Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Նոր Նորք վարչական շրջանում

Հուլիս 31,2013 16:55

Երևանի զարգացման 2013 թվականի ծրագրի շրջանակում մայրաքաղաքում լայն թափով շարունակվում են բակերի, այգիների բարեկարգման ու կանաչապատման աշխատանքները: Նոր Նորք վարչական շրջանում ընթացող աշխատանքներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում: 

Նոր Նորքի բնակիչների լիարժեք հանգիստն ապահովելու նպատակով այս տարի հիմնովին բարեկարգվում է Տիգրան Մեծի այգին: Տասնյակ տարիներ անմխիթար վիճակում գտնվող հանգստի գոտին շուտով բոլորովին նոր տեսքով ու հարմարավետությամբ կհանձնվի բնակիչներին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը զրուցել է բնակիչների հետ, լսել առաջադրվող խնդիրներն ու տեղում պատասխանատուներին հանձնարարել է հաշվի առնել բնակիչների առաջարկները և նրանց ևս մասնակից դարձնել վարչական շրջանում իրականացվող ծրագրերին: Բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին՝ ընդգծելով, որ հանգստի գոտու ստեղծումն իրապես առաջնահերթ խնդիր էր:

«Մեր որդեգրած սկզբունքն է կառուցվող բոլոր այգիներում ու բակերում շինարարության ընթացքում պարտադիր հարցնել մեր բնակիչներից կարծիքներ: Բոլոր այս նախաձեռնությունները հենց մեր քաղաքացիների համար են, և նրանք են վայելելու բարեկարգ բակերն ու այգիները: Երբ տեսնում ենք այս երեխաների ժպիտը, մեր բնակիչների ուրախությունը, որ իրենց բակային տարածքում ունեցան հանգստի գոտի դա մեզ ավելի է ոգևորում ընդլայնելու ծրագիրն ու բարեկարգելու մայրաքաղաքի բոլոր այն բակային տարածքները, որոնք դեռևս խնդիր ունեն: Վստահ եմ, որ առաջիկա տարիների ընթացքում մենք կավարտենք ծրագիրն ու Երևան քաղաքում այլևս անբարեկարգ բակ չենք ունենա և բոլորը կհանձնենք մեր բնակիչներին»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը զրուցել է նաև Գայի պողոտայում տեղակայված կրպակաշարերի տնտեսվարողների հետ: Տարոն Մարգարյանը հորդորել է պատասխանատուներին պահպանել ավագանու որոշմամբ սահմանված պարտադիր բարեկարգման նորմերն ու բարեկարգ տեսք ապահովել կրպակներին հարակից տարածքներում:

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Մառի 13 շենքերի բակում բարեկարգման աշխատանքներն արդեն ավարտվել են: Շրջայցի շրջանակում բնակիչների հետ միասին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսավորությամբ բացել է բարեկարգված խաղահրապարակն ու ֆուտբոլի խաղադաշտը: Քաղաքապետը, չմերժելով ֆուտբոլասեր փոքրիկների խնդրանքը, ի հիշատակ հանդիսավոր օրվա, իր ստորագրությունն է դրել ֆուտբոլային գնդակի վրա և մաղթել, որ նրանք մշտապես հաղթանակներ տոնեն:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսավորությամբ բացել է նաև Թոթովենցի փողոցին հարակից տարածքում կառուցված նոր բակը: Քաղաքապետը շրջել է բակում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ: Տասնյակ տարիներ անխնամ մնացած տարածքն այսօր այլևս համալրել է մայրաքաղաքի հարյուրավոր բարեկարգ բակերի շարքը: Գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար խաղահրապարակներով ու ֆուտբոլի դաշտով կահավորված հանգստի հարմարավետ այս գոտին, բնակիչների հավաստմամբ, սպասված ու ցանկալի նվեր էր, որի համար նրանք իրենց երախտագիտությունն են հայտնել քաղաքապետին: Տարոն Մարգարյանն էլ մեկ անգամ ևս վստահեցրել է, որ մայրաքաղաքի գեղեցկացմանն ու հարմարավետությանն ուղղված քաղաքապետարանի նախաձեռնած ծրագրերը լինելու են շարունակական.

«Այսօր բակերի և այգիների բարեկարգման աշխատանքներ են ընթանում բոլոր վարչական շրջաններում: 2013թ. ծրագրով մենք շուրջ 400 բարեկարգ բակեր և 7 խոշոր այգիներ կհանձնենք երևանցիներին: Առաջիկա տարիներին նույնպես նոր այգիների կառուցումից բացի, մենք աշխատանքներ ենք տանելու տասնյակ տարիներ անխնամ մնացած այգիների բարեկարգման ուղղությամբ ևս: Մեր նպատակն է, որ այդ տարածքներում կառուցապատողներն այլևս ցանկություն անգամ չհայտնեն, կառուցապատման որևէ աշխատանք տանելու համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Նոր Նորքի 9-րդ զանգված, որտեղ քաղաքապետարանի կազմակերպած «Ուրախ ամառ» բակային միջոցառումների շրջանակում ամառային ճամբար էր անցկացվում: Բակի բնակիչներն իրենց շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին, անակնկալներով լի միջոցառումներով մանուկների օրն առավել ուրախ ու ջերմ մթնոլորտում անցկացնելու և փոքրիկների հանգիստն իրենց իսկ բակերում կազմակերպելու համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031