Հուլիսի 30-ին ՀՀ զինված ուժերում գրանցվել է հերթական մահվան դեպքը, որը ըստ նախնական տվյալների, որակվել է որպես ինքնասպանություն: Զինծառայողը Արման Հովսեփի Մուրադյանն է (ծնված 1993 թ.), որը բնակվել է Վանաձոր քաղաքում:
Արման Հովսեփի Մուրադյանի բնակարանում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները փորձել են պարզել դեպքի մանրամասները:
Ըստ մոր խոսքերի՝ իրեն հայտնել են, որ որդին իբր եղել է «աղանդավորական» շարժման անդամ, որի պատճառով ինքնասպանություն է գործել: Սակայն մայրը ժխտում է նման տեղեկատվությունը՝ պնդելով, որ իր որդին Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ էր եւ նույնիսկ եկեղեցի գնացել է ոչ այնքան հաճախակի, եւ բացի այդ բավականին զբաղված է եղել:
Հարազատները հայտնել են, որ, իրենք տեղեկություն են ստացել, թե իբր դիակի մոտ հայտնաբերվել է ինչ-որ այրված թուղթ, որը վերստին կապվել է աղանդավորական երեւույթների հետ:
Կարդացեք նաև
Մոր ասելով՝ իրենց ընտանիքը բազմաթիվ փորձությունների եւ խնդիրների միջով են անցել, եւ վերջերս են խնդիրները լուծվել, եւ հնարավաոր չէր, որ այդ ամենը հաղթահարելուց հետո իր որդին դիմեր այդ քայլին:
Նա որդուն նկարագրել է որպես կյանքով լեցուն, ընկերների շրջապատում հարգանք վայելող եւ սիրված անձնավորություն:
Սրանք այն տեղեկություններն են, որոնք հնարավոր է եղել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցներին հասկանալ Արմանի մոր կցկտուր լացակումած խոսքերից:
Այժմ դիակը տեղափոխվում է Վանաձոր, իսկ առավել ճշգրիտ տեղեկություններ, ըստ Արմանի բարեկամուհիներից մեկի՝ կարող են հայտնել վաղը:
Որդու մահվան դեպքի հետ կապված մայրը մտադիր է իր իսկ ձեռքերով վրեժխնդիր լինել այն մարդկանցից, ովքեր իրապես մեղավոր են:
«Երկար ժամանակ է լռել եմ, սակայն այժմ չեմ պատրաստվում լռել: Օգնեք ինձ գտնել հանցագործին» – ողբալով ասում էր Արմանի մայրը: