Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վտանգավոր առասպել

Օգոստոս 01,2013 13:17

ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի սուտ պնդումն այն մասին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջին անգամ Ղարաբաղ է այցելել 1996 թվականին, միանգամայն տեղավորվում է 98-ին իշխանության կողմից որդեգրված եւ մինչ օրս կիրառվող «հայեցակարգի» մեջ, որի նպատակն է նսեմացնել արցախյան պատերազմում ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատարի դերը: Մինչդեռ պետք է լինեն ինչ-որ անձեռնմխելի կետեր, որտեղ չի ներթափանցում ժամանակակից քաղաքական կոնյունկտուրան. ազգային-ազատագրական պայքարի խեղաթյուրումը, այսօրվա պաշտոնական առասպելաբանությունը ուղղակիորեն խփում են ոչ թե «նախորդ իշխանություններին», այլ մեր ժողովրդի ինքնագիտակցությանը:

Առանց առասպելների ապրել, իհարկե, հնարավոր չէ: Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա ֆանատները նույնպես ունեն իրենց առասպելաբանությունը: Ըստ դրա՝ 1990-1998 թվականներին Հայաստանում գործում էր սահմանադրական կարգը (հենց այդ պատճառով էլ նրանց ծրագրային նպատակն է «վերականգնել այն»), իշխանությունը կոռումպացված չէր, կազմակերպվում էին ազատ-արդար ընտրություններ, ոչ ոք չէր հետապնդվում քաղաքական հայացքների համար, կար հավաքների եւ խոսքի ազատություն: Այս հեքիաթին անկեղծորեն հավատում են ոչ միայն այն երիտասարդ կուսակցականները (ՀԱԿ-ի անդամները), որոնք այն ժամանակ փոքրիկ երեխաներ էին (ինչը բնական է), այլեւ նրանք, ովքեր այն ժամանակ իշխանության ղեկին էին եւ հաստատ գիտեն, որ հիշյալ «վարդագույն» պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Բայց գիտակցական մակարդակով իմանալը եւ հոգով-սրտով ընդունելը, ինչպես հայտնի է, տարբեր բաներ են:

Առասպելներից զերծ չեն նաեւ մյուս կուսակցությունները: Օրինակ՝ Դաշնակցությունն ու ԲՀԿ-ն կարծում են, որ Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ նախագահ է ընտրվել, եւ նրա օրոք այնպիսի տնտեսական բարեկեցություն էր, որ մարդիկ ամեն ժամ օրհնում էին իրենց նախագահին եւ կառավարությանը: Իսկ ահա Պարույր Հայրիկյանը եւ նրա համախոհները, Հայրիկյանի բնավորության առանձնահատկություններից ելնելով, առասպելները կառուցում են «Հայրիկյան» երեւույթի շուրջ. նա միշտ ճիշտ բաներ է ասել եւ արել, ամեն ինչ հիմնել է, կանխատեսել է, իսկ մնացած բոլոր քաղաքական գործիչները, երբ իր մարգարեությունները լսում էին՝ ամեն ինչ լավ էր, երբ չէին լսում՝ գործերը վատ էին ընթանում:

Բայց, կրկնում եմ,  բոլոր այս առասպելներն ավելի անմեղ են ու անշառ, քան այն հեքիաթները, որոնք 1998-ից հետո եկած իշխանության ներկայացուցիչները հորինում են Արցախի ազատամարտի եւ դրանում ՀՀ առաջին նախագահի դերի մասին: Որովհետեւ այդ՝ «ժամանակակից» առասպելաբանությունը ուղղակիորեն վարկաբեկում է մեր ամենակարեւոր նվաճումը եւ, այդպիսով, ուղղված է մեր ազգային անվտանգության դեմ:

Իսկ ընդհանրապես՝ ոչ միայն քաղաքական գործիչներն ու կուսակցություններն ունեն իրենց առասպելաբանությունը, այլեւ մենք՝ սովորական մարդիկ, բոլորս անխտիր: Դրա «հակաթույնը» մեկն է. առանց նախապաշարումներին տեղիք տալու, բաց աչքերով եւ սրտով ընդունել այն, ինչ հակասում է մեր «անձնական» առասպելաբանությանը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (30)

Պատասխանել

  1. Արմեն Վռշիկյան says:

    ՈՂԲԱՆ ԶՔԵԶ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ,ՈՐ ԱՅՍՔԱՆ ՏԳԵՏ ՈՒ ԱՆԿԻՐԹ ԵՆ ՔՈ ԶԱՎԱԿՆԵՐԸ

  2. Tigran says:

    Այո, շատ թերություններ են եղել 1990-1998թթ-ին: Բայց դրանք անհամեմատելի են այն ամենի հետ ինչ կատարվեց դրանից հետո: Չգիտեմ ում համար ոնց, բայց ինձ համար պարզից էլ պարզ է, որ հայաստանում իշխանափոխությունը բացարձակ կապ չի ունեցել Արցախի, ժողովրդավարության, Սահմանադրական կարգի վերականգնման և այլ բաների հետ: Իշխանափոխությունը կատարվել է, և Արցախի խնդիրը պատրվակ էր ընդամենը, որպեսզի երկիրը թաղեն կաշառակերության, ատկատների, օֆշորային ընկերությունների և այն ամենի մեջ ինչից կարելի է փող քամել, անգամ սեփական ժողովրդին ընչազուրկ դարձնելու ճանապարհով:Այսինքն դարձնել այնպիսի երկիր, որտեղ հնարավոր է կանաչի ծախելով միլիոնատեր դառնալ, մարդուն հարցնես թե քեզ որտեղից այդքան միլոն դոլլարներ դիմես դատարան, իսկ դատարանը մերժի գործը քննելուց, ունենալ վարչապետորը օվշորային գոտում բաժնետեր է, ունենալ պատգամավոր որը գռուզչիկ է եղել ունենալ պատգամավորներ որոնց մեծամասնությունը բիզնեսմեններ են, ունենալ նախագահ որը հովանավորում է այս բոլորը:

  3. Ruben says:

    ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատարը 1990-1994թ.թ. Նոյեմբերյանում, Կարմիրում (Красносельск) կամ Մեղրիում եղե՞լ է (հետաքրքիր է):

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      1992 թվականի ամռանը Տեր-Պերտոսյանը այցելել էր Սյունիքի մարզ՝ այն ժամանակ դա այդպես չէր կոչվում: Ի թիվս վազմաթիվ հանդիպումների, բնակչության հետ հանդիպել է նաեւ Կապանի մարզադաշտում: Հիշում եմ, որ մարդկանց հիմնական պահանջը ոչ թե հացն էր, այլ անվտանգությունը, պաշտպանվածությունը: Այդ խնդիրը լուծվեց հետագա երկու տարիների ընթացքում, երբ հակառակորդի զինված ուժերից ազատվեցին Կուբաթլիի եւ Զարգելանի շրջանները:

  4. ani says:

    Լևոն Տեր-Պետրոսյանն էն տեսակը չէր, որ կամուֆլյաժը հագներ ու մի քանի իրեն ծախված հեռուստալրագրողների և օպերատորների հետ գնար զորամասեր ու էլ չգիտեմ ինչ մեյմունություններ աներ, որ ասեին այ ինքն է ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատարը: Ու անկեղծ ասած հեչ պարտադիր չեմ համարում, որ անպայման Նախագահը պետք է այցելած լիներ բոլոր թեժ կետերը: Ի տարբերություն իմ շատ հայրենակիցների, ինձ համար Լևոն Տեր Պետրոսյանի ղեկավարած տարիները ասոցացվում են հաղթանակի հետ, ոչ թե ցրտի ու մթի, չնայած որ ուսանողական տարիներս անցել են այդ տարիներին՝ և ես ու իմ ամբողջ ընտանիքը կրել ենք այդ տարիների բոլոր դժվարությունները:

  5. Համլետ says:

    Տեսնես էդ Հակոբյան Մովսեսը ընդհանրապես գաղափար ունի՞ ,,Սպայի պատիվ,սպայի արժանապատվություն,, հասկացությունների մասին,թե՞ գլխավոր ավազակապետի նման էլ պոչերով սուտ խոսելը դարձրել է իր հիմնական կենսակերպը…Ուղղակի ամոթ է նման ձևով ոտնատակ տալ իր իսկ չեղած սպայական պատիվը՝ հազա՝ր ամոթ:

  6. Զավեն Գրիգորյան says:

    Մարդկային տեսակների մեջ ամենավտանգավորները դրանք ապերախտներն են:Նրանց համար ոչ մի սրբություն գոյություն չունի:Նրանք ցանկացած պահին պատրաստ են դավաճանել նույնիսկ իրենց այսօրվա տերերին,եթե տերը այլևս իվիճակի չէ ապահովել նրանց բարեկեցությունը:

  7. Hakob says:

    “LՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի սուտ պնդումն այն մասին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջին անգամ Ղարաբաղ է այցելել 1996 թվականին, միանգամայն տեղավորվում է 98-ին իշխանության կողմից որդեգրված եւ մինչ օրս կիրառվող «հայեցակարգի» մեջ, որի նպատակն է նսեմացնել արցախյան պատերազմում ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատարի դերը:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/08/01/272198/

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից”

    Իսկ ինչպիսի՞՞ն է եղել 1-ին նախագահի դերը դաշտային հրամանատարերի առեղծվածային սպանությունների համատեքստում: Իսկ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի՞ սպանության հետ կապած:
    Դե… Պարոն Աբրահամյան, եթե մի բան գիտեք, ասեք: ինչի՞ էք թաքցնում եթե գիտեք: Թե միայն այն գիտեք, որ հաղթանակի ժամանակ Լևոնը “գլխավորն” էր:

    եթե համոզված եք, որ Մովսես Հակոբյանը սուտ է խոսում, ապա ասեք ճիշտը, ժողովուրդն է իմանա, թե երբ էր Լևոնը գնացել Արցախ, ու ի՞նչ էր անում այնտեղ ինքը:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      https://7or.am/am/news/view/55365/ Ահա ճիշտը իր տեսագրությամբ: Ինչ մնում է սպանություններին, ապա ունեմ որոշ ենթադրություններ, բայց, լրագրող լինելով, չեմ կարող դրանցով առաջնորդվել:

      • Hakob says:

        եվ ինչ՞, այդ “կռուտոյ” կադրերից ինչ՞ է հետևում: Փաստեր ունեք՞ թե նա երբ է գնացել ու ինչ է արել Արցախում:

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          Եթե այս տեսանյութը, որը կատարվել է 1993 թվականի հունիսի 14-ին, Ձեզ չի համոզում, որ Տեր-Պետրոսյանը 96 թվականից առաջ է եղել Արցխում, ուրեմն, համարեք, որ Մովսես Հակոբյանը չի ստում:

          • Hakob says:

            Պրն Աբրահամյան, ինչի՞ եք խուսափում պատասխանել այն հարցին, թե ի՞նչ էր անում Լևոնը Արցախում այդ վիդեոյի մեջ: Ռուբենը ասեց իր իմացածը: Իսկ Դու՞ք ինչ գիտեք: Չեք՞ կիսվի :))

          • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

            Վեճը այլ թեմայով էր. 93-ը 96-ից շուտ է, հետեւաբար, Մովսես Հակոբյանը ստում է: Իսկ ինչ էր անում՝ դա արդեն մեկնաբանությունների խնդիր է: Իմ իմացածով, լուծում էր այն խնդիրները, որոնք ամրագրվեցին 94 թվականի զինադադատարով:Իհարկե, Լեւոնի նկատմամբ ատելությունից կուրացած մադրիկ իմ հետ համաձայն չեն լինի: Դրա համար թույլ տվեք Ձեր եւ Ռուբենի հաջորդ մեղադրանքներին չպատասխանել:

  8. Ruben says:

    1993 թ. հունիսի 14 ին Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանեց Ստեփանակերտ, որպեսզի հայկական զորքերը դուրս բերի (քշի) Քելբաջարից:

  9. Ruben says:

    Ինչպես Վազգեն Սարգսյանը եւ Խաչատուրովը (այն ժամանակ փոխգնդապետ, 1992թ.) Լեւոն Տեր – Պետրոսյանի պատվերով թուրքերին նվիրեցին Արծվաշենը, նույն ձեւով էլ Լեւոնը ուզում էր թուրքերին տալ ազատագրված Քելբաջարը (1993 թ.):

  10. Hakob says:

    : Որովհետեւ այդ՝ «ժամանակակից» առասպելաբանությունը ուղղակիորեն վարկաբեկում է մեր ամենակարեւոր նվաճումը եւ, այդպիսով, ուղղված է մեր ազգային անվտանգության դեմ:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/08/01/272198/

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

    Իսկ Ձեզ ինչպե՞ս է թվում, տարածաշրջանի ամենամարտունակ բանակի – ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանին հայտարարելով սուտասան , դրանով Դուք չե՞ք վարկաբեկոմւ Արցախի, ինչ որ նույնն է Հայաստանի ազգային անվտանգության Ներկա պաշպաններին:
    Իմիջայլոց, Մովսեսը չինովնիկ չէ, բյուրոկրատ չէ, այլ իսկական զինվոր, ինչ ապացուցել է ինքը ոչ թե վիդեոներով , այլ ռեալ կյաքնով որին ծանոթ է ամեն մի արցախցի, մեծից փոքր:

  11. Hakob says:

    : Իսկ ինչ էր անում՝ դա արդեն մեկնաբանությունների խնդիր է

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/08/01/272198/

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

    այսինքն ինչով էր զբաղված ՀՀ Նախագահը, պետք է մեկնաբանե՞լ, թե՞ փաստել

    Խնդիրներ՞: Հականալի է որ խորոված ու խաշ ուելու չէր գնացել:
    Ի՞նչ խնդիրներ էր լուծում:


    Իհարկե, Լեւոնի նկատմամբ ատելությունից կուրացած մադրիկ իմ հետ համաձայն չեն լինի: Դրա համար թույլ տվեք Ձեր եւ Ռուբենի հաջորդ մեղադրանքներին չպատասխանել:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/08/01/272198/

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից”

    Թույլ տվեք մեկնաբանել, որ Դուք չեք պատասխանում քանի որ պատասխանը Ձեզ ձեռնատու չէ:

    Հ.Գ. “կուրություն՛ բառին անդրադառնալիու այհրաժեշտություն չեմ տեսնում… ձեռագիրը շատ նման է… “ավազակապետություն “… “եվրոմիություն”, “դիկտատորական Պուտինյան Ռուսաստան”… ու ընդանրապես, երբ լիբերալները ասելու բան չեն ունենում, անցնում են անձնական որակաորումներին

  12. Maxim says:

    Ինչպես որ Լևոն Տեր-Պետրոսյանին,՝ ամոթ է համեմատել իր երկու իրավահաջորդների հետ, այնպես
    և նրանց արած գործերը: Ղարաբաղցին այսօր իրեն պահում է Հայաստանցու հանդեպ այնքան
    անշնորհակալ, որքան վերջին երկու նախագագահ կոչվածները,՝ առաջին նախագահի հանդեպ,
    անտեսելով դրանից բխող ծանր հետևանքները, որը խիստ վիրավորական է ցանկացած նորմալ Հայի համար:
    Ես շատ ավելի վաղ, քան ղարաբաղյան շարժումը, լինելով հայրենիքից դուրս,՝ անմիջապես իմ վրա
    չեմ զգացել մութ ու ցուրտ տարիների ծանրությունը, թեպետ հոգեպես և ֆինանսապես թեթեվակի
    օգնություն եմ ցուցաբերել իմ հարազատներին: Բայց այսօրվա հուսալքությունը,՝ երբեք չեմ համեմատի այդ ժամանակվա հետ, նույնիսկ երբ Ղարաբաղում ծանր և թեժ մարտեր էին գնում:
    Անհարմար է,՝ երբ Արամ Աբրահամյանին ոմանք փորձում են մեղադրել կողմնապահության մեջ՝, ի
    հոգուտ առաջին նախագահի, առանց հասկանալու, որ յուրաքանչյուր մարդ հարգանք է տածում՝ իր տեսակին, այլ ոչ հակառակին: Ես երկրորդ նախադահին երբ առաջին անգամ տեսա Էստոնիայի
    մայրաքաղաք Տալլիննի հայկական եկեղեցում՝ ,,որը պետությունը հայկական համայնքին է հանձնել
    99 տարով, Լյութերական փոքրիկ եկեղեցին, իսկ Հայկական եկեղեցին չկառուցվեց, քանի որ
    հավաքված գումարը գողացվեց, կամ ներկա տերմինալոգիայով ասած ծախսվեց՝ ոչ նպատակային,,
    ամոթից մեռա, որ սա է իմ երկրի, հայրենիքի նախագահը, երբ մոտեցավ մեր հայրենակից մի ծեր
    մարդ, ներկայացավ որպես նրա հոր՝ Սեթրակի ընկերը, այսինքն իրենց համագյուղացին, և խնդրեց
    աջակցել վերջին մի քանի տարվա թոշակը ստանալուն, ներկայացնելով աղջկա մոտ գտնվելու սուղ
    պայմանները: Նախադահը իմանալով համագյուղացու խնդրանքը, պատասխանը չհապաղեց, այլ
    եղավ նրա ցինիկ հռհռոցը,՝ բերանը մի կողմի վրա ծռելով, ձեռքի բռունցքով բերանը փակելով,
    և հռհրոցի ընռացքում,՝ ողջ մարմնով վայելքից ցնցվելով, որը հիշեցրեց ՝ Մուժիկի և մի զույգ
    կոշիկի պատմությունը, միայն մի տարբերությամբ երբ լրջացավ, խիստ տոնով ասաց, որ նորից
    դիմի Հայաստանի սոցապ բաժին, տեսնելով նրա ձեռքում դիմումների մի մեծ խուրց: Ես հասկացա, որ իմ երկրին մի նախագահ է բաժին հասել, որ կարելի է ասել՝ խեղճ իմ երկիր, խեղճ
    իմ ժողովուրդ, ինչը որ այդպես էլ պարզվեց, իսկ նրան հաջորդողը՝ ծաղկեցրեց նրա ,,գործը,,:

  13. Կարապետ says:

    Պարոն Աբրահամյան, թեև Դուք միշտ փորձում ենք լինել անկողմնակալ, այնուամենայնիվ 1-ին նախագահի պարագայում դա իմ կարծիքով չի ստացվում:
    Ես տարիքով փոքր եմ (23 տարեկան) և Արցախյան հերոսամարտի մասին գիտեմ միայն պահպանված տեսագրություններով և ինձնից տարիքով մեծերից ստացած տեղեկություններով, բայց այդքանն էլ հերիք է հասկանալու համար, որ հաղթանակի մեջ առավել մեծ դեր են ունեցել Սպարապետը, Կոմանդոսը, Մոնթե Մոլքոնյանը, Ժիրայր Սեֆիլյանը և այլ հերոսներ, բայց ոչ Տեր-Պետրոսյանը:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Խոնարհվում եմ Ձեր նշած մարդանց ծառայության առջեւ: Ազատամարտը ամբողջ ժողովրդինն է՝ այստեղ «ավելի շատ, ավելի քիչ» չկա: Ի՞նչ է, հերոս չի այն կինը, որը նավթավառի լայսի տակ երեխա է լույս աշխարհ բերել եւ հետո մեծացրել նրան: Խոսքը այլ բանի մասին է. այն անհեթեթ մտքի մասին, որը 98-ից ի վեր քարոզում է իշխնությունը. իբր բոլոր հաղթանակները ձեռք են բերվել Ի ՀԵՃՈՒԿՍ առաջին նախագահի:

  14. Մհեր says:

    Ինչ է նշանակում հայտարարել սուտասան? Ինչ նկատի ունեք տարածաշրջան ասելով? Ինչ է նշանակում ամենամարտունակ? Եթե մարդը ստում է, ուրեմն սուտասան է, վերջի մի քանի օրերին ստել են, Մովսես Հակոբյանը, Տարոն Մարգարյանը, Գալուստ Սահակյանը: Նրանք պարզապես ստախոսներ են ու վերջ: Պարոն Աբրահամյան իսկ Լևոնի ֆանատների ու Լևոնատյացների` մեդալի հակառակ կողմեր լինելու վերաբերյալ Ձեր ֆեյսբուքյան գրառման հետ դժվար է համաձայնվել, ֆանատները շատ ավելի ադեկվատ են )))

  15. Հարություն says:

    Հարգելի պարոն Աբրահամյան, ես չեմ կարծում, թե Տեր-Պետրոսյանի «ֆանատներ» տերմինը ճիշտ տերմին է։ Իրականում, ինչպես ինքներդ հրաշալի գիտեք, Տեր-Պետրոսյանին մեղադրում են բոլոր մահացու մեղքերի մեջ, որոնց հետ նա կապ չունի։ Անհեթեթագույն ու հաճախ ճիվաղային հայհոյախոսության դեմ, բնականաբար, ճնվում են ռեակցիաներ, որոնք պարզապես չեն կարող լինել չափավոր, քանի որ չափավոր բաների դեմ չեն ուղղված։ Անհնար է պատկերացնել, թե խելք ու միտք անջատած հայհոյող, ուրացող և սեփական մաղձից պետական դավաճանության պատրաստ մարդու հետ կարելի է խոսել չափավոր ու զուտ բանական լեզվով։ Իրականում, «ֆանատների» երևույթը այնքան էլ ֆանատություն չէ, այլ խելագարության դեմ բնականորեն առաջացած ադեկվատ ռեակցիա։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Այ, տեսնում եք` Դուք օգտագործում եք ճիվաղություն, դավաճանություն եզրերը, որոնք իրականում ադեկվատ չեն: Դա պարզապես իշխանության քարոզչություն է: Բայց համաձյան եմ, որ պատերազմի մասին հեքիաթներ հորինելը բարձր բարոյական հատկանիշների մասին չեմ խոսում: Բայց, մյուս կողմից, թե Տեր-Պետրոսյանից առաջ, թե նրա ժամանակ, թե նրանից հետո անօրինականության, կոռուպցիայի, կամայականությունների առումով իրավիճակը մեր երկրում մոտավորապես նույնն էր: Ովքեր դա չեն ընդունում, նրանք Դեմիրճյանի, Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի ֆանատներն են:

      • Ruben says:

        Բոլորը պարզ է ինձ համար:Կարող եք պարզաբանել այս նախադասությունը՝.
        «Բայց համաձյան եմ, որ պատերազմի մասին հեքիաթներ հորինելը բարձր բարոյական հատկանիշների մասին չեմ խոսում»:
        Շնորհակալություն:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031