«Նստացույցն անժամկետ էր հայտարարվել, մենք մինչև այժմ համբերությամբ սպասում էինք Տարոն Մարգարյանի հայտարարությանը, որ աշխատանքից կհեռացնի Հենրիկ Նավասարդյանին ու «Երևանտրանս» ՖԲԸ-ի տնօրեն Միսաք Համբարձումյանին: Եթե առաջիկա մի քանի օրերին իշխանությունները ոչինչ չանեն, մենք պետք է կտրուկ քայլերի դիմենք»,-«Առավոտ երիտասարդականի»-ի հետ զրույցում ասաց ակտիվիստ Մելայնան: Առողջական խնդիրների պատճառով նա այսօր չի մասնակցում իր ընկերների շարժմանը. «Ես այսօր վատառողջ եմ, այդ իսկ պատճառով չեմ միացել երեխեքի բողոքի ակցիաներին: Բայց միշտ կապը պահպանում եմ նրանց հետ, աջակցում եմ և փորձում ինչ-որ բանով օգտակար լինել»,-ասաց նա: Նշենք, որ այսօր մի խումբ ակտիվիստներ քաղաքի տարբեր վայրերում թռուցիկներ են բաժանում՝ պահանջելով տրանսպորտի և կապի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և Երևանտրանս ՖԲԸ-ի տնօրեն Միսաք Համբարձումյանի հրաժարականները: «Ժողովուրդը գիտի, որ երթուղայիններից մեկի գիծը Միսաք Համբարձումյանինն է: Նա շահագրգռված էր տրանսպորտի սակագնի թանկացումով: Մենք չենք թուլացնելու մեր պայքարը: Շարունակելու ենք մինչև որ նրանք չպատժվեն »,-ասաց ակտիվիստներից Սահակը: Մեր հարցին, թե արդյոք ոստիկանությունը փորձել է խանգարել իրենց խաղաղ ակցիային, նա պատասխանեց. «Դեռևս ոչ, մենք մեզ համար վարքային կաննոներ ենք մշակել, նրանց հետ շփվում ենք օրենքի սահմաններում, փորձում ենք կոնֆլիկտներ չունենալ նրանց հետ, առայժմ սադրիչ գործողություններ չեն իրականացրել»: Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ ակտիվիստները քաղաքի տարբեր վայրերում ստորագրահավաք էին կազմակերպել: Ստորագրահավաքի գլխավոր նպատակը քաղաքապետի որոշումը մշտական դարձնելն է: Ակտիվիստ Սահակը հավաստիացնում է ՝ շարժման նոր ալիքը չի դադարելու, որքան էլ որ քաղաքապետարանի աշխատակիցները թերահավատությամբ վերաբերվեն իրենց. «Մեզ՝ երիտասարդներիս, կանգնեցնել չի լինի, մենք պայքարում ենք արդարության համար, իսկ այդ շարժումը հետությամբ չեն կարող ճնշել»:
Նազենի Բաղդասարյան