայնել էին, թե այդ դասընթացի քողի ներքո երեխաներին պոռնոգրաֆիկ նյութեր են ցուցադրվել: Արդյունքում այս մարդիկ հեռացվել են աշխատանքից: Ս. Նավոյանը, հղում կատարելով Արդարադատության նախարարության համապատասխան տեսչության փաստաթղթին, ժխտեց, թե պոռնոգրաֆիկ նյութեր են ցուցադրվել. «Ես Հայ ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչ չեմ: Բժիշկ Վրեժ Շահրամանյանը, ով այդ դասընթացն է պատրաստել, մեզ ասել է, որ էրոտիկ ֆիլմերի մասին խոսք չի եղել: Եղել է սեռական դաստիարակության դասընթաց, որը ճամբարի ծրագրով նախատեսված չի եղել»:

Հարցին՝ արդյոք արդարացի՞ է, որ խնդրի մասին բարձրաձայնած անձանց ազատել են աշխատանքից, Ս. Նավոյանն այդպես էլ չպատասխանեց: Այն կարծիքներին, թե Ավետարանական եկեղեցին աղանդակերպ գործողություններ է իրականացնում, բանախոսն այսպես պատասխանեց. «Երբեք որևէ բարձրաստիճան հոգևորականից նման բան չեմ լսել: Հայ ավետարանական եկեղեցին աղանդ չէ, հակառակ դեպքում չէր համագործակցի եկեղեցիների համաշխարհային խորհրդի հետ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031