Այս տարի նույնպես ՀՀ կառավարության նախաձեռնությամբ՝ սյունեցի երեխաների ամառային հանգիստը կազմակերպվում է Կոտայքի մարզի Հանքավանի «Հասմիկ» և ««Լուսաբաց» մանկական-առողջարարական ճամբարներում: Մարզի սոցիալապես անապահով, ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների 140 երեխաներից 70-ը հուլիսի 1-20-ն ընկած ժամանակահատվածում արդեն առաջին հերթափոխով հանգստացել է ճամբարներում, իսկ մյուսները ճամբարներ են մեկնել հուլիսի 20-ից եւ դեռ կհանգստանան մինչեւ օգոստոսի 8-ը: Ճամբարականների տեղափոխության ծախսերն այս տարի ևս հոգացել են քաղաքապետարաններն ու մարզպետարանը:
Առաջին հերթափոխով ««Լուսաբաց» ճամբար մեկնած կապանցի մի շարք երեխաներ վերադարձել են ճամբարից նախքան հերթափոխի ավարտը՝ խիստ դժգոհություն հայտնելով ճամբարի պայմաններից եւ պատասխանատուների վատ վերաբերմունքից: Նարեկ Անտոնյանի մայրը մեզ հետ զրույցում պատմեց, որ երեխային ճամբարից վերցրել է նախքան հերթափոխի ավարտը, եւ այդ օրը Նարեկին տեսել է շատ վատ վիճակում ու անդադար լաց լինելիս: Նրա պատմելով՝ մինչ այդ երեխայի հետ նույնիսկ հեռախոսով շփվել չի կարողացել. «Մեզ ընդհանրապես արգելել են երեխայի ձեռը հեռախոս դնել, շփվել հետները… մտածեցինք, որ շատ ուշադիր են, ծնողի նման կվերաբերվեն, եթե արգելում են, բաց ես էստեղից գնացել եմ հասել էնտեղ, որ երեխայիս նորմալ տեսնեմ, ուրախ տեսնեմ, սակայն շատ ահավոր վիճակում տեսա: Էնենց էր լացում, ասում էր՝ մամա, եթե դու էսօր չգայիր, ես վաղը փախնելու էի, արդեն պլանավորել էի: Ու մենակ ինքը չէր, երեխաներից մեկը նույնիսկ ուզեցել էր քցեր իրեն պատուհանից: Երեխուս էդ վիճակում տեսնելով՝ վերցրեցի, հետս բերեցի Կապան: Ինձ էնտեղ ասեցին՝ գրեք, որ բողոք չունեք, երեխուն երկրից հանում եք եւ դրա համար եք տանում ճամբարից: Անգամ ինձ նորմալ ձեւով վերաբերմունք չեն ցուցաբերել՝ որպես ծնող, շատ կոպիտ էին խոսում, շատ անմակարդակ, ես էդձեւ բան չէի տեսել ու ոչ էլ պատկերացում էի, որ էդձեւ կլինի ճամբարում», – ասաց տիկին Արմինեն: Ծնողի պատմելով՝ երեխաները 2 օր սոված են մնացել, նույնիսկ ծնողների կողմից երեխաների պայուսակներում դրած քաղցրեղենն էին հանել, իսկ 6 օր ճամբարում մնացած 11-ամյա իր տղան մյուսների նման ոչ մի անգամ չի լողացել: «Բացի այդ, չգիտեմ ջոկատավար Նարեկն ով էր, ծեծում էր երեխեքին: Հիգիենա չկար, 6 օր իմ երեխան էնտեղ էր, բայց այս ամառվա շոգին մի անգամ չի լողացել, չգիտեմ շատ վատ վիճակում եմ տեսել, եթե իմանայի այսպես է, չէի ուղարկի, առաջին անգամ էի ուղարկում՝ մտածելով, որ երեխեն կգնա նորմալ կհանգստանա…: «Լուսաբաց» ճամբարում նույնիսկ չթողեցին ներս մտնեմ, որ տեսնեմ երեխաս ինչ պայմաններում էր մնում: Ջոկատավար մի կնոջ ասեցի՝ եթե ամեն ինչ էդքան լավ ա, խի՞ չեք թողնում ներս մտնեմ, շատ կոպիտ պատասխանեց ու ներս չթողեց ինձ: Շատ ծանր հոգեկան վիճակում եմ բերել Նարեկին, ասում էր՝ մամա, ես ոնց որ գժվել եմ, անգամ տուն վերադառնալուց հետո 10 օր տնից դուրս չի եկել, որ ինքը սպորտի երեխա է ու հայաթներից տուն չէր գալիս», – պատմեց Արմինե Օվչյանը:
Նույն ճամբարից, հերթափոխը չավարտված, Կապան է վերադարձել նաեւ ճամբար մեկնած Գառնիկը՝ կրկին նույն վատ պայմանների պատճառով: «Երեխուն ջոկատավարը ծեծում էր, դրա համար գնացի բերեցի: Գառնիկի պատմելով՝ սկզբի երկու օրը սնունդ չեն տվել, ասել են ձեր բերած ուտելիքով յոլա գնացեք, որ չփչանա: Երեխեք կան, որ մի շաբաթ գնացել էին, բայց չեն լողացել, տենց երեխա կպահե՞ն, չեմ հասկանում: Նույնիսկ հեռախոսով չէին թողնում խոսեին մեզ հետ», -ավելացրեց Գառնիկի հայրը՝ Վաչիկ Հարությունյանը:
Սյունիքի մարզի Շամբ գյուղից ճամբար մեկնած Սարգիսը եւս վերադարձել էր հերթափոխի ավարտից շուտ: Սակայն ծնողը վստահեցրեց, որ կարոտի պատճառով են երեխային հետ բերել, ճամբարից ոչ մի դժգոհություն չուներ Սարգիսը, ով 8 օր ճամբարում էր մնացել: Գորիսի պետական համալսարանի ուսանողուհի Նոննա Միրզոյանը, գորիսեցի 5 ուսանողների հետ «Լուսաբաց» ճամբար էր մեկնել՝ որպես ջոկատավար: Ճամբար պրակտիկայի մեկնած 6 ուսանողներից 4-ը տեղում պայմաններին ու ռեժիմին ծանոթանալուց հետո, նույն օրն անմիջապես հետ է վերադարձել, իսկ խմբի ավագ Նոննան եւ իր հետ մեկնած մյուս ուսանողուհին հաջորդ օրն են լքել ճամբարը: Նոննայի պատմելով՝ ճամբարում բացակայում էին մնալու, երեխաների հանգստի կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ տարրական պայմանները. նորմալ սնունդ չէր տրվում, երեխաները քաղցած էին մնում, չկար հանգստի ժամերի կազմակերպման որեւէ պայման, իսկ ճամբարի պատերի ներսում տիրող ճնշող մթնոլորտից երեխաներն անընդհատ լաց էին լինում:
«Ես «Նաիրիտ» կոչվող կիսաքանդ մի մասնաշենքում էի, որտեղ մտածում էի ամեն պահի հնարավոր է պատերը քանդվեն: Վարագույր չկար, որ կարողանայինք փոխվել, իսկ սանհանգույցներից ինքս զզվել եմ օգտվել: ճաշիկի ժամին մատուցվող սնունդից երեխաների քաղցը չէր հագենում, նույնիսկ երեխաներ կային, որ բաժին չէր հասնում, իմ բաժինն եմ տրամադրել: Ռեժիմի համաձայն՝ 7 օրը մեկ էր թույլատրվում լողանալ, երեխաներին նույնիսկ չէր թույլատրվում ծնողների հետ հեռախոսով գոնե մի քանի բառ փոխանակել: Նրանք ամեն պահի լացում էին այդ ահավոր վիճակից, փորձում էի հոգեբանորեն նրանց սփոփել՝ հասկանալով ու իրենց դրության մեջ մտնելով, նույնիսկ մեկ երեխա բարձրացել էր պատուհանին, ուզում էր իրեն ցած նետել: Երեխաներից մեկը խնդրեց, որ իրեն գոնե մինչեւ Երեւան հասցնեմ, տուն էր ուզում գնալ», -նշեց նա ու շարունակեց նկարագրել իրավիճակը: «Տնօրենի 18-ամյա թոռը, ով ջոկատավար էր, իր 4 ընկերներին բերել էր էնտեղ, հանգստի ժամին երեխաների ներկայությամբ գարաժանման այդ վայրում ասում էր ձեռի ուժ չափեք, նույնիսկ իմ գնացած օրվա գիշերը ճամբարում են մնացել: Ի՞նչ իրավունք ունեն այդ օտար երիտասարդները, որ անչափահաս աղջիկների հետ նույն հարկի տակ պետք է գիշերեին, ուրիշ հանգստյան գոտի չկա՞ր, առավել եւս, երբ հարբած վիճակում էին գտնվում: Տնօրենի թոռն իրեն թույլ էր տալիս 300 երեխայի վրա գոռալ: Իսկ տնօրենը լավագույն մասնաշենքում նստած միկրոֆոնով մեզ վերեւից հրամայական ձեւով կանչում էր իր սենյակ, փոխադարձ հարգանքի մթնոլորտ չկար նրա կողմից…: Հաջորդ օրը, որ ես ու Գորիսից մեկնած մյուս ջոկատավար աղջիկը դիմում գրեցինք ու հեռացանք, նույնիսկ այդ ժամանակ տնօրենը չհետաքրքրվեց՝ ինչի՞ ենք հեռանում, ի՞նչ դժգոհություն ունենք, որովհետեւ նման շատ դիմումներ կային այնտեղ: Ասաց՝ փոշմանում եմ, որ ձեզ բերել եմ այստեղ: Մի խոսքով, շատ ահավոր էր…: Մենք փրկված ենք, բայց էնտեղ մնացող երեխաների համար ենք ուզում բողոքի այս ձայնը բարձրացնել», – տեղեկացրեց Նոննան, ով դեռ թվարկելու շատ բան ուներ ճամբարից:
Այս խնդրի վերաբերյալ զրուցեցինք նաեւ Սյունիքի մարզպետարանի կրթության բաժնի պետ Արսեն Գրիգորյանի հետ եւ պարզաբանում կստանանք նաեւ ճամբարի տնօրենից, որի մանրամասները կներկայացնենք հաջորդիվ:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ