Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ակտիվիստ. «Միանշանակ տեղի կտան, գալիս է պահ, որ շունը շան թաթ ծամում է»

Հուլիս 31,2013 17:44

«Ես նստացույց չեմ անում: Ժամանակ առ ժամանակ միայն այցելում եմ, մշտական՝ ոչ»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության ակտիվիստ Մարինե Ասլանյանը:
Ակտիվիստներից մեկը մեզ հետ զրույցում ասում էր, որ ինքը չի մասնակցում նստացույցերին, քանի որ ոչ ընդդիմության, ոչ իշխանության շարքերում չի տեսնում որեւէ արժանի մեկին, որը կարող էր փոխարինել քաղաքապետարանի պաշտոնանկ պաշտոնյաներին: Մեր հարցին՝ դուք ունե՞ք հարմար թեկնածու՝ Մարինե Ասլանյանը պատասխանեց. «Ես ընդհանրապես ոչ մեկի չեմ տեսնում՝ որեւէ պաշտոնի համար: Դա շատ ցավալի է: Բայց դա իրավունք չի տալիս ներկայիս պաշտոնյաներին, որ մեզ կարող են խամաճիկների պես վերաբերվել, ո՛չ: Նրանք թող հրաժարական տան, մենք ունենք ինստիտուտներ, որոնք պատրաստում են նմանատիպ կադրեր»:
Մեր հարցին՝ այն, որ այսօր քաղաքապետարանի մոտ նստացույց է անում ընդամենը 3 հոգի, չի՞ նշանակում, որ շարժումը մարում է, Մարինե Ասլանյանը պատասխանեց. «Ոչ, ընդհանրապես չի մարում: Այն պահին, երբ պետք էր, բոլորը համախմբվեցին, ժողովուրդը զարթոնք ապրեց, երիտասարդներն ակտիվացան, մեծ տարիքի մարդկանց մոտ մեծ հույսեր արթնացան՝ առաջ քայլելու դեպի ապագա: Այն, որ հիմա 3 հոգի է նստած նստացույցի, դա չի նշանակում, որ շարժումը մարում է»:
«Բարեւ Երեւան» դաշինքի ավագանու անդամ Ստյոպա Սաֆարյանը կարծիք էր հայտնել, որ եթե երիտասարդները բուռն պայքար տանեն, քաղաքապետարանում պաշտոնանկություններ կլինեն: Ակտիվիստները նույնպես այդ համոզման են: Մարինե Ասլանյանի խոսքերով՝ «Ես էլ եմ ակնկալում, որ դա պետք է պարտադիր լինի, հակառակ դեպքում անպատժելիությունը մեզ մոտ արդեն խորը արմատներ է գցել: Առավել եւս պաշտոնյան իրավունք չունի նման անհեթեթ հայտարարություններ անելու եւ ստորագրելու նման անհեթեթ որոշումների տակ: Դրա համար բոլոր պատասխանատուները հաստատ պատժվելու են: Մի քանի օր իրենք մի ամբողջ քաղաք դարձրեցին կրկես: Այնպես որ իրենք անպայման պետք է պատժվեն, պետք է հեռացվեն աշխատանքից»:
Մարինե Ասլանյանը նաեւ նշեց, որ շատերը 150 դրամ ուղեվարձի դեմ պայքարի ժամանակ գոռում էին, թե դա 50 դրամի համար պայքար է. «Կոնկրետ ինձ համար դա 50 դրամի պայքար չէր: Ինձ համար այդ պայքարն ավելի լուրջ հիմքեր ուներ, որովհետեւ յուրաքանչյուր 50 դրամի դիմաց մեկ ընտանիք եւ մեկ քաղաքացի լքելու էր Հայաստանը: Դա նպաստելու էր արտագաղթի մեծացմանը, որը բերելու էր սարսափելի հետեւանքներ»:
Հարցին՝ հիմա լուծումը ո՞րն է, այսպես նստացույցերը շարունակե՞լ, թե՞ այլ քայլեր էլ պետք է ձեռնարկել՝ ակտիվիստը պատասխանեց. «Բացի նստացույցից, լուծումը պետք է գտնել այլ հարթության վրա: Մեղավորները պետք է պատժվեն, օրենքով պատասխանատվության ենթարկվեն: Բնականաբար, պատժողն ու պատժվող նույն թիմից են, ասում են՝ շունը շան թաթ չի ծամում, բայց գալիս է պահ, որ ծամում է: Երբ որ իրենք արդեն հասկացան, որ այս սերունդը հանդուրժող չի, արդեն յուրաքանչյուրն ինչ-որ տեղ զգաստացավ: Միանշանակ տեղի կտան, որովհետեւ իրենք հասկացան, որ այս սերունդը չի կարող թույլ տալ իրենց ստոր քայլերը»:
Մարինե Ասլանյանի համոզմամբ՝ առաջին հաղթանակը՝ քաղաքապետարանի որոշման կասեցումը, արդեն կա, եւ դա շատ կարեւոր է. «Այս սերունդը այդ հաղթանակից շատ բան հասկացավ: Չգիտեմ ում համար դա ինչ է, բայց ինձ համար հաղթանակ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031