Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կողմից Երե խայի պետական հավաստագրի ծրագրին առնչվող հուլիսի 30-ին կատարած հայտարարությունը լուրջ մտորումների տեղիք է տալիս։ Զարմանալի է, որ պաշտպանի կողմից հնչեցվում է մի որակում. «ՀՀ առողջապահության նախարարության թողտվությամբ», որն ինքնին իրավական լուրջ հիմնավորումներ է պահանջում։
Մասնավորապես պաշտպանը նշում է, որ դեռևս իր նախորդ Տարեկան զեկույցում անդրադարձել էր Երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագրի բացթողումներին, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարին պաշտոնապես տեղեկացրել է, որ մինչև 7 տարեկան երեխաների բուժօգնության համար հաճախ ծնողները ստիպված են լինում հավելյալ վճարումներ կատարել առանձին բժիշկների և այդ առնչությամբ որևէ հստակ պատասխան չի ստացել, թե արդյոք իրավախախտները ենթարկվել են պատասխանատվության, թե ոչ:
Տեղեկացնում ենք, որ 2013 թվականի ընթացքում Կարեն Անդրեասյանը 0-7 տարեկան երեխաների բուժսպասարկմանը վերաբերող 2 նամակ է հասցեագրել ՀՀ առողջապահության նախարարին` 2013թ. հունիսի 24-ի N01/3081-13 և հուլիսի 4-ի N01/3353-13 գրություններով: Երկու նամակն էլ վերաբերում են Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցին:
Ներկայացված հարցերը պարզաբանելու նպատակով 2 դեպքում էլ պաշտպանի գրությունները ՀՀ առողջապահության նախարարության կողմից ուղղվել է ՀՀ Շիրակի մարզպետարան` տեղում փաստերն ուսումնասիրելու և պարզաբանում ներկայացնելու առաջարկով: Այն պարզ պատճառով, որ վերոհիշյալ հիվանդանոցի հիմնադիրը Շիրակի մարզպետարանն է։ Նախարարությունը, ստանալով մարզպետարանում դեպքերի առնչությամբ տեղի ունեցած քննարկումների արձանագրությունները, սահմանված ժամկետներում պաշտպանին պատասխանել է` 2013թ. հուլիսի 4-ի NՍՔ/03.2/7581-13 և հուլիսի 19-ի NՍՔ/03.2/8185-13 գրություններով` կցելով ՀՀ Շիրակի մարզպետարանի արձանագրությունները:
Կարդացեք նաև
Առաջին նամակի առնչությամբ մարզպետարանը պատասխանել էր, որ գրության մեջ ներկայացված փաստերը չեն հաստատվել: Այդուհանդերձ, «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրենին մարզպետարանը հանձնարարել է 0-7 տարեկան երեխաների բուժօգնությունն ու սպասարկումն իրականացնելիս խստորեն առաջնորդվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Երկրորդ նամակում պաշտպանը նշում է, որ երեխան Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց է դիմել «սուր վնասվածքաբանական դեպքով»: Մինչդեռ բժիշկ-մասնագետները հավաստում են, որ դեպքը սուր վնասվածքաբանական չի եղել: Նշված դեպքերի հետ կապված պատրաստ ենք այլ մանրամասներ ևս ներկայացնել։
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Երեխայի պետական հավաստագրի ծրագիրը ֆինանսավորում և երաշխավորում է 0-7 տարեկան երեխաների հիվանդանոցային, այլ կերպ ասած` շուրջօրյա հսկողություն պահանջող բուժօգնությունը: Տեղեկատվությունը զետեղված է հավաստագրի դարձերեսին, ինչի մասին բազմիցս հայտարարվել է: Ինչ վերաբերում է արտահիվանդանոցային բուժօգնությանը, ապա պետության կողմից այն ապահովվում և ֆինանսավորվում է երեխային սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում:
ՀՀ առողջապահության նախարարությունը հավաստիացնում է թե՛ Մարդու իրավունքների պաշտպանին և թե՛ մեր ազգաբնակչությանը, որ ամեն ինչ անելու է երեխաների անվճար բժշկական օգնությունը պատշաճ մակարդակով ստանալու իրավունքը երաշխավորելու համար։ Միաժամանակ նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնում համագործակցելու շահագրգիռ բոլոր կառույցների, այդ թվում` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ։
ՀՀ առողջապահության նախարարություն