«Ցանկանում ենք տարբեր միջոցներով հասնել նրան, որ վերանայվի հինգ պետական բուհերում` Կոնսերվատորիա, ԵՊՀ, ՀՊՏՀ, ՀՊՃՀ, ԵՃՇՊՀ, ուսման վարձերի բարձրացման որոշումը»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Միասին կանխենք բուհերի վարձավճարների թանկացումը» նախաձեռնության համակարգող, ԳԱԱ պատմության ինստիտուտի մագիստրատուրայի շրջանավարտ Լևոն Ստեփանյանը:
Ֆեյսբուքում արդեն ստեղծվել է «Միասին կանխենք բուհերի վարձավճարների թանկացումը» խումբ, որտեղ երիտասարդները հանդես են գալիս կարգախոսներով, վստահեցնում են, թե չեն հանդուրժելու թանկացումը, չեն վճարելու թանկացված վարձավճարները և այլն:
Լ. Ստեփանյանից հետաքրքրվեցինք` քանի՞ ուսանող է միացել նախաձեռնությանը: Նա պատասխանեց. «Մի քանի հազար մարդ ուզում է այդ գաղափարի շուրջ համախմբվել»: Մեր մյուս հարցին` արդյոք նրանց շարքերում կա՞ն 1-ին կուրսեցիներ, քանի որ վարձավճարների թանկացումը վերաբերում է հենց 1-ին կուրսեցիներին, Լևոնը պատասխանեց. «Իմ նշած տարբեր մարդկանց շարքերում կան նաև առաջին կուրսեցիներ: Սակայն այս խնդիրը նաև մտահոգիչ է ծնողների համար, քանի որ նրանց գրպանից է գնալու այդ գումարը, ու պիտի շահագրգռված լինեն ոչ միայն երեխաները, այլև ծնողները: Այս պահին դեռ չկան ծնողներ, բայց փորձում ենք կապ հաստատել նրանց հետ, տեսնենք` ինչ են մտածում»:
Ակտիվիստները ֆեյսբուքյան էջում հաճախ են վկայակոչում «ուսման որակ» արտահայտությունը, ուստի մեր այն հարցին`հիմնավո՞ր են այն պնդումները, որ ուսման որակ ապահովելու համար պետք են նաև ֆինանսական ներդրումներ, Լևոնն այսպես պատասխանեց. «Այդտեղ ինչ-որ կեղծիք կա: Այսքան տարի վարձավճարի շատ բարձրացումներ են եղել, բայց մենք չենք տեսել որակի բարձրացում: Իբր դասախոսների աշխատավարձը պիտի բարձրանար, բայց օրինակ Կոնսերվատորիայում պահումներն ավելի շատ են լինելու, որ արդյունքում աշխատավարձն առանձնապես չի բարձրանալու»:
Լ. Ստեփանյանը կարծում է, որ այս հարցում ոչ այնքան ԿԳՆ-ի դերակատարությունն է մեծ, այլև բուհերի ներքին քաղաքականությունը. «Այդ ինչպե՞ս է, որ բոլոր բուհերը չեն թանկացրել վարձավճարները: Միայն կոնկրետ բուհեր են մտածում են, թե կարող են բարձրացնել վարձավճարը, և նորմալ հիմնավորում չեմ տեսնում այն հարցերի վերաբերյալ, թե կրթության որակը ոնց է բարձրանալու,կամ օրինակ, Կոնսերվատորիայում երաժշտական գործիքնե՞ր են գնելու, Պոլիտեխնիկում սարքավորումնե՞ր: Այս համատարած թանկացումների, տնտեսական ծանր իրավիճակի պարագայում դժվար թե ծնողները կարողանան վճարել այդ գումարները»:
Մեր այն հակադարձմանը, թե այժմ կան մեխանիզմներ` համաձայն որի ուսանողը կարող է լավ սովորել և տեղափոխվել անվճար համակարգ, այլ հարց է, թե ուսանողների ո՞ր տոկոսն է ձգտում լավ սովորել, Լևոնն այսպես արձագանքեց. «Ամբողջ ՀՀ-ում նման խնդիր կա: Բայց կան նաև սովորող մարդիկ, որոնք ցանկանում են սովորել, բայց չունեն հնարավորություն այդքան գումար վճարելու»:
Լևոնը տեղեկացրեց, որ իրենք օգոստոսի 12-ին նախաձեռնում են բողոքի ակցիա կազմակերպել ՀՀ կառավարության շենքի առաջ, իսկ մինչ այդ քննարկումներ են ընթանում բուհերի ուսխորհուրդների ու գիտխորհուրդների հետ, որպեսզի որոշեն իրենց հետագա քայլերը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ